
Վրաստանում վառելիքի էժանացում է կանխատեսվում

Վրաստանում վառելիքի էժանացում է սպասվում. վառելիքը կէժանանա մինչև 20 թեթրի, BusinessPressNews լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Իոբաշվիլիի՝ վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գինը նվազել է 13-15 թեթրիով, ինչը մայիսի 8-ից սկսած արտացոլվել է խոշոր ընկերություններում։ Իոբաշվիլին ասել է, որ դրական սպասումներ ունեն:
Նրա դիտարկմամբ՝ վերջին շաբաթների միջազգային միտումները կայունացման ուղղությամբ են գնում, ինչը համապատասխան ազդեցություն կունենա վառելիքի գների վրա։ Նա նշել է՝ Վրաստանը վառելիքի առումով լիովին կախված է արտաքին գործոններից:
Նավթ ներմուծողների միության նախագահը նաև ընդգծել է, որ եթե ներկայիս միտումները շարունակվեն, առաջիկա շաբաթներին գների անկում է սպասվում։
«Ես նաև կասեի, որ եթե վերջին շաբաթների միտումը շարունակվի նույն տեմպերով, սպասվում է գների հետագա անկում և կարող է նույնիսկ առաջիկա շաբաթներին հասնել 20 թեթրիի։ Սա բոլորի շահերից է բխում, այդ թվում՝ վառելիքի մանրածախ վաճառողների, քանի որ երբ գները նվազում են, սպառումն աճում է»,- ասել է Իոբաշվիլին։