Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտը տոնելու ժամանակ ձերբակալվել է մոտ 70 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում (և ոչ միայն) այսօր նշում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (11.11.1918): Դրա հետ կապված՝ կազմակերպվել են տոնակատարություններ, որոնք, սակայն, մթագնվել են արմատական հայացքներ ունեցող մի քանի տասնյակ երիտասարդների պատճառով:
Ոստիկանությունը Փարիզում կարգուկանոն հաստատելիս ձերբակալել է առնվազն 70 մարդ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանյուել Վալսը կտրականապես դատապարտել է սադրիչների գործողությունները, որոնք չեն ցանկացել հարգանք ցուցաբերել համընդհանուր միասնության այդ պահի նկատմամբ:
Արդեն իսկ պարզվել է, որ ձերբակալվածները պատկանում են «Ֆրանսիական գարուն», «Ֆրանսիական միավորում» և արմատական հայացքներով այլ միավորումների: Նշվում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը զերծ է մնացել որևէ մեկնաբանություն անելուց:



