Բաժիններ՝

Հովհաննես Բաբախանյան. «Ես մշտապես չեմ հեռացել»

Մեր զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ տաղանդաշատ դերասան Հովհաննես Բաբախանյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում՝ երևանյան հանդիսատեսին ներկայացնելով «Կոնտրաբաս» ներկայացումը:

– Արդեն 3 տարի է՝ բնակվում եք ԱՄՆ-ում: Այնտեղ արդեն հասցրել եք բազմիցս հանդես գալ համերգներով, ներկայացումներով: Տարբերություն զգո՞ւմ եք  Երևանի և Լոս Անջելեսի հանդիսատեսի միջև: Այնուամենայնիվ, Ձեզ որտե՞ղ եք ավելի լավ զգում:

– Հանդիսատեսի միջև չկա ոչ մի տարբերություն: Ընդհանրապես, հանդիսատես ասվածն այն երևույթն է, երբ տարբեր մարդիկ հանկարծ  ամբողջանում են մի ճաշակի, մի մտածողության շուրջ: Մարդիկ որոշել են այդ օրն անցկացնել քեզ հետ, ինչը նշանակում է, որ համամիտ են քո տեսակի հետ: Ընկալումը, այո՛, կարող է տարբեր լինել, և դրա համար ես ամեն անգամ փորձում եմ մի քիչ տարբեր խաղալ: Թատրոնի հրաշքը հենց նրանում է, որ դու ամեն անգամ հնարավորություն ունես ինչ-որ բան փոխել: Կինոյում քո խաղացած դերը չես կարող փոփոխել: Իսկ այն հարցին, թե որտե՞ղ եմ ինձ ավելի լավ զգում, իհարկե, այստեղ՝ Հայաստանում: Ես հայաստանցի եմ, այստեղ եմ ծնվել և մեծացել: Ընդամենը 3 տարի է, ինչ ԱՄՆ-ում եմ: Բայց պետք է ասեմ, որ ԱՄՆ-ում էլ ես ինձ  շատ լավ եմ զգում՝ հանդիսատեսի, ապրելու, աշխատելու, ստեղծագործելու առումով: Ես առաջին իսկ օրից այնտեղ ունեցել եմ իմ ստեղծագործական աշխատանքը:

– Հե՞շտ հարմարվեցիք ԱՄՆ-ի կյանքին: Ընդհանրապես, այնտեղ հե՞շտ է արվեստագետի համար:

Կարդացեք նաև

– Այո՛, հեշտ է, բայց հաճախ՝ անհատական: Կարևոր է, թե դու ի՞նչ արվեստագետ ես, ինչպե՞ս ես աշխատում և ի՞նչ ես ակնկալում: Ամեն բան կախված է Աստծո հաջողությունից. ոչ ոք թող մեծ-մեծ չխոսի: Հիմա ես էլ չեմ ցանկանա ասել, թե՝ գիտեք, ես գնացի և հասա հաջողությունների… Այո, հասա շատ բաների և դեռ հասնում եմ, ձգտումներ ունեմ, բայց այդ ամենն Աստծո հաջողությամբ է պայմանավորված:

– Մարմնավորել եք բազմաթիվ կերպարներ: Բայց կա՞ մի կերպար, որն ամենից հարազատն է ձեր էությանը:

-Այո՛, կոնտրաբասիստի կերպարը: Ինձ թվում է, որ այդ դերն իմ այցեքարտն է, Հակոբ Ղազանչյանի փայլուն նվերը՝ ինձ:

Babaxanyan1

– Դիտելով «Կոնտրաբաս» ներկայացումը՝ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջը փիլիսոփայություն է: Ո՞րն է ներկայացման  գլխավոր ասելիքը:

– Անհատականության կայացումը. անել մի բան, որը գոնե զատի քեզ մարդկանցից: Հերոսը մի մարդ է, ով նեղվում է՝ կոնտրաբասիստ լինելու համար: Նեղվում է, որ միշտ երրորդ շարքում է՝  ինչպես նվագախմբում, այնպես էլ՝ հասարակության մեջ: Կոնտրաբասիստն ասում է, որ արդեն ժամանակն է գործելու, մի քայլ անելու, որպեսզի կայանա: Նա արդեն 44 տարեկան է, մինչդեռ Շուբերտն իր տարիքին չհասնելով՝ մահացել էր, բայց հասցրել էր կայանալ, դառնալ Շուբերտ: Կան ահազանգեր, որոնք մարդու մոտ սկսվում են որոշ տարիքի հետ միասին:

– Ի՞նչն է Ձեզ ավելի հոգեհարազատ. ե՞րգը, թատրո՞նը, թե՞ կինոն:

– Ե՛վ երգը, և՛ թատրոնը, և՛ կինոն: Առաջ ես ասում էի, որ թատրոնն է ամենից հարազատը: Հետո, երբ ֆիլմերս շատացան, ասում էի՝ թատրոնն ու կինոն: Հիմա երգն էլ է շատացել իմ կյանքում. ԱՄՆ-ում ես հիմնականում երգելով եմ վաստակում: Դա ինձ օգնում է՝ արագ ճանաչվելու և ճիշտ կապեր ստեղծելու գործում: Երեքն էլ ինձ հարազատ են, երեքն էլ հանդիսատեսի հետ կապվելու հնարք են: Դերասանը շփման հիվանդ է, և, եթե ուզում ես, որ նա այլևս չլինի, պետք է նրան զրկես հանդիսատեսի հետ շփումից:

– Դուք կրկին կվերադառնա՞ք Հայաստան և մշտապես կապրե՞ք , կստեղծագործե՞ք այստեղ:

– Հարցն այն է, որ ես մշտապես չեմ հեռացել: Պարզապես, ցանկացած դերասանի երազանքն է Հոլիվուդում նկարահանվելը: ԱՄՆ-ը հրաշք երկիր է, և ես այնտեղ հնարավորություն ունեմ նկարահանվելու բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ: Ես փորձում եմ ժամանակ առ ժամանակ լինել նաև Հայաստանում, ինչի վառ ապացույցներից  է Երևանում այս օրերին բեմադրվող  «Կոնտրաբաս» ներկայացումը:

– Եվ վերջում, ի՞նչ կուզեիք ասել Ձեր հանդիսատեսին:

– Ուզում եմ նորից ու նորից ասել, որ շատ սիրում եմ քեզ, իմ սիրելի հանդիսատես: Այս ծափերը,  ջերմությունը, վերաբերմունքը, որ ես զգում եմ Երևանում, անփոխարինելի են ցանկացած դերասանի համար:

ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս