Բաժիններ՝

Ատամնաբուժարաններում վիրուսների տարածումը կարելի է կանխել ստերիլիզացիայի և հիգիենայի կանոնները ճիշտ պահպանելով

Վերջին շրջանում հաճախակի են դարձել բողոքներն այն մասին, որ մարդիկ ատամնաբուժարաններում վարակվում են հեպատիտ C-ով: Ատամնաբուժության ոլորտի որոշ խնդիրների և մարդկանց՝ այդ կապակցությամբ հաճախակի անհանգստությունների մասին զրուցեցինք բժիշկ-ստոմատոլոգ Լիլիթ Բալյանի հետ:

– Հեպատիտ C-ն  ինչպե՞ս կարող է փոխանցվել ատամնաբուժարաններից:

– Հեպատիտ C-ն անվանում են նաև «քնքուշ մահ», այսինքն՝ այն բերում է լյարդի բջիջների փոփոխությունների, որը երկար տարիներ կարող է չարտահայտվել: Այն հանգեցնում է լյարդի քաղցկեղի և ցիռոզի: Վիրուսը փոխանցվում է արյան միջոցով և սեռական ճանապարհով: Արյան միջոցով կարող է փոխանցվել ատամնաբուժարաններից, մատնահարդարումից, դաջվածքներ անելուց և բժշկական հաստատություններում արյան փոխներարկման և վիրահատությունների ժամանակ: Ատամնաբուժարաններից հիմնականում փոխանցվում է գործիքների միջոցով: Աշխարհում տարածված ամենավտանգավոր և մահացու վիրուսներն այստեղ կարող են դառնալ փոխանցման պատճառ հատկապես լորձաթաղանթի և կարիեսի տարբեր բարդությունների ժամանակ: Մենք հիվանդին նախապես հարցնում ենք, թե արդյոք ունի՞ քրոնիկ հիվանդություններ, բերանի լորձաթաղանթի հիվանդություններ: Այն հիվանդները, որոնք տեղյակ են, որ վարակված են հեպատիտ C-ով, B-ով, ՁԻԱՀ-ով կամ ՄԻԱՎ-ով, նրանց հանդեպ ավելի զգուշավոր ենք լինում: Բայց այս բոլոր վիրուսների տարածումը կարելի է կանխել՝ ճիշտ պահպանելով ստերիլիզացիայի և հիգիենայի կանոնները:

– Ստերիլիզացվում են միայն գործիքնե՞րը, թե՞ այն ամենը, ինչի հետ գործ ունի ատամնաբույժը:

Կարդացեք նաև

– Մեզ մոտ արյան հետ գործ ունենք, այն կարող է թռչել նույնիսկ բժշկի դեմքին կամ սեղանին, դրա համար պետք է անմիջապես ստերիլիզացում կատարել: Հեպատիտ C-ի դեպքում, որն արյան կաթիլի մեջ պահպանում է իր կենսունակությունը 16 ժամից երբեմն մինչև չորս օր, ճիշտ ստերիլիզացումը կբացառի վիրուսի տարածումը: Ստերիլիզացումը կատարվում է քիմիական և ջերմային եղանակներով: Օրինակ՝ հեպատիտը եռման ջերմաստիճանում ոչնչանում է երկու րոպեում, իսկ 60 աստիճան Ցելսիուսում՝ 30 րոպեում: Իսկ քիմիական ճանապարհով ոչնչացվում է անմիջապես: Քիմիական ստերիլիզացման ժամանակ հիմնականում օգտագործվում են հետևյալ նյութերը՝ լիզաֆարմին, սայդեքս, գիգասեպտ: Եթե գործիքը չախտահարվի` վիրուսը կմնա: Դրա համար ճիշտ ախտահարումը կարևոր է ինչպես՝ գործիքների դեպքում, այնպես էլ՝ այն ամենի, ինչից բժիշկն օգտվում է:

– Ի՞նչ վտանգներ կարող է ունենալ ատամների ճերմակեցումը քիմիական ճանապարհով:

– Ատամների ճերմակեցումը քիմիական ճանապարհով կարող է առաջացնել ատամների գերզգայունություն, որովհետև ատամների հյուսվածքների կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունենում: Եթե քիմիական նյութերը երկարաժամկետ ձևով են օգտագործվում, այդ դեպքում ավելի քիչ են փոփոխություններ առաջանում, իսկ եթե, օրինակ, մեկ շաբաթում փորձես հասնել մեծ արդյունքի, ապա ավելի շատ խնդիրներ կառաջանան: Ատամների սպիտակեցումն անհատական մոտեցում է պահանջում: Գերզգայունությունից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հիվանդներին՝ գոնե մեկ տոնի փոփոխություն անել, այլ ոչ 2 կամ 3: Եթե բերանում կան պլոմբներ, ապա սպիտակեցման դեպքում ատամի հյուսվածքը գույնը փոխում է, իսկ պլոմբը գույնը չի փոխում, այդ դեպքում հիվանդին զգուշացնում ենք, որ խնդիր է առաջանալու երանգների հետ կապված, և պլոմբը պետք է նորից արվի: Երբեմն լինում է, որ սպիտակեցնում ենք միայն ատամների երևացող մասերը:

– Գնային քաղաքականությունն ինչպիսի՞ն է. ամեն ատամնաբուժարան ի՞նքն է որոշում, թե՞ կան սահմանված գներ:

– Ստոմատոլոգիան բժշկության մեջ միշտ եղել է և մնում է թանկ վճարվող ծառայություն: Կան գնացուցակներ, որտեղ միջին հաշվարկներն արվում են և՛ ստոմատոլոգիական կլինիկաների, և՛ ապահովագրական ընկերությունների կողմից: Գները կախված են ոչ միայն տեղի շուկայից, այլև դրսի, որովհետև մեր սարքավորումներն ու նյութերը գալիս են դրսից, մենք տեղային արտադրության ոչինչ չունենք: Արտաքին շուկայում գներն օրեցօր բարձրանում են, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև մեզ վրա: Եթե այստեղ բժիշկն իր նյութերը, աշխատանքը գնահատի այնպես, ինչպես այլ երկրներում, ապա Հայաստանի բնակչության համար դա կդառնա անհասանելի ծառայություն: Բայց ամեն կերպ փորձում ենք ընդառաջել հիվանդին՝ ելնելով մեր երկրի սոցիալական ծանր պայմաններից:

– Ապահովագրությունը որքանո՞վ է մատչելի դարձնում ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելը:

– Պետական աշխատողների համար նպատակահարմար է ապահովագրություններից օգտվելը, որը տարեցտարի հնարավորություն է տալիս օգտվելու ավելի լայն ծառայություններից: Մեզ մոտ այն նոր է, ու դեռևս քիչ գումար է հատկացվում ընդհանուր փաթեթի համար, օրինակ, եթե հիմա մարդը վճարում է 2 ատամի բուժման համար, ապա մի քանի տարի հետո հնարավոր է՝ վճարի և՛ բուժման, և՛ ատամների շապիկների պատրաստման, և՛ ատամների հեռացման համար: Դա բավականին մատչելի և հարմար է: Ապահովագրված հիվանդն ավելի հանգիստ է դիմում բժշկին:

– Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:

– Ոլորտն ունի բազում խնդիրներ, որոնցից ամենակարևորներից է հասարակության որոշ խավերի համար ստոմատոլոգիայի լայն հնարավորություններից օգտվելու սահմանափակությունը: Սա այն ոլորտն է, որը մեծ ներդրումներ է պահանջում: Կան բազմաթիվ նորագույն սարքավորումներ, որոնցից բժիշկը ցանկանում է օգտվել, որոնք  և՛ աշխատանքը կհեշտացնեն, և՛ կբարձրացնեն որակը: Բայց եթե հաճախորդը վճարունակ չէ, դու աշխատում ես գոնե մինիմալ կերպով բավարարել նրան, ինչն, իհարկե, ազդում է աշխատանքիդ որակի վրա:

Հարցազրույցը՝ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս