Նիկոլ Փաշինյանն՝ Իշխան Զաքարյանին. Ինչպես չոր աշխատավարձով ապրողից դառնալ միլիարդատեր

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի մասին, հիշեցրեց, որ ԱԺ դահլիճում ընդամենը մի քանի ամիս առաջ բուռն քննարկվում էր 2012թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, իսկ այսօր տոնայնության փոփոխություն կա։

«Հիմա տեսնում ենք, որ տոները փոխվել են, տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը՝ իշխանական հատվածը, որոշակի դասեր են քաղել Սերժ Սարգսայնի հայտնի խորհրդակցությունից հետո»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Իշխան Զաքարյանի հետ տեղի ունեցած հարցուպատասխանից անհնար է որևէ հարցի պատասխան ստանալ։

«Հնարավոր չէ հասկանալ նախկինում արտահայտած հայատարությունների պատճառներն ու հետևանքները։ Բոլորդ հիշում եք, որ այստեղից կաբել էր ցույց տալիս և ասում, որ այն շուկայում արժի 120 հազար դրամ, բայց գնել են պետական միջոցներից հարյուրավոր բարձր գնով»,- հիշեցրեց նա։

ՀԱԿ պատգամավորի խոսքով, այդ ամբողջ քննարկումը տեղի է ունեցել հանրության աչքի առջև, ուստի հանրությունն ուզում է իմանալ՝ ի վերջո «էդ ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ի՞նչ արժեր»:

«Հանրությունը չունի դրանց պատասխանը, իսկ Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի հորդորով չի պատրաստվում բացատրել»,- հավելեց նա, ապա նշեց, թե դրանով ամեն անգամ մի աստիճանով հանրության ընկալումն է իջնում ԱԺ-ի նկատմամբ, երբ բարձրացված սուր հարցերը «գոլորշի բաց թողնելու հերթական մոդել» են։

ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց. «Այո, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել այդ նույն խորհրդակցության ժամանակ, յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է պատասխան տա իր արած քայլերի համար։ Հիմա պարոն Զաքարյան, ես Ձեզանից պահանաջում եմ, որ ասեք՝  էդ ի՞նչ կաբել էր, թալանվե՞լ են պետական միջոցները, թե՞ ոչ և մենք որպես ԱԺ մարմին՝ ի՞նչ պետք է անենք։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի այս ամեն ինչի մասին։ Կարող է մտածել, որ ներիշխանական կլանների կռիվներ են, որոնք իրար վերագրում են, հետո գնում, կաբինետներում նստում են, ռազբիրատ են անում, ամեն մեկն իրա փայը տանում ու քաշվում է»:

«Փայ» ասելով Ն.Փաշինյանը հիշեցրեց Իշխան Զաքարյանի «փայը»՝ նրա մի քանի մլն դոլար արժեցող առանձնատունը։ «Ավանդույթ կա համակարգում, որ ինչ-որ հարց ես տալիս, մտածում են, թե նույն հարցը հո անընդհատ չե՞ս տալու, մտածում են՝ ցրենք, ասենք, թեման փոխենք։ Ոչ պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ Դուք որպես ՎՊ նախագահ…»:

ՀԱԿ պատգամավորի խոսքն ընդհատվեց, որովհետև վերջինս տեսավ, որ դահլիճում նստած Զաքարյանն իրեն չի լսում: «Պարոն Զաքարյան»,- դիմելով Իշխան Զաքարյանին, ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ տեղից ինչ-որ բան ասաց, ինչին Ն. Փաշինյանն արձագանքեց. «Նա պարատավոր է լսել, այդ թվում նաև Դուք և խնդրում եմ՝ մի՛ խանգարեք»: Շարունակելով իր խոսք Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Դուք տո՞ւն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ասում եք… ի՞նչ է նշանակում, որ տանս ներդրում են արել։ Ասեք՝ ո՞նց եք արել, մենք՝ քաղաքացիներս, իմանանք, այդ ի՞նչ պետք է անենք, որ միջազգային ներդրողները գան ու մեր տներում ներդրումեր անեն: Ասեք, Սերժ Սարգսյանի ընտանիքը և դահլիճում նստած միլիարդատեր պաշտոնյաները թող բացատրեն, թե ինչպես է հնարավոր դառնում մի քանի տարվա ընթացքում չոր աշխատավարձով ապրողից դառնալ միլիարդատեր, ասեք՝ հանրությանը, թող մարդիկ էլ հարստանան, թե՞ ուզում եք մենակ Դուք հարստանաք: Հիմա Իշխան Զաքարյանի ձեռքի թղթի տրցակը ակնհայտորեն բարակել է, ձայնի տոնը ակնհայտորեն նույնպես բարակել է, ասելիքը նույնպես քչացել է, ինչո՞ւ ես չեմ կարող ասել, բայց ասում եմ, այնպես անենք, որ հանրությունն իր հարցերի պատասախանը ստանա հենց այս ամբիոնից։ Այդպես էլ չհասկացվեց 700 մլրդ հատվածը թալանվո՞ւմ է, թե՞ չի թալանվում, Դուք ասում եք՝ կոռուպցիոն ռիսկի տակ է, կառավարությունն ասում է՝ այդպես չէ»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանին. «Իմիջիայլոց, պարոն Աբրահամյան, նաև Ձեզ է վերաբերվում: Դուք ասեցիք՝ ինչքան թալանչի կա էս երկում, գոնե ասեիք այստեղ սխալ էիք, այստեղ՝ ճիշտ, մի նախադասությամբ Ձեր եզրակցությունն այս ամբիոնից ասեիք, որովհետև իրար հակասող հայատարություններ եղան, բայց արդյունքն այդպես էլ չպարզվեց»:

Ն. Փաշինյանը նաև խոսեց իր տպավորությունների մասին. «Հնչել են փոխադարձ մեղադրանքներ՝ իշխանության տարբեր օղակներ թալանելու մեջ իրար են մեղադրել և ես կարծում եմ, դժբախտաբար. նրանք բոլորն էլ ճիշտ են ասում, պրոբլեմն այդ է, որ վերնախավում գոյություն ունի մի յուրօրինակ կոնսեսուս, որ ՀՀ-ում պետք է լինի այն իրավիճակը, որ կա, որ 120 հազարանոց կաբելը մի քանի հարյուր հազարի պետք է գնել:

Հարց եմ տալիս Իշխան Զաքարյանին, որտեղի՞ց քեզ այդ հարստությունը, իսկ դրան պատասխանում է Սերժ Սարգսյանը, նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին և ասում է. «Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի ՎՊ-ի նախագահի վերաբերյալ։ Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, դա նշանակում է, որ նա երաշիքներ է ստացել, որ ՀՔԾ-ն որևէ կարծիք չի արտահայտելու իր ունեցվածքի, գործունեության, իր կյանքի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն էլ իր հերթին հանդես է եկել պատասխան երաշխիքներով»:

Տեսանյութեր

Լրահոս