
«Անթիլիասում Արամ Վեհափառի և Ռուսաստանի դեսպանի հանդիպման պատճառները մի քանիսն են». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Անթիլիասում այսօր տեղի է ունեցել հետաքրքրաշարժ հանդիպում: Նորություն չէ, որ Լիբանանում հավատարմագրված երկրների դեսպանները հաճախ այցելում են Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին և նրա հետ քննարկում ներլիբանանյան կյանքին և միջազգային օրակարգին վերաբերող թեմաներ: Օրինակ, Արամ Վեհափառի հետ պարբերաբար հանդիպել են Լիբանանում ԱՄՆ դեսպանները, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, եվրոպական և արաբական այլ երկրների դեսպաններ, նաև արտերկրում Լիբանանի դեսպաններ:
Հասկանալի է, որ այստեղ պատճառները մի քանիսն են: Նախ, Լիբանանում հայությունը ունի հիմնարար ներկայություն և այն ազգային փոքրամասնություն համայնքներից է, որոնք մասնակից են լիբանանյան քաղաքական ու պետական համակարգի կազմավորմանը և ունեն իրավական ստատուս: Իսկ Անթիլիասը հայկական համայնքում ունի բնականաբար իր հիմնարար նշանակությունն ու դերը:
Միաժամանակ, մեկ այլ հանգամանք է նաև ինքնին Արամ Առաջինի ֆիգուրը, այդ թվում նրա միջազգային գործունեության հանգամանքը, իսկ վերջին տարիներին այդ համատեքստում առավել ևս այն, որ նա ընտրվել էր եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ:
Բայց, համենայն դեպս տարիների ժամանակային կտրվածքով առաջին անգամ եմ տեղեկություն հանդիպում, որ Անթիլիաս է այցելել Լիբանանում Ռուսաստանի դեսպանը: Ավելին, նրա հետ է եղել նաև Սիրիայում ռուսական համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Ֆիլիպը:
Երկրորդ հյուրի ներկայությունը առավել ուշագրավություն է հաղորդում հանդիպմանը:
Ըստ տարածված տեղեկության, քննարկվել են Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցեր, նաև այլ թեմաներ, ընդհուպ միջազգային:
Ես ավելի հակված եմ մտածել, որ այդուհանդերձ բուն հարցը կարող էր լինել այսպես ասած միջազգայինը, մասնավորապես՝ Վատիկանի նոր գահակալի ընտրությունը:
Չմոռանանք, որ թե Կիլիկիո Կաթողիկոսի կարգավիճակի, թե առավել ևս Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահի կարգավիճակի բերումով Արամ Առաջինը հաճախակի հաղորդակցության մեջ է Վատիկանի հետ:
Դրանից զատ, Սուրբ Աթոռի նոր գահակալ Լեո 14-րդ Պապն ԱՄՆ ներկայացնող կարդինալ էր: Նրա ընտրությունից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Թրամպը հրապարակեց իր հայտնի կոլաժ-լուսանկարը՝ Պապի հանդերձանքով: Թրամպը նախօրեին Պապի ընտրության վրա ազդեցության վերաբերալ հարցին ի պատասխան վրդովվել էր, բայց նաև հիշեցրել, որ նոյեմբերի 5-ին իրեն ձայն տվածների 54 տոկոսը եղել են կաթոլիկներ:
Եվ հիշենք նաև, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի քվեարկությունից երկու օր առաջ:
Նոյեմբերի 3-ին Թրամպը հեռախոսազրույց էր ունեցել Արամ Առաջինի հետ: Իհարկե, Հայաստանում շատերը համարեցին, թե դրա նպատակը եղել է հայ համայնքին սիրաշահելը: Գործնականում սակայն, Թրամպը հայ համայնքին սիրաշահելու համար կարող էր գտնել շատ ավելի այլ ձևեր, քան հեռախոսազրույցը Արամ Առաջինի հետ:
Հեռախոսազրույցը թերևս պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ Կիլիկիո Կաթողիկոսը նախագահն է միջեկեղեցական մի կազմակերպության, որն ընդգրկում է մոտ 400 միլիոն քրիստոնյաներ ներկայացնող տասնյակ եկեղեցիների: Իսկ դավանական բաղադրիչը Թրամպի «երկրորդ գալստյան» համատեքստում ունի մեծ և էական ներգրավվածություն:
Հակված եմ մտածել, որ այս հանգամանքներն են Լիբանանում Ռուսաստանի դեսպանի և Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդի՝ Անթիլիաս ժամանելու գերակա մոտիվները, այն իրադարձությունների համատեքստում, որ ծավալվում են մերձավորարևելյան տիրույթում թե ռազմա-քաղաքական, թե բնականաբար դավանա-քաղաքական համատեքստով: Ի դեպ, գուցե սիմվոլիկ հատկանշականություն ունի այն, որ Անթիլիասում հանդիպումը տեղի է ունենում Թրամպի մերձավորարևելյան տուրնեի շեմին: Այն սկսում է մայիսի 13-ին: Թրամպը իհարկե չի այցելի Լիբանան կամ Սիրիա, այլ կլինի Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում և Կատարում: