Պետք է Ձեր մեջ համարձակություն գտնեիք, թքած ունենայիք և ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ հիշեցրեց ՎՊ հայտնի բացահայտումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած աշխատանքային հայտնի խորհրդակցությունը, որի ժամանակ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել Իշխան Զաքարյանին:
«Դուք այլ անձանց հետ միասին կանչվում եք Բաղրամյան 26 և համատեղ նիստի ժամանակ ենթարկվում բավական կոշտ, տհաճ քննադատության: Հետո ՎՊ նախագահը ներկայանում է այստեղ, որ հաստատվի իր պաշտոնում: Շատ անդուր իրավիճակ է, մեր համար էլ է անդուր, պարոն Զաքարյանի համար էլ: Տեսնել խորհրադկցության ժամանակ տեղի ունեցած թատրոնը, հետո ականատես լինել այստեղի թատրոնի շարունակությանը, անդուր է,- հայտարարեց Զ. Փոստանջյանը՝ ավելացնելով,- Գիտենք, որ թալանվել է 700 մլրդ գումար, դրա ապացույցն օրեցոր աճող առանձնատներն են.,. Որտեղի՞ց նրանց այդ գումարները, հարստությունը: Դա թալանի հետևանք է: Համամիտ ենք, որ ինչ դուք հայտարարել եք՝ իրականություն է, որ դա Դուք մինչև հայտարարելը համաձայնեցրել եք Սերժ Սարգսյանի հետ, բայց հետո ինչ-որ բաներ փոխվեցին, Սերժ Սարգսյանը Ձեզ սխալ հանեց: Փաստորեն քննարկում չէր, այդ խորհրդակցությունը քննարկում չէր՝ Ձեզ կանչել էին, որ ասեն՝ սխալ եք»:
Զ. Փոստանջյանի կարծիքով՝ դրանից հետո Իշխան Զաքարյանը պետք է չընդուներ վերաառաջադրման առաջարկը. «Պետք է Ձեր մեջ համարձակություն գտնեիք, թքած ունենայիք և ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այլ տարբերակով քննարկում անցկացնելու հնարավորություն չունենք: Պարոն Աբրահամյանն էլ պետք է գնար Ձեր հետևից… ես շատ եմ ցանկանում, որ լինեք քաղաքացի, խոսքի տերը, բայց մենք չտեսանք դա ու գալ ընթերցել Ս. Սարգսյանի բառերն այստեղ՝ տգեղ է: համարձակություն ունեցեք, մերժեք Ձեր առաջադրումը: Այստեղ Դուք ավելի շատ բացահայտում կանեք չարաշահումների մեջ, քան առաջադրվեք»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենք դեմ ենք քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: