Բաժիններ՝

ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանը ողողված է անորակ սննդամթերքով, որը սպառնում է մարդկանց առողջությանը

Բազմաթիվ գյուտերի և արտոնագրերի հեղինակ, ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը բազմիցս վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հօգուտ բնական և առողջ սննդի, հատկապես՝ հացամթերքի: Նա իր բողոքի ձայնն է բարձրացրել՝ ընդդեմ անբարեխիղճ սննդամթերք արտադրողների, որոնք գերշահույթ ստանալու նպատակով էժանագին ու վնասակար քիմիական հավելումներ են օգտագործում: Ալեքսանդր Սելիմյանը 2005թ. հիմնադրել է «Կռուպ» ընկերությունը, որը մինչ օրս զբաղվում է կաթնաթթվային մթերքների հիման վրա ստեղծված, բացառապես բնական սննդամթերքների արտադրությամբ, որոնց շարքում լայն ճանաչում են ստացել «Չորաթանը», «Հացաթանը», «Կերաթանը», «Սելիմյան հացը»`բնական և առանց քիմիական հավելումների հացատեսակները: Այսօր արդեն այդ շարքին է միացել ացեդոֆիլային «Նանե» մածունը, որը կենդանի կաթնաթթվային մանրէների և անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ մի քանի տասնյակ անգամ գերազանցում է հասարակ մածուններին և յոգուրտներին:

– Պարոն Սելիմյան, ո՞րն է Ձեր ընկերության գլխավոր նպատակը:

– Մեր նպատակն առողջ սնունդն է, իսկ դրա մեջ մտնում է առաջին հերթին՝ հացը, շատ ընտիր չորաթանը և «Նանե» ացեդոֆիլային մածունը: Այս երեք ուղղություններն էլ հիմնված են 1 գյուտի վրա: Իմ արած գյուտը, այսպես կոչված, բիոմածունն է` ացեդոֆիլային մածունը: Այդ մածունը քամում ենք, հետո չորացնում և ստանում չորաթան, իսկ շիճուկն օգտագործելով` ստանում ենք որակով լավաշ հացը: Ացեդոֆիլային մածունը սովորական մածունից տարբերվում է նրանով, որ լակտոբակտերիաների և ամինաթթուների քանակը մոտ 20 անգամ ավելի է: Լակտոբակտերիաների հիմնական խնդիրն այն է, որ դրանք աղեստամոքսային տրակտում կապում են խարամները (շլակները) և դուրս են մղում տոքսինները մարդու օրգանիզմից: Այսինքն` մաքրում են օրգանիզմը: Իսկ ամինաթթուները կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը, վիտամինների սինթեզը և մակրո- ու միկրո- էլեմենտների յուրացումը: Սա բացարձակ առողջարար հատկություն ունի: Մենք անընդհատ ահազանգում ենք, որ ազգը տեղյակ լինի խնդրին: Մեր խնդիրն անընդհատ տարբեր որակյալ սննդատեսակներ ստեղծելն է: Ուղղակի հիմա նույնիսկ հացի խնդիրը չի հաղթահարվել: Մենք ուզում ենք հացաթանն արտադրել և մտցնել կիրառության մեջ: Սա է մեր ողջ աշխատանքը:

– Ի՞նչ կասեք շուկայում ամեն օր սպառման ներկայացվող հացի որակի վերաբերյալ:

Կարդացեք նաև

– Տարեկան մոտ 1000 տոննա քիմիական և սինթետիկ քիմիական և արհեստական բարելավիչներ են մտնում մեր երկիր` հացաթխման համար: 1000 տոննան բավական մեծ թիվ է մեր երկրի համար: Բարելավիչը պարունակում է գենախախտ սոյա, պերոքսիդային միացություններ, օրգանական թթուներ, էմուլգատորներ,կոնսերվանտներ, ներկանյութ, հոտի և համի արհեստական բաղադրիչներ: Մի խոսքով` աղբ է: Ըստ ամերիկյան մոտավոր հաշվարկի՝ ամեն բնակիչ այդ թույնից տարեկան միջինը 0,5 կգ ստանում է, որի հետևանքով շատացել են ալերգիկ հիվանդությունները, դիսբակտերիոզը, աղեստամոքսային խնդիրները: Հատուկ ուսումնասիրություններ կան արված, որոնցում ցույց է տված այս նյութերի ու չբերության պատճառների ուղիղ կապը: Մեկը կա, ում ուզում եմ դատի տալ, բայց հարմար իրավաբան չեմ գտնում: Ինքն ալյուրն ընդհանրապես չի մշակում, վերցնում է խմորը և առանց վերամշակելու, առանց չորացնելու՝ դարձնում է լավաշ ու իրականացնում մեծ սպառում: Մի՞թե այս հանրապետությունում չկա իրավաբան, ով կօգնի մեզ այս հարցում: Իմ պահանջն այն է, որ ոչ թե ոչինչ չարտադրեն, այլ չվարկաբեկեն հայկական հացի, հայկական լավաշի անունը: Իրենց արտադրանքի անունը թող ինչ ուզում են՝ գրեն, բայց ոչ՝ «լավաշ»: Ա՛յ, դա է լինելու դատի իմաստը:

– Իսկ ո՞րն է Ձեր ընկերության կողմից արտադրվող հացի առանձնահատկությունը:

– Մեր ընկերությունը փորձում է վերադարձնել բնական հացաթխումը: Մեր տատերը խմորի հասունացումը 9 ժամում էին կատարում և թթխմորի միջոցով էին անում: Հիմա ի՞նչ են անում հաց արտադրողները: 15-20 րոպեի ընթացքում կարողանում են հասունացնել խմորը` պերոքսիդների, գենախախտ սոյայի միջոցով, և ստանում են փքուն հաց, որը որակ չունի: Հիմա շուկան ողողված է լավաշով, որի վրա գրում են՝ «առանց խմորիչի լավաշ», բայց իրականում դա եփած օսլա է`կրախմալ: Մեր հացաթանը վերամշակում է օսլան, և ստացված հացն իսկապես հայկական լավաշ է: Մենք ստանում ենք այն նույն հացը, ինչ մեր տատերն էին թխում: Իսկ այսօր շուկայում հիմնականում սպառողին է մատուցվում լավաշի տեսքով եփած օսլա:

Մեր կողմից արտադրվող հացը միակն է, որ 2006թ. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից անցել է բոլոր բժշկական քննությունները, և մենք ունենք փաստաթղթեր, որոնք հաստատում են տարբեր հիվանդություններով հիվանդների`մեր ապրանքատեսականին օգտագործելու դեպքում՝ բուժման պրոցեսի արագացումը: Մենք ստեղծել ենք ևս մեկ արտադրանք` հացաթան, որը տնային պայմաններում օգտագործում են: Ամենակարևորը` մեր հացերը և լավաշը թխվում են սև` էկո տեսակի ալյուրից: Ամենահետաքրքիրն այն է, որ մենք սև ալյուրն ավելի էժան ենք ստանում, բայց պահանջվում է շատ մեծ արհեստավարժություն`այդ հացը ստանալու համար: Կրասնոդարի և Վանաձորի մեր գործընկերները եկել են ինձ մոտ, սովորել ու գնացել:

– Ի՞նչ տեսքով եք սպառողին ներկայացնում Ձեր ընկերության արտադրանքը:

– Արտադրանքը հաբերի, պատիճների տեսքով ենք պատրաստում, փոշի ենք անում, և առանձին արտադրվում է «Նանե» ացեդոֆիլային մածունը: Մարդը կարող է ընդունել այն ձևով, ինչպես իրեն դուր է գալիս: Մեր ապրանքատեսականին արտադրվում և վաճառվում է մեզ մոտ: Այն մեծ համբավ ունի. մարդիկ գալիս և գնում են, շատ գոհ են, մենք էլ ենք գոհ: Մեծ քանակներ չենք կարող ապահովել, որովհետև խոշոր արտադրության համար պետք է լինեն ֆինանսական միջոցներ, որոնք մենք չունենք, բայց կամաց-կամաց զարգանալու հույս ունենք: Մեր հայկական թթվակաթնայինները`մածուն և այլն, որպես բուժիչ միջոց` 1000-ամյակներով հայտնի են: Ուղղակի ես ստեղծել եմ ավելի հզոր տեսակը: Մեր խնդիրը միայն հացը չէ: Նոր գաղափարներ շատ ունեմ, ուղղակի ժամանակն է սուղ: Հիմա նաև մաշկի համար բուժիչ միջոց եմ փորձում ստանալ՝ մածնի, կավի և հայկական խոտաբույսերի խառնուրդով: Մեր աշխատանքը չի կանգնում: Շատ անելիքներ կան:

– Ի՞նչ հաջողություններ եք ունեցել վերջին շրջանում:

– Մեր պետությունն այնպես է կառուցված, որպեսզի ինովացիոն որևէ ծրագիր օրենքով աջակցություն չստանա, միայն առևտրական գործառույթներին են նպաստում, կարծես թե արտադրություն, գիտություն չպետք է լինի: Բայց արդեն 3 ամիս է, որ Կրասնոդարում գործող հացի մի մեծ գործարան` «Գորյաչի կլյուչը», և արդեն 2 ամիս է, ինչ Վանաձորի ամենախոշոր հացի գործարանը մեզանից տանում են հացաթանը`բնական հաց թխելու համար: Այս ծով քիմիայի մեջ մենք դրան հասել ենք: Մեր հաջողություններից 3-րդն այն է, որ սեպտեմբերին ավարտին է հասնում չորաթանի լայն հետազոտությունը. դա կատարում է Առողջապահության ազգային ինստիտուտը: Արդեն 1 տարի է, ինչ մի շարք բժիշկների միջոցով դա անում ենք: Եվ կան դրական արդյունքներ, որի համար մենք պետությունից ստացել ենք կես մլն դրամ ֆինանսավորում: Պետությունն էլ է ընդունել սա: Այս տարի էլ ծրագրեր կան, որոնց պետք է մասնակցենք, և ինձ թվում է` կաջակցեն: Դա էլ է հաջողություն:

– Հայաստանում Ձեր ընկերության գործունեությունն ընդլայնելու ի՞նչ ծրագրեր ունեք:

– 2009 թվականին մեր ինովացիոն ծրագրով դիմել ենք կառավարությանը, 5 նախարարություն հաստատել է, բայց ոչ մի պատասխան դեռ չենք ստացել վարչապետից. ոչ մերժել են, ոչ` հաստատել: 2009 թվականին 1 տարի շարունակ պաշտոնապես դիմել եմ կառավարությանը, և ոչ մի պատասխան չենք ստացել: Այս գործը մենք սկսել ենք Ալեքսանդր Թամանյանի թոռան` Գագիկ Թամանյանի հետ, ով ապրում է Անգլիայում: Գ. Թամանյանն ինքն անձամբ գրել է, և՝ ոչ մի արձագանք: Հինգ նախարարությունների նախարարներ, որոնք ծանոթացել են մեր ինովացիոն ծրագրին, արդեն սկսել են օգտվել մեր հացից: Կարծես թե իրենք դրանով ապահովագրել են իրենց ընտանիքներին, բայց բացառված չէ, որ վաղն իրենք կունենան ողջ կյանքում շուկայական «աղբ» հանդիսացող հացն օգտագործած հարս կամ փեսա. Չէ՞ որ կյանքը բումերանգ է: Ամենաառաջնայինն այն է, որ հաստատվի ինովացիոն ծրագիրը և լայն կիրառում ունենա մեր երկրում:

Մեր արտադրանքն ամբողջովին կաթի վրա է հիմնված: Այդ պատճառով ինովացիոն ծրագրի մեջ նշված է, որ մեզ որևէ գյուղ տրամադրեն կամ մի վայր, որտեղ կարող ենք կազմակերպել և՛ արտադրությունը, և՛ ուսուցումը, և՛ արտահանումը: Այդ միջոցով կստեղծվեն նաև աշխատատեղեր: Քանի որ սա նորություն է, դրանից ոչ մի տեղ չկա` մենք կարող էինք մատակարարել ամբողջ աշխարհին: Անցյալ տարի ԱԺ պատգամավորներից խոստացել էին, որ մեր գյուտի համար կկազմակերպվեն պառլամենտական լսումներ: Բայց այնքան ձգձգեցին, մինչև հասավ նախընտրական շրջանը, այդ ժամանակ էլ ասացին` հիմա զբաղված ենք: Ընդ որում, և՛ ՀՀԿ-ականների, և՛ ԲՀԿ-ականների, և՛ ՀՅԴ-ականների հետ էինք պայմանավորվել: Այդ բոլորն անցավ: Հիմա ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը խոստացել է, որ սեպտեմբերին նորից կանդրադառնան հարցին և կկազմակերպեն լսումներ:

– Ունե՞ք համագործակցության առաջարկներ այլ երկրներից:

– Ինձ 6-7 երկրներից հրավիրում են, որ գնամ և այնտեղ հիմնեմ իմ արտադրությունը: Բայց քանի որ ես 10 տարի դրսում աշխատելուց հետո վերադարձել եմ հայրենիք` ուրիշ տեղ գնալու միտք չունեմ: Բայց այստեղ էլ ոչ մի բան չեմ կարողանում անել: 67 տարեկան մարդ եմ, ուզում եմ մի քիչ էլ իմ ազգի համար աշխատել: Հոկտեմբերին էլ գնում եմ Մոսկվա` սովորեցնելու հացաթանով հաց ստանալու տեխնոլոգիան:

Հ.Գ. «Սելիմյան» ապրանքատեսականին հնարավոր է ձեռք բերել Երևանի Պուշկինի 38 հասցեում տեղակայված խանութից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս