Սամվել Շարբաթյանի գործով հարցաքննվեց Էդվարդ Խլղաթյանը

Նոյեմբերի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012 թվականի նոյեմբերի 18-ին «Մուշ»  ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:

Նիստին հարցաքննվեց դեպքի ականատես վկա Էդվարդ Խլղաթյանը: Դատարանի դահլիճում նրա ասածի և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներում առկա էր էական հակասություն: Դատարանում Խլղաթյանը մասնավորապես ասաց, որ ինքը վիճաբանություն չի տեսել, ամբաստանյալներից որևէ մեկին Շարբաթյանին հարվածելիս չի տեսել, նկատել է, որ Շարբաթյանն ընկած է գետնին, նրա վրա կռացած է մի անձ: Նրանցից ոչ հեռու կանգնած է ամրակազմ մեկը, մոտեցել և հեռացրել է նրան, ապա տեսել, որ Սամվել Դիլոյանն է: Նախատել է նրանց, ասելով` թողեք գնացեք, վաղը կգաք՝ կխոսենք: Նրանք էլ համաձայնել են ու գնացել: Նաև փաստվեց, որ Խլղաթյանի անվամբ նախաքննական բոլոր ցուցմունքներն արձանագրված են քննիչի կողմից: Վկան հայտնեց նաև, որ դեպքի օրը որևէ մեկը սպանելու մտադրություն չի ունեցել, ինչի մասին վկայում է մինչ այդ եղած ջերմ մթնոլորտը: Ցուցմունքներում առկա հակասությունները Խլղաթյանը պատճառաբանեց՝ քննիչին վստահելով և նրա գրառածը մինչև վերջ ուշադրությամբ չկարդալով:

Մեղադրողի` Լոռու մարզի դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանի դիտարկմանը, թե՝ քննիչը Ձեր բարեկամը չի, որ նրան վստահելով՝ չկարդաք ձեր ցուցմունքը` վկան հակադարձեց. «Իրենց (ամբաստանյալների.- Հ.Ս.) դուշմանն էլ չի»:

Նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների առնչությամբ Խլղաթյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին դատավոր Ն. Հովակիմյանը, դատախազ Պ. Մարտիրոսյանը, Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը, Արտակ Վերանյանի պաշտպան Մհեր Դավթյանը, տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը:

Որոշ հանգամանքներ համադրելով` Ռ. Հակոբյանը նկատեց և դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ Է. Խլղաթյանի հարցաքննություններն իրականացվել են քրեադատավարական օրենսգրքի կոպիտ խախտումներով, նրան բերման են ենթարկել՝ որպես կասկածյալի, սակայն հարցաքննել են՝ որպես վկա, չեն պարզաբանել լռելու և փաստաբան ունենալու իրավունքը: Հետագայում էլ հարցաքննության հրավիրել են ոչ թե ըստ կարգի` այն է` գրավոր, պատշաճ ծանուցագրով, այլ՝ հեռախոսազանգով (սա հաստատեց վկան): Խլղաթյանի տունը դեպքի հաջորդ օրը խուզարկվել է` նաև թմրամիջոց հայտնաբերելու նպատակով, որպիսի հանգամանքն այս գործի հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ, ուստի, ըստ պաշտպանի՝ Խլղաթյանի նկատմամբ  ճնշման նպատակ է հետապնդվել: Ի դեպ, Խլղաթյանը հաստատեց, որ իրոք ճնշում եղել է, և դա արտահայտվել է, այդ թվում, «Մուշը» «պլոմբելով»  և իր որդուն դեպքի առնչությամբ բերման ենթարկելով (ռեստորանային համալիրը գրանցված է որդու` Ազատ Խլղաթյանի անունով)  և մինչև լույս բաժնում պահելով:

Երբ Ռ. Հակոբյանի մատնանշած, իր կարծիքով՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ցուցմունքի վերաբերյալ դատարանը նրան վկային հարց ուղղելու հնարավորություն տվեց` պաշտպանը հայտնեց, որ անթույլատրելի ապացույցների վերաբերյալ հարց չի տալիս:

Դատախազ Պ. Մարտիրոսյանը նկատեց, որ Դատախազությունը՝ հանձին իրեն, գործի ելքով կանխակալ վերաբերմունք չի ունեցել: «Եթե եղել են խախտումներ, գրավոր դիմեք, որ պատշաճ ընթացք տամ»,- ասաց դատախազը: Ռ. Հակոբյանն էլ հակադարձեց. «Ձեզ նկատի չունեմ, Դուք չեք հսկել գործի ընթացքը: Ես համոզված եմ, որ եթե Դուք լինեիք հսկողություն իրականացնող դատախազը, այս մեղադրանքը չէր հաստատվի, և գործն այսպես չէր ուղարկվի դատարան»:

Գործի նյութերում Խլղաթյանին բերման ենթարկելու և քննչական գործողություններ սկսելու ժամերը ջնջումով էին ներկայացված, մինչդեռ արձանագրության դատախազի օրինակում ֆիքսված է եղել հարցաքննության այլ ժամանակ: Պաշտպանական կողմն այս հանգամանքի վրա էլ հրավիրեց դատարանի ուշադրությունը` հիշեցնելով, որ սա երկրորդ դեպքն է, երբ գործի նյութերում լրացուցիչ միջամտության դեպք է արձանագրվում:

Սամվել Դիլոյանը Պ. Մարտիրոսյանին միջնորդեց տրամադրել Է. Խլղաթյանի հարցաքննության արձանագրության` վերջինիս ձեռքի տակ եղած օրինակը, որ համեմատեն իրենց օրինակի հետ և պարզեն` ինչպես է կատարվել միջամտությունը:

Հղում անելով գործի նյութերին, որտեղ ասվում է, թե այս միջադեպի ժամանակ խախտվել է ռեստորանի բնականոն գործունեությունը` Ռ. Հակոբյանը Է. Խլղաթյանին հարցրեց` ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: «Ի՞նչ բնականոն գործունեություն, եթե ռեստորանը չի աշխատում»,- պատասխանեց վկան` հերքելով, որ այս դեպքով կարող էր խախտվել «Մուշի» բնականոն գործունեությունը:

Նախաքննական իր ցուցմունքներից մեկում վկան ասել է, որ երբ ինքը Դիլոյանին հեռացրել է Շարբաթյանի մոտից, վերջինս այնտեղ ներկաներին իբր ասել է` սատկացրեք դրան: Է. Խլղաթյանի և Ս. Դիլոյանի միջև տեղի ունեցած առերեսման ժամանակ, սակայն, Դիլոյանը պնդել է, որ ինքն ասել է՝ սաստեք, ոչ թե՝ սատկացրեք: Խլղաթյանն էլ չի բացառել, որ նա իրավացի է, և ինքն ուղղակի ճիշտ չի լսել, ինչը պնդեց նաև դատարանում:

Ռ. Հակոբյանն այս առնչությամբ ասաց. «Էն ցուցմունքը, որ տրվել է մեր ներկայությամբ` առերեսման ժամանակ, չորս հոգի են ներկա եղել` Խլղաթյանը, Դիլոյանը, ես և քննիչը, լրիվ այլ էր, դրանից հետո, երբ վկան կանչվել է լրացուցիչ հարցաքննության, քննիչի ձեռքով գրված ցուցմունքի բովանդակությունը լրիվ այլ է: Մեզ մոտ ինչ ասում է՝ ուրիշ է, մեզնից հետո` ուրիշ»:

Դատարանում Խլղաթյանի ասածի առնչությամբ Ռ. Հակոբյանն ասաց. «Առերեսման ժամանակ էլ նույնն է ասված, ինչ հիմա»: Պաշտպանը նկատեց, որ Դիլոյանի կողմից Շարբաթյանի հասցեին հնչած` սատկացրեք, սպանեք կամ նման արտահայտության մասին խոսք չկա նաև դեպքի ականատես վկա Հայկ Ասլիկյանի ցուցմունքում:

Պաշտպանական կողմի վերջին հարցին, թե, ի վերջո՝ ո՞ր ցուցմունքն եք պնդում` նախաքննակա՞ն, թե՞ դատարանում ասվածը, Խլղաթյանը պատասխանեց` իհա՛րկե դատարանում ասվածը: Թեև պնդեց, որ նախաքննական փուլում էլ ասել է նույնը, ինչ հիմա, սակայն քննիչն իր ասածն այլ կերպ է արձանագրել:

Արդեն գործով 2-րդ կարևոր վկան դատարանում տվեց նախաքննական ցուցմունքին բոլորովին հակասող դատաքննական ցուցմունքներ:

Մյուս վկաները կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց 2013թ. դեկտեմբերի 2-ին, ժամը  12:00-ին:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս