«Պետք է տեղափոխվենք այն դաշտ, որտեղ անվտանգության խնդիրը լավագույնս կլուծվի». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումը ոչ Ասոցացման համաձայնագրի, ոչ էլ Մաքսային միությանը անդամակցելու տարբերակն է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Արմեն Ռուստամյանը նշեց, թե Հայաստանը նվազագույնը գոնե այդ սահմանը չպետք է սխալներով անցնի, որպեսզի երկու կառույցներից էլ «չընկնի, չհայտնվենք անօգնական, միայնակ, մեկուսացած վիճակում»: Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանը հնարավորություն ուներ ճիշտ ուղղությամբ դնելու հարցերը, Եվրոպային, Ռուսաստանին բացատրելու՝ որ ուղղությունն է մեզ համար կենսական. «Եթե մենք շարժվենք այն տրամաբանությամբ, թե ո՞րն է մեզ համար կենսական անհրաժեշտության խնդիր, որ լուծել է պետք… Իսկ լուծել պետք է ցանկացածի հետ մեր հարաբերություննեը ամրապնդելով: Օրինակ, Իրանի հետ մեր հարաբերությունները չի ողջունում Ամերիկան, բայց իրենք հասկանում են, որ մենք կենսական անհրաժեշտություն ունենք իրենց հետ հարաբերություններ կառուցելու համար: Մեր ընտրությունը պետք է մեր  նվազագույն, կենսական անհրաժեշտությունց բխի, և հասկանան, ըմբռնեն»:  Նա հիշեցրեց, որ իրենք հայտարարել են՝ Մաքսային միությանը անդամակցելու «այլ ճար չկար», ապա նշեց, թե գնալով այս ուղղությամբ՝ Հայաստանը լուծում է, մասնավորապես, անվտանգության խնդիրը, որը լինելիության աստիճանի հարց է: Բայց ՀՅԴ խմբակցության ղեկավարը միաժամանակ նշեց. «Այն դաշտում, որտեղ անվտանգության խնդիրը լավագույնս կլուծվի, պետք է այդ դաշտ տեղափոխվենք, ու ոչ մեկ չի կարող մեզ մեղադրել: Մենք Եվրոպայի առաջ չենք դրել, որ անվտանգության հարց ունենք, որ մեզ պետք են արտոնություններ, որովհետև սահմանափակված տիրության մեջ ենք զարգանում, որ մեզ տնտեսական արտոնություններ են պետք: Երբ այսպես ես դնում հարցերը՝ դառնում ես գործընկերոջ համար հասկանալի զրուցակից»: Մեջբերելով Ուկրաինայի օրինակը` Արմեն Ռուատմայնը նշեց, թե Ուկրաինան ևս  հայտարարում է, որ իրենց ոչ մեկ չփոխհատուցեց ՌԴ հարաբերությունների խզմամբ պայմանավորված կորուստները, ուստի իրենք չեն կարող խզել իրենց հարաբերությունները:

«Եթե ուկրաինան չի կարող խզել, բա Հայաստանն ի՞նչ անի: Բնականաբար, մենք հիմա պետք է Եվրոպային էլ ասենք, որ սխալ վարվեցին՝ Հայաստանին մղելով այլընտրանք չլինելու դաշտը»: Նա նշեց, որ հնարավոր է՝ Ուկրաինան ստորագրի երկու փաստաթղթերն էլ՝ թե Ասոցացման համաձայնագիրը, թե ՄՄ անդամակցության մասին որոշումը. «Ուկրաինան կստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ,  առևտրային հարվածի տակ է, որովհետև հստակ է խնդիրը դրված, որ իրար հետ համատեղելի չեն այս կառույցները: Եթե  պարզվի, որ համատեղելի են, հարց կառաջանա՝ բա՞ Հայաստանն ինչո՞ւ չստորագրեց: Կամ պետք է նստեն և համատեղելի դարձնեն այն, ինչ համարվում էր մինչ օրս անհամատեղելի, բայց չեմ կարծում, որ մինչև Վիլնյուս դա կհաջողվի, կամ էլ… »:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝  բացառված չէ, որ Ասոցացման գործընթացը վերանայման ենթարկվի, ինչը դրական կլինի նաև Հայաստանի համար, քանի որ և-և տարբերակը կդառնա իրագործելի:

Տեսանյութեր

Լրահոս