
Արդյունավե՞տ է արդյոք տասնյակ ոլորտներում ստուգումներ անցկացնելը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկեց Վերահսկիչ պալատի 2014 թվականի ծրագիրը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով հաջորդ տարվա անելիքները, նշեց, որ ծրագիրը հանձնաժողովում քննարկվելուց հետո կներկայացնի նաև խմբակցությունների դատին, ինչից հետո այն կներկայացվի ԱԺ լիագումար նիստում:
Իշխան Զաքարյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատն առաջին անգամ է ներկայացնում նման հետաքրքիր թեմաներով ամփոփ ծրագիր: Թվարկելով այն բոլոր ծրագրերը, որտեղ ՎՊ-ն պատրաստվում է ուսումնասիրություններ անցկացնել, Ի.Զաքարյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք տասնյակ ոլորտներում ստուգումներ անցկացնելը արդյունավե՞տ է, երբ բացի Վազգեն Խաչիկյանից պատասխանատվություն կրած այլ պաշտոնյա չկա, վստահեցրեց. «Կան, այո կան»:
Փորձելով մտաբերել նման պաշտոնյաների անունները՝ ՎՊ նախագահն ասաց. «Կարծեմ՝ երկու-երեք հոգի Սևանի տարածքային կառույցում կա. հարկային մարմինների ստուգման ժամանակ կարծես կար նման բան: Մենք ՊԵԿ-ի հետ համատեղ վերահսկողություն իրականացրինք և կարծես մի քանիսը դրանով դատվեցին: Կան նաև բազմաթիվ այլ չինովնիկներ: Վերջիվերջո, մենք 28 գործ ուղարկել ենք Դատախազություն և ոչ մի գործ չի մերժվել: Հարուցվել են քրեական գործեր, գումարներ են վերականգնվել, պատիժներ կան…»: