
Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունները։ Այս մասին նշում է Риа Новости լրատվական գործակալությունը:
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան, Գազայի հատվածը և Ուկրաինան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Ռուբիոյի Թուրքիա կատարվելիք այցի մանրամասները։ Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 14-ից 15-ը Անթալիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Մի քանի ժամ առաջ Ֆիդանը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկա օրերին կկարողանան պայմանավորվել ուղիղ բանակցություններ սկսելու պայմանների շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մոսկվան և Կիևը տարբեր դիրքորոշումներ ունեն երկխոսության մեկնարկի հարցում։
Ավելի վաղ Թուրքիան խոսել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների նախապատրաստման մասին։