«Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը գիտությանն օգուտ կբերի». Գիտության պետական կոմիտեի նախագահ
«Կիրառական խնդիրներ լուծելու համար տնտեսությունը նույնպես պետք է պատրաստ լինի: Շատ հաճախ մենք ստանում ենք արդյունքներ, որոնք կարելի է կիրառել, բայց տնտեսությունը դեռ պատրաստ չի»,- այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` նշելով, որ այդ պատճառով որոշ երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, տեխնոլոգիաների տրանսֆերով (փոխանցումով) կամ վաճառքով են զբաղված: «Քանի դեռ մեր տնտեսությունը լուրջ հաջողություններ չի գրանցել, և ունենք բազմաթիվ խնդիրներ մեր տնտեսության մեջ, կիրառական շատ լուծումներ, որ իրականացվել են Հայաստանում, կարծում եմ՝ կարելի է նույնիսկ վաճառել այսօր»,- ասաց Ս.Հարությունյանը: Նա նշեց, որ զգալի կիրառական արդյունքներ ունեն ոչ միայն երիտասարդ գիտնականները, այլև տարեց գիտնականները. դրանք տնտեսության մեջ կարելի է կիրառել:
Որպես օրինակ՝ բանախոսը նշեց հայ գիտնականների կիրառական նշանակություն ունեցող արդյունքներից մի քանիսը, ինչպես, օրինակ` հակակոռոզիոն ներկերի արտադրությունը, ջրամբարների ավտոմատ փականների ստեղծման ուղղությամբ աշխատանքները և խմորիչների նոր տեսակների միջոցով հացի արտադրությունը: Վերջինիս միջոցով, ի դեպ, արդեն հաց է արտադրվում և վաճառվում որոշ սուպերմարկետներում՝ «Սելիմյան հացը»: (Նշենք, որ սա նոր, ավելի օգտակար հացատեսակ է, որն, ըստ հեղինակների` ոչ միայն չի վնասում առողջությունը, այլ հակառակը` դրական ազդեցություն է ունենում: Բացի այդ, ի տարբերություն մյուս հացատեսակների, որոնցում հացաթխման գործընթացը կրճատելու համար օգտագործվում են արհեստական հավելումներ՝ վնասելով մարդկանց առողջությունը, «Սելիմյան հացը» պարունակում է բացառապես բնական միջոցներ, ուստի անվտանգ է ու բնական.- Լ.Մ. ):
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի խոսքով` մի շարք նմանատիպ ծրագրեր են ներկայացրել Կառավարությանը, դրանք գիտատեխնիկական խորհրդում հավանության են արժանացել և այժմ գտնվում են առևտրայնացման փուլում: «Մենք հանձնել ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ նախարարությունը զբաղվում է առևտրայնացման հարցերով: Այնպես որ, այն խոսակցությունները, թե Հայաստանում չկան ծրագրեր, որոնք կարող են կիրառվել, և այլն, հեքիաթներ են, լավ գիտնականներ մենք դեռ ունենք, իսկ հայ գիտական միտքը բոլոր ժամանակներում էլ տվել է շատ լուրջ արդյունքներ»,- ասաց Ս.Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ գիտական արդյունքների առևտրայնացման տեսանկյունից լուրջ աշխատանքներ են տարվում նաև միջազգային մի շարք կառույցների հետ: Մասնավորապես, վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած մեծ գիտաժողովի ժամանակ, որը վերաբերում էր ինովացիաներին, ու որին մասնակցում էին մեծ հաջողություններ գրանցած բազմաթիվ ֆոնդերի ղեկավարներ, ըստ Ս.Հարությունյանի՝ ինքն այնտեղ լուրջ հանդիպումներ է ունեցել ռուսական մի շարք գործարարների հետ՝ հայկական ծրագրերը ռուսական շուկայում առևտրայնացնելու նպատակով: «Կարծում եմ՝ կհաջողվի մի շարք հետաքրքիր ծրագրեր դուրս հանել դեպի ռուսական շուկա, մանավանդ, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միության անդամ դառնալու՝ իր ցանկության մասին: Դա հսկայական շուկա է մեր փոքրիկ պետության համար, ուստի, կարծում եմ, որ դա մեզ բավականին օգուտ կբերի: Այնպես որ, իրոք կան ծրագրեր, որոնք բավականին լուրջ առևտրայնացման հեռանկարներ ունեն»,- ասաց Ս.Հարությունյանը: