
Քաղաքացիների անունով միլիոններ են հանել բանկերից

Բանկային համակարգում վերջին շրջանում զեղծարարությունների պակաս չկա։ Վարկային շուկայի ակտիվացումն ակտիվացրել է նաև խաբեբաներին։ Գնալով ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր հայտնվում են զերծարարների թիրախում ու խարդախության զոհ դառնում։
Վարկերի նկատմամբ քաղաքացիների շրջանում ձևավորված բարձր պահանջարկն ու բանկերի ամեն գնով փող աշխատելու մոլուցքը բարենպաստ միջավայր է ստեղծել զեղծարարությունների համար։ Այդ իրավիճակից էլ փորձում են օգտվել խարդախները՝ տարբեր միջոցներով հասանելիություն ստանալով քաղաքացիների անձնական տվյալներին։ Դրանց հիման վրա քաղաքացիների անունով առցանց վարկեր են ձևակերպում, գումարները հափշտակում ու պարտավորությունները թողնում նրանց վրա։
Կենտրոնական բանկի գնահատումներով՝ զերծարարության հետևանքով քաղաքացիների կուտակած պարտավորությունները կազմում են բանկերի վարկային պորտֆելի 0,1 տոկոսը։ Քանի որ բանկերի վարկային պորտֆելը՝ ամենաթարմ տվյալներով, արդեն անցնում է 6 տրիլիոն դրամից, ստացվում է, որ խոսքն առնվազն 60 մլն դրամի մասին է։
Բանկերի համար 60 միլիոնը գուցե մեծ գումար չէ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին բանկային համակարգը լուրջ շահույթներ է ստանում, բայց քաղաքացիների համար դա մեծ բեռ է։
Խնդիրը նույնիսկ այնքան գումարը չէ, որքան այդ երևույթի վտանգավորության աստիճանը՝ բանկային համակարգի համար։ Քիչ չեն այն քաղաքացիները, որոնց շրջանում այս դեպքերի հետ կապված լուրջ մտահոգություններ, նաև կասկածներ են առաջացել՝ բանկային համակարգի անվտանգության ու իրենց ֆինանսական պաշտպանվածության առումով։ Եթե չհաջողվի հնարավորինս արագ վերականգնել վստահությունը՝ հետևանքներն անհամեմատ ավելի ծանր են լինելու, քան այն 60 մլն դրամը, որը զեղծարարությունների արդյունքում կախված է մնացել բանկերում՝ խաբված քաղաքացիների վրա։
Սա չի բխում բանկերի շահերից։ Ու որքան էլ թվում է, թե առաջին հերթին նրանք պետք է շահագրգռված լինեին խնդիրները հնարավորինս փափուկ ձևով հարթելու գործում, տպավորությունն այնքան էլ այդպես չէ։
«Մենք հորդորել ենք բանկերին`գտնել լուծման ճանապարհ, ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար: Հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են:
Այդ հարցը տրիվիալ հարց չէ, մենք հանձնառություն ենք վերցրել` նայելու ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր այս տիպի էպիզոդները, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում մեզնից, քանի որ ամեն քեյս յուրահատուկ է, ու դրանք բոլորը հատ առ հատ նայելու ենք»,- օրերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ինչո՞ւ է միայն հիմա Կենտրոնական բանկը որոշել հորդորել առևտրային բանկերին սառեցնել զեղծարարությունների հետ կապված քաղաքացիների վարկային պարտավորությունները, երբ կարող էր դա շատ ավելի վաղուց անել ու ոչ միայն՝ հորդորելով։ Առավել ևս, որ կարծես ոչ բոլոր բանկերն են հակված հետևելու Կենտրոնական բանկի հորդորին։
Պատահական չէ, որ խաբեության զոհ դարձած քաղաքացիները շարունակում են պարբերաբար բողոքի գործողություններ անել կառավարության ու Կենտրոնական բանկի դիմաց։ Պատրաստվում են շրջափակել նաև բանկերի մուտքերը՝ իրենց խնդիրներին լուծում տալու ակնկալիքով։ Պահանջում են չեղարկել խարդախությամբ ձևակերպված վարկերը։ Բայց Կենտրոնական բանկը կամ բանկերը հակված չեն գնալ դրան։ Նման մտադրություններ չեն երևում։ Կենտրոնական բանկն առայժմ միայն ստուգումներ ու ուսումնասիրություններ է սկսել խնդրահարույց բանկերում, որոնք հայտնի չէ, թե երբ կավարտվեն։ Այս փուլում դեռ փորձում են հասկանալ երևույթի պատճառները և լրացուցիչ պաշտպանական գործիքներ առաջարկել։
Չեն բացառում նաև միասնական պաշտպանական համակարգի կիրառումը։
«Հիմա մենք քննարկում ենք` կարող ենք մշակել մի ստանդարտ, որն ունիֆիկացված, միասնական, ներդրվի բանկային համակարգում` այս պահին այդ խնդիրները լուծելու համար։ Խնդիրը բարդության, խորության ու կարևորության մեջ է, որին մենք պետք է ադեկվատ արձագանք տանք։ Այն կարող ես լուծել, եթե քո դիագնոստիկան է ճիշտ»,- ասում է ԿԲ նախագահը՝ համարելով, որ Հայաստանում այս պահին կան նաև այնպիսի բանկեր, որոնք ծայրահեղ խիստ են մոտենում կիբեռանվտանգության հարցերին ու պահանջները նվազագույնից մի բան էլ ավել են բարձրացնել։
Գուցե դա է պատճառը, որ ոչ բոլոր բանկերի պարագայում է հնարավոր լինում զեղծարարությունների դիմել ու քաղաքացիներին կրակը գցել։ Բայց եթե անգամ մեկ բանկի հետ կապված խնդիր կա, այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որովհետև այդպիսի երևույթներն արագ տարածվելու հակում ունեն։ Ու եթե նման խնդիրներ են առաջացել, դրանք գալիս են առաջին հերթին՝ բանկերի, այսպես ասած՝ «բաց դռների քաղաքականությունից»։ Միշտ չէ, որ վարկերի տրամադրման արագությունն ու մատչելիությունը բխում է քաղաքացիների, նաև բանկերի շահերից։
Եթե անգամ քաղաքացիները զերծարարությունների այս թակարդում են հայտնվել միամտության կամ անտեղյակության պատճառով, այս ամենի պատասխանատվությունը պետք է կրեն շահառու բանկերը, որպեսզի ոչ միայն մտածեն հաճախորդների ֆինանսական պատշպանության պատշաճ կազակերպման ու ապահովման մասին, այլև ուշադիր և հետևողական լինեն վարկային միջոցների տրամադրման նկատմամբ։ Չպետք է տրվել գայթակղությանը և բավարարել ցանկացած պահանջարկ։
Տրամաբանական չէ, երբ նույն փաստաթղթերով մի բանկն անգամ 100.000 դրամի վարկ չի տրամադրում, իսկ մյուսը պատրաստ է ընդհուպ մի քանի միլիոնի վարկ տրամադրել։ Հետագայում նման վարկերն են, որ խնդրահարույց են դառնում։
Համատարած վարկավորման գայթակղությամբ է պայմանավորված, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ այսօր անհուսալի վարկեր ունեն բանկերի նկատմամբ։ Բանկերը գուցե մտածում են, թե ամեն դեպքում՝ բռնագանձումների միջոցով կամ այլ ճանապարհներով, հետ կստանան իրենց գումարները։ Բայց դա չէ առողջ բանկային համակարգի հիմքը։ Նման երևույթները թուլացնում են համակարգի հիմքերը։
Զեղծարարությունները, որոնց վերջին շրջանում բախվել են քաղաքացիները, ևս չարիք են բանկային համակարգի համար։ Ուստի, չպետք է մեղքը սրա-նրա վրա դնելով՝ փորձել խուսափել պատասխանատվությունից։ Պատասխանատուն բանկային համակարգն է ու Կենտրոնական բանկը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ