Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում խնդրել է Շվեյցարիայի միջնորդությունը. Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան դիմել է Շվեյցարիային՝ խնդրելով աջակցել (միջնորդել) Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչն իր հերթին ճանապարհ կհարթի Երևանի հետ Անկարայի կապերի վերականգնման համար.

«Թերթի աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիայի պաշտոնատար անձանց հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները, սակայն նա հասկացնել է տվել, որ դրա համար Երևանը նախևառաջ պետք է ազատի Ադրբեջանի տարածքները, ինչից հետո Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը:

Շվեյցարացի չինովնիկները դրականորեն են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Շվեյցարիա կատարած իր վերջին այցի ժամանակ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները, և որ Թուրքիան փորձելու է գտնել նոր գաղափարներ՝ առաջընթաց գրանցելու խնդիրը լուծելու համար: Նա ակնարկել է, որ Թուրքիան մեծացնելու է իր հետազոտությունները՝ հարևանի հետ առաջիկայում ավելի լավ հարաբերություն ունենալու համար:

ԱԳՆ-ում եղած աբղյուրների համաձայն, Թուրքիան մասնավորապես նպատակադրվել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել նախքան 2015 թվականը, երբ կլրանա Հայոց ցեղասպանության իրականացման 100-րդ տարելիցը:

Նրանք հավելել են, որ Թուրքիան ու Հայաստանն արդեն իսկ մշակել են «ճանապարհային քարտեզ», երբ երկու երկրները 2009 թվականին Շվեյցարիայում ստորագրեցին հարաբերությունները կարգավորելու մասին երկու արձանագրություն:

Բայց քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ մեկնարկած բանակցությունների միջոցով հասնել արդյունքի, ուստիև դա բացասաբար ազդեց նաև Հայաստանի հետ Թուրքիայի ավելի լավ հարաբերություններ ունենալու փորձի վրա:

Փորձելով հարցը լուծել մինչև 1915 թվականի դեպքերի հարյուրամյակը՝ Դավութօղլուն իր այցի ժամանակ ուղերձ է հղել Շվեյցարիայի պաշտոնատար անձանց. «Եթե Հայաստանը սկսի լքել գրաված տարածքները և այդ գործընթացը կանի հստակ ժամկետում, որն ընդունելի կլինի Բաքվի կողմից, ապա մենք պատրաստ ենք կյանքի կոչել (ցայժմ չվավերացված) արձանագրությունները: Մենք սպասում ենք ձեր օգնությանը՝ այս հարցում Հայաստանի վարչակազմին համոզելու համար»

Թուրք պաշտոնատար անձանցից մեկը թերթին հայտնել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի պատճառով, այլ՝ նրան հարակից շրջանների գրավման պատճառով: Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ չի լինի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացմանը, եթե Երևանը լքի հարակից 7 շրջաններից 5-ը: Երևանը նույնպես հայտարարել է, որ կարող է դուրս գալ 5 հարակից շրջանից»:

Հոդվածի վերջում հիշեցվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա, ուր և հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Ալիևին շնորհելու են Պետական շքանշան:

Տեսանյութեր

Լրահոս