Բաժիններ՝

Բյուջեի խորհրդարանական հոշոտումները

«Բյուջե 2014»-ի խորհրդարանական քննարկումները սպասվածից պասիվ ընթացան: Մենք վաղուց ենք համակերպվել նման պատկերի հետ: Սակայն չի կարելի պնդել, թե խորհրդարանական քննարկումները որևէ բան չբացահայտեցին:

Պարզապես հարկավոր է շատ ուշադիր հետևել թե՛ բյուջեն ներկայացնող չինովնիկների, թե՛ խորհրդարանականների խոսքերին: Բյուջետային քննարկումների առաջին էտապում թվում էր, թե խորհրդարանը լուռ ու մունջ «կդակի» օրենքի նախագիծը: Ակնհայտ այդ կարծիքին էր նաև նախագծի հեղինակներից մեկը` ֆինանսների նախարարը:

Բայց երեկ քննարկումները տարօրինակ ընթացք ստացան: Նախարարը ստիպված էր պատասխանել ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների «տհաճ» հարցերին: Նույնիսկ խորհրդարանի խոսնակին էր կասկածելի թվում նախագիծը: Նրան հետաքրքրում էր, թե ինչ հիմքով է կառավարությունը ենթադրում, որ 2014թ. արտահանումը դոլարային արտահայտությամբ կաճի 4 տոկոսով:

Հատկապես, որ, ըստ ԱԺ նախագահի` կառավարության 2013-ի նմանատիպ կանխատեսումները չեն իրականանում: Երբ կառավարության անդամներին նման հարցերով դիմում են շարքային պատգամավորները, նախարարները «սրամիտ» պատասխաններով սեփական ինտելեկտուալ առավելություններն ի ցույց դնելու առիթը բաց չեն թողնում:

Հիմա պարագան այլ էր, և ֆինանսների նախարարը ստիպված էր հայտարարել, որ «Կառավարությունը որոշակի մեթոդիկա ունի, որով կանխատեսումներ են արվում»: Հայտարարեց, բայց չբացատրեց այդ` «կառավարական մեթոդիկայի» առանձնահատկությունները: Հավանաբար նաև այն պատճառով, որ վերջին տարիների փորձից ելնելով` կառավարության անդամները խորհրդարանական քննարկումները ձևական գործընթաց են համարում: Սակայն, որքան էլ տարօրինակ էր, երեկ ֆինանսների նախարարին կոնկրետ հարցեր էին տրվում: Հարցեր, որոնցից (մաֆիոզ բառապաշարով ասված) նա չէր կարող հրաժարվել:

Ամենահետաքրքիր դրվագը կապված էր բյուջեի դեֆիցիտի ծավալին վերաբերող հարցերին: Երբ Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ, «Եթե միջազգային վարկային ծրագրերով նախագծերի կատարման արժեքը նախատեսվածից բարձր լինի, կառավարությունը կարող է դեֆիցիտն ավելացնել», լսողները հասկացան, որ ոչինչ հասկանալ հնարավոր չէ: Իսկապես ինչպե՞ս կարելի է կասկածել, որ ՀՀ ֆինանսների նախարարը ստույգ չգիտի «միջազգային վարկային ծրագրերը»:

Գոնե մեկ տարվա կտրվածքով: Այդ պարագային կանխատեսումների «կառավարական մեթոդիկայի» մասին հնչեցրած նախկին մտքերն առասպելի կամ ֆանտաստիկայի պես բան են դառնում: Բայց որպեսզի իրեն լսող հատուկենտ խորհրդարանականները ոչնչատեսության (նիհիլիզմ) գիրկը չընկնեն, շտապ-շպապ ավելացրեց, որ դրանից բացի` կառավարությունն «առավել ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականություն կվարի»:

Այսինքն` եթե միջազգային վարկերը նախատեսվածից քիչ լինեն, կամ` եթե նախկին վարկերի դիմաց իրենց իսկ նախատեսված մարումներից ավելի շատ փող պահանջվի, ապա կառավարությունն ավելի ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականության կանցնի: Ահա թե ինչպես մեկ նախադասության մեջ ֆինանսների նախարարը քանի բացահայտում արեց: Փաստորեն, ասածից կարելի է ենթադրել, որ ֆինանսների նախարարը դեռևս ստույգ չգիտի եկող տարվա մեր բյուջեի միջազգային վարկային «տալիք-առնելիքը»:

Երիտասարդ նախարարին սա կարելի է ներել: Մարդը դեռ կես տարի է, որ նախարար է: Բայց պարզ չէ, թե որքան ներողամտություն կհայցեն «Բյուջե 2014»-ի նախագծի մյուս հեղինակները` պաշտոնավարման իրենց բազմամյա ու հարուստ փորձով:

Հատկապես, որ նրանցից ոչ ոք այդքան միամտություն չէր ունենա հայտարարելու, որ կառավարությունը` դժվարությունների բախվելու դեպքում, կանցնի «ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականության»: Այն, որ Հայաստանում խիստ ուղղորդված հարկաբյուջետային քաղաքականություն է վարվում` գիտեն բոլորը:

Պարզ տնտեսվարողից` մինչև ամենասովորական քաղաքական գործիչ: Ի վերջո, հասարակության աչքի առջև են հարկվող ու չհարկվող օլիգարխներն ու մեծահարուստները: Պաշտոնական տեղեկատվությանը հետևողները տեսնում են, թե որ տնտեսվարողից որքան հարկեր են գանձվում: Բայց, որ այդ մասին բացեիբաց կխոսի կառավարության անդամը` անսպասելի էր: Եվ այս անսպասելին երկու հնարավոր պատասխան ունի: Այն հնարավոր է բացատրել նախարարի անփորձությամբ: Կամ էլ` դա (արդի հայերենով ասած) մեսիջ էր տնտեսվարողներին:

Մեսիջ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ` «Մուծեք հարկերը մեր նախատեսած ծավալներով, այլապեսգ»: Հատկապես, որ բյուջետային քննարկումների ժամանակ մեր ֆինանսների նախարարը չթաքցրեց, որ եկող տարվանից տնտեսական դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Նախ` արևմտյան տնտեսությունը շարունակելու է կրճատվել: Ու դրան գումարած էլ` մեր տնտեսական աճը գազի գնի թանկացման պատճառով մոտ մեկ տոկոսով «զսպվելու է»: «Քո շրթունքներով կարելի է միայն մեղր խմել»,- պնդում է ռուսական ասացվածքը: Թող տնտեսական իրական աճ լինի, թեկուզ մեկ տոկոս էլ` զսպված:

Ահա այսպիսի տարօրինակ ու անսպասելի քննարկումներով ու բացահայտումներով է ընթանում «Բյուջե 2014»-ի նախագծի խորհրդարանական դակման գործընթացը: Թե չէ արդեն համակերպվել էինք, որ տնտեսական իրավիճակից միայն ընդդիմադիր պատգամավորներն են բողոքում: Իսկ բյուջեի նախագծի մասին` «Էս ինչ բուջե է, բացատրություն չկա, վերլուծություն չկա, չկա հարկատեսակների կանխատեսում» արտահայտությունները միայն Հրանտ Բագրատյանը պիտի անի: Բավարարվենք այսքանով:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս