Բաժիններ՝

Ռիչարդ Մուրը աշնանը թողնելու է իր պաշտոնը․ ՄԻ6-ի նոր ղեկավարը առաջին անգամ կարող է լինել կին

Բրիտանական Times-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության՝ հանրահայտ ՄԻ6-ի նոր ղեկավարը առաջին անգամ կարող է լինել կին:

Ներկայիս ղեկավար Ռիչարդ Մուրը 2025 թվականի աշնանը թողնելու է իր պաշտոնը:

Ըստ թերթի տեղեկության, ՄԻ6-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են երեք կանայք, որոնք անցել են ընտրության այսպես ասած եզրափակիչ փուլ:

Կանանցից երկուսը աշխատում է հենց հետախուզական ծառայությունում, սակայն թե ովքեր են նրանք, թերթը չի մանրամասնում: Իսկ ահա երրորդի անունը նշվում է: Նա Բարբարա Վուդվորդն է, որը ներկայումս զբաղեցնում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Վուդվորդը նաև եղել է Բրիտանիայի դեսպանը Պեկինում՝ 2015-20 թվականներին:

Ռիչարդ Մուրը, որ ներկայումս է ղեկավարում ՄԻ6-ը, իր պաշտոնը ստանձնեց հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերին, այն ժամանակ, երբ ընթանում էր Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ: Ինչպես հայտնի է, Ռիչարդ Մուրն էլ եղել է դեսպան: 2014-17 թվականներին նա եղել է Անկարայում Բրիտանիայի դեսպանը և այդ տարիներին հասցրել է բավականին լավ, մտերիմ հարաբերություն ձեւավորել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, համենայնդ դեպս դատելով միջազգային մամուլի հրապարակումներից:

Նաև նշեմ, որ 2020 թվականի ամռանը, երբ հայտնի դարձավ, որ ՄԻ6-ի նոր ղեկավարի համար ընտրվել է Մուրի թեկնածությունը, այդ փաստը մեծ ոգեւորությամբ էր արձանագրում ադրբեջանական մամուլը,, ընդ որում մատնանշելով ոչ միայն Էրդողանի հետ նրա մտերմության հանգամանքը, այլեւ այն, որ այդ ընթացքում Մուրը հասցրել է լավ հարաբերություն ձեւավորել նաեւ Ալիեւի հետ, համենայն դեպս ըստ ադրբեջանական քարոզչամիջոցների:

Իր պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Մուրը առնվազն երկու հրապարակային շփում է ունեցել Հայաստանի հետ: 2022 թվականի դեկտեմբերին Մուրը այցելեց Հայաստան: Ի դեպ, այդ այցը Լաչինի միջանցքի արգելափակումից մի քանի օր անց էր:

Այցի վերաբերյալ առանձնապես մանրամասներ հայտնի չեն դարձել: Իսկ 2024 թվականի փետտրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյան-Մուր երկրորդ հանդիպումը, կամ համենայն դեպս՝ երկրորդը, որի մասին հայտնի է դարձել հանրայնորեն»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

https://t.me/badalyanrakurs

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս