Արամ Մանուկյան. Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ապա նա պետք է պատժվի

«Ի՞նչ իմաստ ունի  բացահայտել խախտումները, եթե դրանց արդյունքում որևէ մեկը չի պատժվում»,- դիմելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին` այսօր ԱԺ-ում հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Իշխան Զաքայանն ի պատասխան ասաց. «Կարող է լինել պատիժ, կարող է պատիժ չլինել, կարող է լինել չարաշահումներն արագ վերացնելու խնդիր և այլն: Գուցե նաև խնդիր կա, որ հասցեականությունը մինչև վերջ չէինք տարել: Խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ մենք բարձրացրինք այս հարցը, Ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ Դուք էլ բարձրացրիք, որ երբ որևէ ծրագիր, թեմա նայում ենք, հասցեական նշենք՝ ինչ է: Գուցե հետագայում այսկերպ շարունակենք կամ հստակ մատնանշենք անձերը, շրջանակը, որտեղ, ենթադրենք. վերահսկողության ընթացքում խնդիր կա: Բայց մեծ առումով մեր ֆունկցիայից դուրս է Ձեր հարցը»:

Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, թե կա պատկերացում, որ ՎՊ-ն ծառայում է ուրիշի համար որպես գործիք, քաղաքական հետապնդումների և այլնի նպատակով. «Մենք հստակ ասում ենք՝ բյուջեի խախտումների, ոտնձգությունների վերաբերյալ, եթե Դուք չեք ասում գոնե ինֆորմացիա մարդկանց պատժելու վերաբերյալ, ապա համոզում եք իմ կարծիքը, բայց պետք է հերքեք այդ կարծիքը: Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, ապա նա պետք է պատժվի՝ մեզ փորձեք համոզել սրանում»:

Իշխան Զաքարյանն էլ ի պատասխան ասաց, թե ինքը քաղաքական գնահատականներին չի անդրադառնա: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե անպատժելիություն մթնոլորտ կա, ապա ՎՊ նախագահը հակառակը պնդեց՝ ասելով. «Ասում եք չկա՝ բայց կա: Կան դեպքեր, որոնք միշտ հրապարակային են լինում: Լինում են,  հասարակությունն էլ իմանում է, թե որ դեպքում ովքեր ինչ պատիժ են կրում: Գուցե ինչ-որ տեղ ասեք, թե դա բավարար չէ և Դուք որպես պատգամավոր բավարարվածության զգացում չունեք: Սա քննարկման խնդիր է: Բայց որ ասենք՝ ընդհանրապես չկա, այդպես չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս