Բաժիններ՝

Արքայանարինջ՝ բուժում է ոչ միայն պտուղը (տեսանյութ)

Բույսի պատմական անցյալը
Խուրմա կովկասյանը (Diospyros lotus) երրորդական ժամանակաշրջանի բույս է, որը տարածված է եղել Արևելյան, Միջին Առաջավոր և Փոքր Ասիայի, Այսրկովկասի, բարեխառն և մերձարևադարձային խառը անտառներում` ծովի մակերեսից 600-2000 մետր բարձրության վրա։

Էբենազգիների ընտանիքի ծառ է, բարձրությունը կարող է հասնել մինչև 20-25 մետրի։
Ըստ չինական ավանդազրույցի` բույսին ի վերուստ շնորհվել են չորս բարեբեր հատկություններ. այն երկարակյաց է (200-500 տարի), ունի տարածված ստվերոտ սաղարթ, ծառի վրա բնավորվում և բազմանում են թռչունները, այն գրեթե չունի վնասատուներ։ Սակայն կա նաև հինգերորդ շնորհը` փայտանյութը շատ ամուր է` հագեցած դաբաղանյութերով, ունի գեղեցիկ կանաչավուն նախշեր. այլ էբենազգիների փայտանյութը սև է։

Էբենազգիներն արևադարձային բույսեր են. խուրմաներ` կովկասյանը, վիրջինիականը և արևելյանը` հավանաբար միլիոնավոր տարիներ առաջ «անջատվել» են իրենց բնօրրանից։ Խուրմա արևելյանի (արքայանարինջ) փայտանյութն այլևս չունի էբենազգիներին բնորոշ հատկանիշները։
Խուրմա կովկասյանն աճում է նաև մեր հայրենիքի խառը անտառներում կամ մշակվում է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում։

Երկտուն բույս է` մանր պտուղներով, որոնց տրամագիծը տատանվում է` 1-2,3 սմ, իսկ քաշը` 0,8-8,1 գ սահմաններում։

Կարդացեք նաև

Սերմերի քանակությունը նույնպես հաստատուն չէ (1-10 հատ)։ Ի տարբերություն պտղի` տերևները խոշոր են` 5-16 սմ երկարությամբ և 2,5-7,5 սմ լայնությամբ։ Երկտուն բույս է, արական ծաղիկները մանր են, աճում են փնջերով։ Իգական ծաղիկները խոշոր են, աճում են միայնակ, ունեն 4 առանձին սերմնարան։

Բույսի գիտական անվանումն է` Diospyros lotus, կապում են հունարեն «dios»=աստվածային և «pyr»-կրակ բառերի հետ։ Ըստ գիտնականների` խուրման, նույն ինքը` «աստվածային կրակի պտուղը», առասպելական լոտոփագոսների կղզում աճող լոտոսի պտուղն է։

Հոմերոսի հերոս Ոդիսևսը պատմում է. «Ես ուղեկիցներիցս երեքին ուղարկեցի իմանալու, թե ի՛նչ ժողովուրդ է բնակվում կղզում։ Սիրալիր ընդունելություն էին ցույց տվել նրանց լոտոփագոսները և քաղցր լոտոս էին տվել նրանց։ Հենց որ կերել էին այդ իմ ուղեկիցները, իսկույն մոռացել էին իրենց հայրենիքը և չէին կամեցել հայրենի Իթակե վերադառնալ` ուզում էին մշտապես մնալ լոտոփագոսների կղզում։

Բայց մենք ուժով նավ բերեցինք նրանց և կապոտեցինք, որ չփախչեն մեզնից։
Անհապաղ հրաման տվի ուղեկիցներիս` որքան հնարավոր է շուտ լքել կղզին, երկյուղ էի կրում, որ մյուսներն էլ քաղցրահամ լոտոս կուտեն և մոռացության կմատնեն հայրենիքը»։

Խուրմա կովկասյանի պտուղը սկզբից կանաչ է, հասունացման շրջանում` վառ դեղին կամ նարնջագույն, իսկ հասունանալուց հետո ստանում է մուգ մանուշակագույն երանգ և արտաքուստ շատ նման է փյունիկյան արմավի պտղին, որը հաճախ Բաղդադի խուրմա են անվանում։

xurma (5)

  • «Խուրմա» բառն ունի հին պարսկական ծագում և ի սկզբանե վերագրվել է արմավենուն։
  • Ըստ հավաստի տեղեկությունների` մոտ 2000 տարի առաջ չինացիները սկսել են մշակել խուրմա արևելյանը, որի մեկ պտուղը կարող է ունենալ մինչև 500 գ զանգված։ Հայտնի չէ, թե դա բնության մեջ աճո՞ղ տեսակ է եղել, թե՞ բուծվել է խուրմա կովկասյանից։
  • Պատմական փաստերը վկայում են, որ Չինաստանի սահմաններից դուրս խուրմա արևելյանը, կամ, ինչպես մենք ենք անվանում` արքայանարինջը, առաջին անգամ սկսել են մշակել 1850թ. Ճապոնիայում, այդ տեսակը կոչվում է «լավագույն պտուղ» (Diospyros kaki)։
  • 1889թ. Բաթումի բուսաբանական այգու հիմնադիր Ա. Ն. Կրասնովը խուրմա արևելյանի մի քանի ենթատեսակներ է բերել Հարավային Կոլխիդա։ Տեղաբնակները սկսել են մշակել դրանցից երկուսը.

– Սուր գագաթ ունեցող պտուղներ տվող տեսակը, որոնք ուտելի են դառնում միայն լիակատար հասունանալուց հետո. քաղում են, երբ տերևները կարմրում են և մասամբ թափվում են, և «խաչիան», որի գնդաձև պտուղն ուտելի է նախքան հասունանալը` երբ ստանում է շոկոլադե երանգ։ Հավանաբար այս տեսակից է բուծվել մեզ ծանոթ «կորոլյոկը»։
Կարևոր է իմանալ, որ Այսրկովկասում մշակվող արքայանարնջի ենթատեսակների համար որպես պատվաստակալ են օգտագործվել խուրմա կովկասյանի ծառերը։

Խուրմայի բուսաբանական առանձնահատկությունները և քիմիական բաղադրությունը
Արքայանարինջ. Ծառը կարող է ունենալ իգական, արական և երկսեռ ծաղիկներ։ Արական և իգական ծաղիկները կարող են աճել նույն կամ տարբեր ծառերի վրա. իգական կամ երկսեռ ծաղիկների սերմնարանը բաժանված է չորս հատվածների. եթե փոշոտվում են բոլոր սերմնարանները, ապա պտղի գագաթային մասում նկատելի են սև շրջանաձև զոլեր։ Մասնակի փոշոտման դեպքում զոլերը կարող են կազմել 90, 180 կամ 270 անկյունային աստիճանի աղեղներ (կամ այլ)։ Փոշոտման չափից է կախված նաև սերմերի քանակը և մասամբ` պտղամսի համը` տտիպության աստիճանը։
Պտղին տտիպ (խեղդող) համ հաղորդող տանինների քանակը փոփոխական է.

xurma (4)

  • խակ կորոլյոկի պտղամսում այն 17-23 տոկոս է կազմում, իսկ հասունացած պտղում` 0,13-0,81 տոկոս,
  • տտիպ տեսակներում տանինի քանակը չի նվազում 5,4 տոկոսից։

Պտղի հասունացման ընթացքում տանինները կազմում են չլուծվող միացություններ.

  • բազմասերմ տեսակներում (կորոլյոկ` 3 և ավելի սերմեր` ածխաթթվի ազդեցությամբ,
  •  անսերմ պտղում (կամ 1-3 սերմեր) տանինը միանում է պտղի սպիտակուցին,
  • գերհասունացած կամ պտղաչրի մեջ տանինների քանակը կտրուկ նվազում է։

Ճապոնիայում մշակվում են 25 տոկոս (և ավելի) տանին պարունակող պտուղներ, որոնցից ստացված մզվածքով դաբաղում են կաշիները և այլ իրեր, օգտագործում են ներկերի և լաքերի պատրաստման համար։

Խուրմա ճապոնական
Մեծ տատանումներ ունեն ոչ միայն խուրմա կովկասյանի պտղի չափերը, այլ նաև պարունակվող քիմիական նյութերի քանակությունը։ 100 գ պտղամսում պարունակվում է 6-10 մգ կալցիում, 60-160մգ կարոտին, 10-20 մգ ֆոսֆոր, 175 մգ կալիում, 2-6 մգ նատրիում, 0,3-3 մգ երկաթ, մինչև 50 մկգ յոդ և այլն։
Մանրապտուղ խուրմա կովկասյանը վերջին 2-4 տարիների ընթացքում դարձել է մի շարք երկրների գիտնականների մեծածավալ ուսումնասիրությունների առարկան.

  • Չինացիները հայտնաբերել են, որ պտղի 1 գրամ չոր զանգվածում պարունակվում է (45,5-287,5 մկգ) գալաթթու, որը ֆենոլային միացություն է, իսկ ֆլավոնային նյութերից գերակշռում է մերիցիտինը (2,75-3 մկգ)։ Այս նյութերն ունեն հակաօքսիդանտ և հակաուռուցքային հատկություններ։
  • Տրաբզոնի (Թուրքիա) գիտնականները հայտնաբերել են, որ սալիցիլի, 4-օքսիբենզոյի, վանիլինի, P-կումարի, ֆենոլային թթուների պարունակությունը պտղում փոփոխական է. հասնում է առավելագույնի սեպտեմբերի վերջում, իսկ հետո կտրուկ նվազում է։ Նման բան տեղի չի ունենում գալլաթթվի ֆենոլային միացության հետ, որի չափաքանակն անփոփոխ է մնում մինչև նոյեմբերի վերջը։
  • Թուրք գիտնականները լրջորեն ուսումնասիրում են տարբեր վայրերում աճող մանրապտուղ խուրմա կովկասյանի գենետիկ առանձնահատկությունները։
  • Պարսիկ գիտնականները հետազոտել են խուրմա կովկասյանի սերմը, որը նույնպես ունի հակաօքսիդանտ, հանգստացնող հատկություններ, կանխարգելում և բուժում է նեֆրիտը, մաքրում է արյունը։
  • Եգիպտացի և այլ ազգերի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է մանրապտուղ խուրմա կովկասյանի տերևի քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները։ Աշխատանքը կատարվել է Կալաբրիայի համալսարանի դեղաբանական համալսարանում, ուսումնասիրվել են Կահիրեի գյուղատնտեսական կենտրոնում աճող խուրմայի տերևները, որոնք հավաքել են բույսի ծաղկման շրջանում։

Ստացված դրական արդյունքներն ավելի քան ուշագրավ են և, միանշանակ, կունենան գործնական կիրառում։

Գիտնականներին հաջողվել է առանձնացնել տերևից թվով 8 ֆենոլային միացություններ.

  • գալլաթթվի սպիտակ ամորֆ փոշի,
  • գալլաթթվի մեթիլային եթեր (մեթիլգալլատ)` սպիտակ ամորֆ փոշու տեսքով,
  • էլլագի թթվի սպիտակ ոչ ամորֆ փոշի,
  • ֆլավոնային երեք նյութերի` կվերցետին, կեմպֆերոլ և միտիցետին ագլիկոններ` դեղին ոչ ամորֆ փոշու տեսքով,
  • ֆլավոնային երկու գլիկոզիդների` միրիցետին 3-0-բետա-գլյուկուրոնիդ և միրիցետին 3-0-ալֆա-ռամնոզիդ, դեղին ամորֆ փոշու տեսքով։

Բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տերևից ստացված պատրաստուկներն ունեն հակաօքսիդանտ, ցավազրկող և հակաբորբոքային հատկություններ։

Գիտնականները գտնում են, որ հակաօքսիդանտ նյութերի, հատկապես` կվերցետինի առկայությունը կանխարգելում է գլուտատիոնի սպառումը (սակավությունը) և ճարպերի օքսիդացումը լյարդում։ Հետևություն. տերևի ջրային և հատկապես սպիրտային թուրմերն ունեն լյարդը պաշտպանող հատկություն։
Պարզվել է նաև, որ հայտնաբերված ութ և այլ դաբաղող նյութերի համատեղ ազդեցության շնորհիվ կանխարգելվում է մի շարք քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում, դրանք են` COR-223, CaCo-2, C 32, ACHN, A375, A549, Xa-7D12, MCF-7, և NCaP (տե՛ս DOI, 10, 3923/ziphyto. 2009.1.12)։

Խուրմա կովկասյանի կիրառումը տարբեր ազգերի ժողովրդական բժշկությունում
Կովկասում պտուղն օտագործում են սկլերոզի, հիպերտոնիայի բուժման համար, պտղամիսը դնում են վերքերի, չիբանի վրա, նույն նպատակով օգտագործում են եռջրի մեջ ընկղմված թարմ տերևները։ Տերևից պատրաստված թուրմը խմում են թեյի փոխարեն.

  • 1թ/գ տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, ջերմապահի մեջ։

Խուրմայի դոշաբն օգտագործում են` որպես արյունաստեղծ, սրտի աշխատանքը լավացնող միջոց։

Թաիլանդում խակ պտղի թուրմն օգտագործում են` որպես որդաթափ միջոց։
Կորեացիներն օգտագործում են պտուղը` որպես հակաբորբոքային միջոց. բուժում են հազը, բրոնխիտը, էնտերոկոլիտը, դիզենտերիան։ Հիպերտիրեոզի դեպքում խորհուրդ է տրվում ուտել օրը 2-3-ական պտուղ կամ խմել 100-200 մլ թարմ հյութ։
Չինաստանում և Ճապոնիայում տերևի թունդ թուրմը (20 գ, 200 մլ ջուր) օգտագործում են լնդախտի դեպքում, քանի որ թարմ տերևը պարունակում է 2,7 տոկոս վիտամին C (չորացրածը` մինչև 3,5 տոկոս)։

Նոր հասունացող պտղի հյութն օգտագործում են աղիների ցուպիկի, պրոտեյի, միկոիդների, սալմոնելի, ոսկեզօծ ստաֆիլոկոկի դեմ։
Հայտնի է, որ խուրմա կովկասյանի պտղակոթունը և պտղակիցը պարունակում են զգալի քանակությամբ գլյուկոզա և ֆրուկտոզա, օլեանոլի, բետուլինի և այլ թթուներ։ Կոթոնով թրմված ջուրը և չորացրած փոշին օգտագործում են գիշերամիզության (օրը 3-7 գ) և զկրտոցի դեպքում։

Տարիներ առաջ մեր տան հարևանությամբ ապրում էր ազգությամբ թալիշ մի կին։ Նա պատմում էր, որ իր հայրենիքում կան խուրմա կովկասյանի ոչ մեծ անտառակներ։ Նրանից ինձ հիշատակ է մնացել հետևյալ դեղատոմսը.

  • Խառնեք խուրմայի պտղակոթուն և տերև (1։3), լվացեք հոսող տաք ջրի տակ։ 200 գ թարմ հումքը (150 գ չոր) լցրեք եռացող ջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, արծնապատ տարայում։ Անմիջապես կրակն անջատելուց հետո ավելացրեք 0,5 լ որակյալ տնական օղի, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։

Շարունակեք 1 ամիս, կարելի է կրկնել 10-15 օրից։
Թալիշուհին բուժաշխատող էր, նա կարծում էր, որ ոգեթուրմն ունի արյունը մաքրող, հակաբիոտիկ, առույգացնող հատկություններ։

Շարունակելի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս