Արմեն Ռուստամյան. Վերահսկիչ պալատի անկախությունից բան չմնաց

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը տալ ընդդիմությանը: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՎՊ նախագահի թեկնածուի հարցին, նշեց. «Պետք է այնպիսի կարգ հաստատվի, որ անարդարությունը վերացնենք: Բայց սահմանադրականությունը խախտված է, սահմանադրականության մշտադիտարկում չի ապահովվում, իրավակիրառ պրակտիկա Հաաստանում ընդհանրապես գոյություն չունի: Մենք չունենք մեխանիզմներ, որ կարողանանք թղթի վրա չթողնել սահմանադրությունը, օրենքները: Վերահսկիչ պալատը սահմանադրականությունը իրականացնող գլխավոր օրգան է, որը պաշտոնապես կասկածելու իրավունք ունի: Իսկ նախագահը պետք է ապահովի բնականոն գործունեությունը, ոչ թե միջամտի»:

ՀՅԴ պատգամավորը նաև ընդգծեց. «ՎՊ անկախությունից բան չմնաց: Բայց այս ամեն ինչը խախտված է: Այն, ինչ գրված է, մենք էլ այստեղ անընդհատ կրկնում ենք, թե ՎՊ-ն անկախ մարմին է, բայց էդ անկախութունից բան չմնաց: Անկախության չեզոքացումը տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՎՊ-ն սկսեց պաշտպանվել, որովհետև ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնումների տակ, չդիմացավ էդ ճնշումներին: Ու ակնկալել, թե վերահսկում կիրականացնի… Թալանվում է ու դա կատարվում է օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ ու ենթադրենք, թե պարզվի, որ 700 մլրդ չի, հինգ տոկոսն է, մի տոկոսն է, ուրեմն՝ պիտի աենք ՝ հա, մենք լավ ենք աշխատո՞ւմ: Էս չպիտի չէ՞ տեղի ունենար, բայց տեղի ունեցավ սա ու մենք այսօր չենք կարող երաշխավորել, որ Վերահսկիչ պալատը շարունակելու է այն, ինչ սկսել է: Չի շարունակելու, սա է պատճառների պատճառը, սա է մեզ անհանգստացնում:

Հիմա ինչպե՞ս ապահովել վերահսկողությունը: Սրա համար հեծանիվ հնարել պետք չէ, եկեք բերենք ներդնենք փորձը, ձևավորենք իշխանական համակարգում հակակշռում՝ ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ»:

Նա առաջարկեց ՎՊ նախագահի պաշտոնը տալ ընդդիմությանը՝ միաժամանկ նշելով, թե խնդիրը համակարգի մեջ է, այլ ոչ թե անձի. «Ես նորից եմ ասում, պարոն Զաքարյանի հետ բացարձակապես կապ չունի, ես ինքս էլ լինեի այս վիճակում, կարող  է նույնը անեի, որովհետև անձը հարմարվում է համակարգին: Անձը առանձին հզոր ուժ չէ, որ պահանջեք վերցնի թուր կեծակին ու էս ամեն ինչը շտկի: Դրա համար ասում ենք՝ վերահսկման հիմնական լծակները պետք է տամադրվեն ընդդիմությանը, մի վախեցեք:

Եվ հնարավոր չէ, որ դրանից հետո ընդդիմության ՎՊ նախագահը կգնար ու աշակերտի նման կներկայանար նախագահական ու կլսեր՝ ինչ են իր մասին ասում»:

Նա նաև ասաց, թե իրենք անիմաստ են համարում իրենց մասնակցությունը քվերակությանը:

Տեսանյութեր

Լրահոս