Բաժիններ՝

Բիոպսիա իրականացնելուց հետո ուռուցքը չի փոխում տեսակը և չափը. բժիշկ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում վերջին տարիներին ամենաշատ հանդիպող ուռուցքներից է, սակայն վաղ հայտնաբերման դեպքում այն հնարավոր է լիարժեք բուժել և բուժառուին վերադարձնել բնականոն կյանք: Կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու լավագույն մեթոդն այսօր համարվում է մամոգրաֆիկ հետազոտությունը, իսկ գոյացության ճշգրիտ տեսակը ախտորոշելու  մեթոդը՝ բիոպսիան:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար, ռադիոլոգ Նունե Մաշուրյանի հետ զրուցել ենք, թե ե՞րբ է պետք իրականացնել մամոգրաֆիա և ո՞ր տարիքից, ո՞րն է ուլտրաձայնային հետազոտության և մամոգրաֆիայի տարբերությունը,  ո՞րն է նախընտրելի, ի՞նչ է բիոպսիան և ի՞նչ միֆեր կան այս հետազոտության շուրջ:

Մասնագետը նշեց՝ կա մամոգրաֆիայի մի քանի տեսակ, սակայն կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար ոսկե ստանդարտը համարվում է ռենտգեն մամոգրաֆիան, որը ցուցված է  40 տարեկանից բարձր և գանգատներ չունեցող  կանանց: Սակայն միշտ չէ, որ միայն այս մեկ մեթոդը բավարար է լիարժեք հետազոտելու կրծքագեղձը, քանի որ, ըստ մասնագետի, գրեթե չի հանդիպում նույն կառուցվածքի երկու կրծքագեղձ, և տարբեր բուժառուների պարագայում հետազոտությունները կարող են լինել տարբեր:

Մասնագետի խոսքով՝ մինչև 40 տարեկանը հետազոտությունն անցնելու ցուցումներ են կնոջ մոտ գոյացության առկայությունը կամ ուլտրաձայնային  հետազոտությամբ որևէ փոփոխության հայտնաբերումը:«Մամոգրաֆիկ հետազոտությունից հետո հաջորդ կարևոր քայլը հայտնաբերված գոյացության տեսակը որոշելն է, ինչն արվում է բիոպսիայի միջոցով»,-նշեց Մաշուրյանը՝ հավելելով, որ, չնայած այս մեթոդի կարևորությանը, կան մի շարք միֆեր, որոնք բացարձակ իրական չեն:

«Այս հետազոտությունն իրականացվում է որոշելու համար ուռուցքի տեսակը և ենթատեսակը, որպեսզի հնարավոր լինի  կազմակերպել բուժման պլանը, այլապես ոչ մի ուռուցքաբան չի կարողանա բուժել, եթե  հստակ չիմանա ինչ գոյացություն է: Այս մեթոդն այսօր լավագույն բուժման գրավականն է համարվում:

Ինչ վերաբերվում է միֆերին, ապա նշեմ՝ շատերի մոտ նույն հարցն է, թե արդյոք բիոպսիայի դեպքում ուռուցքը չի ագրեսիվանա և չի փոխի տեսակը:

Շտապեմ ասել, որ սա միայն միֆ է, այլապես ամբողջ աշխարհում դա չէին կիրառի. այն հնարավորություն է տալիս բարորակ ուռուցք հայտնաբերելիս՝ խուսափել վիրահատություն իրականացնելուց, հակառակ դեպքում բոլոր հայտնաբերված գոյացությունները կենթարկվեին վիրահատության»,- ասաց բժիշկ Մաշուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս