Բաժիններ՝

Խոստումնալից հանդիպում Հանրային հեռուստատեսության տնօրինության հետ

Օրերս Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպումը՝ ոլորտի հարցերով մտահոգ մի քանի մտավորականների հետ, տեղի տվեց լրջագույն մտորումների, որոնք կցանկանայինք ներկայացնել լայն հանրության ուշադրությանը:

Գաղտնիք չէ, որ մեր պետական և մասնավոր հեռուստաընկերությունների մատուցած ծրագրերից միանգամայն իրավացիորեն դժգոհ են հասարակության լայն շերտեր և հատկապես մտավորականությունը: Ավելին՝ վերջիններիս բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները մնում էին  անարձագանք, ինչի պատճառով արդեն շատերիս մեջ մարել էր հեռուստատեսության հետ կապված դրական փոփոխությունների հույսը:

Նշյալ հանդիպումը, սակայն, ամբողջովին հեղափոխեց մեր կարծիքն առ հեռուստատեսություն, ավելի կոնկրետ՝ Հանրային հեռուստատեսություն: Անաչառության համար՝ նշենք, որ մեր կողմից արդեն նկատվել էին Հանրային հ/տ-ն շրջանակներում իրականացված լրջագույն փոփոխությունները, որոնց արդյունքում եթեր են մուտք գործել հայրենաճանաչողական, գեղագիտական, կրթադաստիարակչական մի շարք ծրագրեր, և մեր հանդիպումն ավելի շատ նպատակ ուներ որոշ առաջարկների ու մտքերի փոխանակմամբ շարունակական դարձնել սկսված գործընթացը:

Հանդիպման շրջանակներում հատկապես կարևոր ենք համարում ներկայացնելու Հանրային հ/տ-ան նորանշանակ գործադիր տնօրեն Մ. Գրիգորյանին, այդ ինտելեկտուալ, լայն աշխարհայացքով գործչին և, վերջապես՝ հայ կնոջը, որն իր պետական պատասխանատու գործի, տարբեր հաղորդումների մասին խոսելիս մեծ կարևորություն է տալիս ընտանիքին և մանուկների ճիշտ դաստիարակությանը: Հանդիպմանը հյուրընկալվող կողմի ներկայացուցիչներս հաճելիորեն բացահայտեցինք, որ մեր հետ տարված և հեռուստաեթերի է’լ առավել բարելավմանը վերաբերող գրեթե բոլոր առաջարկները կամ արդեն կիրառման ընթացքի մեջ էին, կամ գտնվում էին ակտիվ քննարկման փուլում:

Ի վերջո` հեռուստատեսությունը պետք է դաստիարակի հասարակությանը, այնինչ, մեր օրերում ոլորտի շատ ներկայացուցիչներ շարժվում են ոչ թե այս առաջնորդողով, այլ` իրենց առջև խնդիր են դրել, ի ցույց դնելով մեծ լսարանի առկայությունը, ամեն գնով գրավել վարկանիշային բարձր տեղ: Իսկ ո՞վ է ասում, թե ամենաշատ նայվող հաղորդումը ամենապահանջվածն է, հետևաբար` ամենաօգտակարը: Բերենք մի օրինակ. փողոցում կիսամերկ ծամածռություններ անող մեկի շու՞րջն է ավելի բազմամարդ, թե՞, օրինակ, այն մարդու շուրջը, որը խոսում է ինչ-որ լուրջ թեմայով: Ցավոք, մեր հեռուստատեսություններից շատերը, ձգտելով լսարան գրավել, շատ հաճախ հայտնվում են այն կիսամերկ ծամածռվողի կարգավիճակում, որի օգտակարությունը հասարակության համար զրոյական է, էլ չենք խոսում վնասակար լինելու մասին:

Ահա վերն ասվածի, այն է` հեռուստատեսությունը որպես հանրության դաստիարակման կարևորագույն միջոց դիտելու, և, դրանով իսկ, հանրությանն իր հետևից տանելու  հանգամանքն էր, որ կարմիր թելի նման անցնում էր Մ. Գրիգորյանի խոսքի միջով: Նշենք ևս մեկ ուրախալի փաստ. Մ. Գրիգորյանն ու Հանրային հ/տ-ն ղեկավար անձնակազմն այս հույժ պատասխանատու գործի մեջ են ներգրավել մի շարք ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ` արտերկրում բնակվող անվանի մտավորականների` մշակութաբանների, ազգագրագետների, պատմաբանների, երաժշտագետների և այլոց, որոնց ոչ միայն մասնակցությունը ծրագրերին, այլև ներկայությունը հեռուստաէկրաններին մեր եթերային կյանքում լրջագույն դրական տեղաշարժերի հույսեր են արթնացնում: Վերջիններիս մասնակցությամբ Հանրային հ/տ-ը առաջիկայում ծրագրում է եթեր տալու հայոց պատմությանը, հայ ազգագրությանը և ընդհանրապես` հայաճանաչությանը, հայոց  լեզվին և խոսքարվեստին, ՀՀ բնակավայրերի տարաբնույթ խնդիրներին, սփյուռքի հիմնահարցերին, գեղագիտական ուսմունքին, գեղարվեստական արժեքներին վերաբերող հաղորդումներ, մանկական դաստիարակիչ ծրագրեր և այլն, որոնցից շատերի ֆինանսական աղբյուրները դեռևս փնտրվում են:

Եվ ամենակարևորը` Հանրային հ/տ-ան նորաստեղծ ղեկավարության մեջ պարզորոշ կերպով նկատվում է պատասխանատվության զգացումը, գիտակցումն առ այն, թե ինչպիսի պատմական առաքելություն է դրված իրենց ուսերին, ինչպիսի արժեքային համակարգի կրող են հանդիսացել և ինչ քաղաքակրթական ավանդ են թողել իրենց նախնիները, և ինչ են պարտավոր իրենք փոխանցելու ներկայիս և ապագայի սերունդներին:

Վերոբերյալ մեր ակնարկով ներկայացնելով Հանրային հ/տ-ն նոր և խոստումնալից եթերային ուղեգիծը,  բնութագրելով տնօրինության դավանած արժեհամակարգը, մեր նպատակն է կոչ անել մի շարք հեռուստաընկերությունների` հետևել Հանրայինի օրինակին և ձգտել այսուհետ լսարան գրավել ոչ թե ազգային և բարոյական արժեքների ոտնահարման, հանրության գիտակցությունը հիպնոսացնելու ճանապարհով, այլ` իրական արժեքների քարոզման,  նոր սերնդին  քաղաքակրթական ավյուն հաղորդելու միջոցով:

Վահե Սարգսյան
Պատմական գիտությունների թեկնածու

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս