Սուքիաս Ավետիսյան. Խնդրում եմ ձեր գծիկները, ծիտիկները և խաչիկները դնելիս ուշադիր եղեք

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունն ԱԺ-ում քվեարկության կդրվի վաղը: Քվեարկությունը կանցկացվի փակ ռեժիմով, ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում վերաառաջադրել է ՎՊ այլևս նախկին նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը քիչ առաջ պատգամավորներին հիշեցրեց քվեարկության կարգը: «Նորից հարկ եմ համարում քվեաթերթիկը ներկայացնել և բացատրել. ովքեր դեմ են, «կողմ»-ի վրա են գիծ քաշում, ովքեր կողմ են՝ «դեմ»-ի վրա, և խնդրում եմ ձեր գծիկները, ծիտիկները և խաչիկները դնելիս ուշադիր եղեք, որպեսզի հետո հանձնաժողովին չմեղադրեք»,- նախազգուշացրեց նա՝ հիշեցնելով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ ստեղծված իրավիճակը: Ինչ վերաբերում է այն պատգամավորներին, ովքեր «իրար մեջ չեն կարողանում պայմանավորվել», նա խորհուրդ տվեց չփորձել հանիրավի մեղադրել հաշվիչ հանձնաժողովին, իսկ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին առաջարկեց հանձնաժողովի անդամներից ներողություն խնդրել հանձնաժողովի նկատմամբ անվստահություն հայտնելու համար:

«Որևէ իրողություն գնահատելիս ես առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ: Կարելի է հասկանալ, որ հնարավոր է հրապարակայնորեն ասել, որ կողմ ես, բայց թաքուն դեմ քվեարկես: Փակ քվեարկությունները հենց դրան են միտված, որ մարդիկ դեմ քվեարկեն, եթե ճնշումներ կան: Պետք է իսկապես աղճատված տրամաբանություն ունենալ, որ հնարավոր է հակառակը, որ հրապարակավ դեմ արտահայտվողը կարող  է կողմ քվեարկել, երբ պարզ է, որ թեկնածուն հաստատվելու է ջախջախիչ մեծամասնությամբ: Ես որևէ կասկած չեմ ընծայում հրապարակայնորեն հնչած բոլոր հավաստիացումներին և հավատում եմ Ալիկ Արզումանյանին, Ռուբիկ Հակոբյանին, Նիկոլ Փաշինյանին, Հրանտ Բագրատյանին, Լյուդմիլա Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Արամ Մանուկյանին, Ստեփա Դեմիրճյանին, ովքեր հրապակավ պնդում են, որ Կոստանյանին դեմ են քվեարկել»:

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, թե սրա միակ բացատրությունն այն է, որ տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն հենց ԱԺ պատերի ներսում՝ նպատակ ունենալով վարկաբեկել ընդդիմությանը, հրահրել ընդդիմադիրների մեջ փոխադարձ մեղադրանքներ:

Տեսանյութեր

Լրահոս