Հին չինական առակներ
Պատմություն այն մասին, թե ինչպես օձին ոտքեր նկարեցին
Հինավուրց Չու թագավորությունում կար-չկար մի ազնվական: Չինաստանում այսպիսի սովորույթ կա` նախնիների հիշատակության ծեսից հետո հարկ էր բոլոր տնանկներին հյուրասիրել զոհաբերման գինով: Նա նույնկերպ վարվեց: Աղքատները, որ հավաքվել էի նրա տան շուրջ, պայմանավորվում էին` եթե բոլորը գինի խմեն, ապա այն չի բավականացնի, իսկ եթե գինին մեկ մարդ խմի, ապա այն շատ կլինի մեկի համար: Ի վերջո, նրանք այսպիսի որոշում ընդունեցին` գինին կխմի նա, ով առաջինը օձ կնկարի:
Երբ նրանցից մեկն օձ նկարեց, նա շուրջը նայեց և տեսավ, որ բոլորը շուրջը դեռ չեն ավարտել: Այդժամ նա վերցրեց գինով թեյնիկը և, ինքնագոհ տեսք ընդունելով, շարունակեց նկարել: «Տեսեք, ես նույնիսկ օձին ոտքեր նկարելու ժամանակ ունեմ»,- բացականչեց նա: Մինչև որ նա ոտքերն էր նկարում, մյուս մրցակիցն ավարտեց նկարը: Նա խլեց գինով թեյնիկը հետևյալ խոսքերով` «Չէ՞ որ օձը ոտքեր չունի, այդ պատճառով դու օձ չես նկարել»: Այդ ասելով, նա մեկեն կլլեց գինին: Այսպես, նա, ով օձին ոտքեր էր նկարել, կորցրեց գինին, որը նախատեսված էր իր համար:
Առակն այս խոսում է այն մասին, որ, խնդիրը կատարելիս` անհրաժեշտ է իմանալ բոլոր պայմանները և քո առջև տեսնել պարզ նպատակներ: Հարկ է ձգտել դրված նպատակին սթափ գլխով և հաստատուն կամքով: Եվ ոչ թե թույլ տալ, որ թեթև հաղթանակը գլխապտույտ առաջացնի:
Պատմություն Խե ցեղի նեֆրիտի մասին
Մի անգամ Բյան Խան, ով ապրում էր Չու թագավորությունում, Չուշան լեռան վրա մի թանկարժեք նեֆրիտ գտավ: Նա նեֆրիտը մատուցեց Լի-վան անունով Չուի իշխանին: Լի-վանը հրամայեց վարպետ-քարտաշներին` որոշել, արդյո՞ք դա իսկական նեֆրիտ է, թե՞ կեղծ: Անցավ մի որոշ ժամանակ, և պատասխանն այս էր` թանկարժեք նեֆրիտ չէ, այլ սովորական ապակի: Լի-վանը որոշեց, որ Բյան Խեն մտադրվել էր իրեն խաբել, և հրամայեց նրա ձախ ոտքը կտրել:
Լի-վանի մահից հետո գահը ժառանգեց Ու-վանը: Բյան Խեն դարձյալ տիրակալին նեֆրիտ մատուցեց: Եվ դարձյալ նույն պատմությունը կրկնվեց: Ու-վանը նույնպես Բյան Խեին խաբեբա համարեց: Այդպես Բյան Խեի աջ ոտքն էլ կտրեցին:
Ու-վանից հետո գահակալում էր Վեն-վանը: Նեֆրիտը թևատակին` Բյան Խեն երեք օր հեկեկում էր Չուշան լեռան ստորոտին: Այդժամ նրա արցունքները ցամաքեցին, և աչքերի մեջ արյան կաթիլներ հայտնվեցին: Իմանալով այդ մասին, Վեն-վանը ծառային ուղարկեց Բյան Խեին հարցնելու. «Երկրում շատ են անոտները, ինչո՞ւ է ուրեմն նա այդպես հուսահատ հեկեկում: Բյան Խեն պատասխանեց, որ նա բնավ վշտացած չէ երկու ոտքը կորցնելու համար: Նա բացատրեց, որ իր տառապանքների էությունն այն է, որ պետությունում թանկարժեք նեֆրիտն արդեն նեֆրիտ չէ, իսկ ազնիվ մարդը` արդեն ազնիվ մարդ չէ, այլ խաբեբա: Լսելով այդ, Վեն-վանը քարտաշներին հրամայեց քարը հղկել, հղկման և երեսարկման արդյունքում` ստացվեց հազվագյուտ գեղեցկության նեֆրիտ, որը մարդիկ սկսեցին կոչել Խե ցեղի նեֆրիտ:
Այս առակի հեղինակը Խան Ֆեյն է` հայտնի հին չին մտածող: Այս պատմության մեջ մարմնավորվել է նաև հենց հեղինակի ճակատագիրը: Իր ժամանակին տիրակալը չընդունեց Խան Ֆեյի քաղաքական համոզմունքները: Այս առակից կարելի է հետևություն անել` քարտաշները պիտի իմանան, թե նեֆրիտն ինչպիսին է, իսկ տիրակալը` հասկանա, թե ինչ մարդ է իր դեմ կանգնած: Մարդիկ, որ զոհաբերում են ամենաթանկը մյուսների համար, պիտի պատրաստ լինեն դրանից տառապելու:
Պատմություն այն մասին, թե ինչպես էր Բյան Ցյուեն բուժում Խուան-գունին
Մի անգամ հայտնի բժիշկ Բյան Ցյուեն եկավ այցելության տիրակալ Ցայ Խոան-գունին: Նա զննեց Խուան-գունին և ասաց. «Ես տեսնում եմ, որ դուք տառապում եք մաշկային հիվանդությամբ: Եթե դուք անհապաղ բժշկի չդիմեք, ապա հիվանդության վարակը խորը կներթափանցի մարմնի մեջ»: Խուան-գունը Բյան Ցյուեի խոսքերին ուշք չդարձրեց: Նա պատասխանեց. «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է»: Լսելով իշխանի խոսքը, բժիշկ Բյան Ցյաոն հրաժեշտ տվեց ու հեռացավ: Իսկ Խուան-գունը բացատրեց իր շրջապատին, որ բժիշկները հաճախ բուժում են մարդկանց, որոնք ոչ մի հիվանդություն էլ չունեն: Այսպիսով, այդ բժիշկներն իրենց վերագրում են արժանիքներ և պարգևների են հավակնում:
Տասն օր հետո Բյան Ցյուեն դարձյալ այցելեց իշխանին: Նա ասաց Ցայ Խուան-գունին, որ նրա հիվանդությունն արդեն անցել է մկաններին: Եթե նա չբուժվի, ապա հիվանդությունը շատ սուր բնույթ կկրի: Խուան-գունը դարձյալ չլսեց Բյան Ցյուեին: Չէ՞ որ նա բժիշկներին չէր ընդունում:
Տասն օր անց, իշխանի հետ իր երրորդ հանդիպման ժամանակ Բյան Ցյուեն ասաց, որ հիվանդությունն արդեն հասել է աղիներին ու փորին: Եվ եթե իշխանն առաջվա պես համառի, հիվանդությունն իր ամենածանր փուլին կհասնի: Բայց իշխանն առաջվա պես անտարբերության մատնեց բժշկի խորհուրդը:
Տասն օր հետո, երբ Բյան Ցյուեն հեռվում տեսավ Ցայ Խուան-գունին, նա սարսափահար սկսեց փախչել: Իշխանը նրա մոտ ուղարկեց ծառային, որպեսզի հարցնի, թե ինչու նա, բառ անգամ չասած, փախչում էր: Բժիշկը պատասխանեց, որ այդ մաշկային հիվանդությունը սկզբում կարելի էր բուժել միայն բուժախոտերի թուրմով և տաքացնող կոմպրեսներով: Իսկ երբ հիվանդությունը հասնում է մկաններին, այն կարելի է բուժել ասեղնագործությամբ: Եթե վարակված են աղիներն ու փորը, ապա այն կարելի է բուժել` խմելով բուժախոտերից պատրաստված թուրմը: Իսկ երբ հիվանդությունը հասնում է կարծրացած ուղեղին, ապա ամեն ինչում մեղավոր է ինքը` հիվանդը, և ոչ մի բժիշկ այլևս չի օգնի:
Այդ հանդիպումից հինգ օր հետո իշխանն ամբողջ մարմնի մեջ ցավ զգաց: Այդ ժամանակ էլ նա հիշեց Բյան Ցյուեի խոսքերը: Սակայն բժիշկը վաղուց անհայտ ուղղությամբ հեռացել էր:
Այս պատմությունն ուսուցանում է այն, որ մարդը պետք է անմիջապես ուղղի իր սխալներն ու վրիպանքները: Իսկ եթե նա համառում և անկարգանում է, դա վշտալի արդյունքների է հանգեցնում:
Պատմություն այն մասին, թե ինչպես էր պարծենում Ցզոու Ցզին
Ցի թագավորության Ցզոու ցզի անվամբ առաջին նախարարը շատ լավ կառուցվածք ուներ և դեմքով էլ գեղեցիկ էր: Մի առավոտ նա հագավ իր լավագույն հանդերձանքը և նայեց հայելուն և իր կնոջը հարցրեց. «Ի՞նչ ես մտածում, ո՞վ է ավելի գեղեցիկ, ե՞ս, թե՞ պարոն Սյույը, ով ապրում է քաղաքի հյուսիսային ծայրամասում»:
Կինը պատասխանեց. «Իհարկե դուք, իմ ամուսնյակ, Սյուից շատ ավելի գեղեցիկ եք: Ինչպե՞ս կարելի է համեմատել ձեզ և Սյուին»:
Իսկ պարոն Սյույը Ցի թագավորության հայտնի գեղատեսիլ տղամարդկանցից էր: Ցզոու Ցզին չէր կարող կնոջը լիովին վստահել, այդ պատճառով նա նույն հարցը տվեց իր հարճին: Նա նույն կերպ պատասխանեց, ինչպես և կինը:
Մեկ օր անց Ցզոու Ցզիի մոտ հյուր եկավ: Ցզոու Ցզին այդժամ և հյուրին հարցրեց. «Ինչպե՞ս ես դու համարում, ո՞վ է ավելի գեղեցիկ, ե՞ս, թե՞ Սյույը»: Հյուրը պատասխանեց. «Իհարկե, պարոն Ցզոու, դուք ավելի գեղեցիկ եք»:
Որոշ ժամանակ անց Ցզոու Ցզին այցելեց պարոն Սյուին: Նա ուշադիր զննեց Սյուի կազմվածքը, դեմքն ու շարժումները: Սյուի գեղեցիկ կերպարը Ցզոու Ցզիի վրա խորունկ տպավորություն գործեց: Նա հաստատվեց այն մտքում, որ Սյույն իրենից գեղեցիկ է: Հետո նա նայեց իրեն հայելու մեջ. «Այո, այդուհանդերձ Սյույն ինձնից շատ ավելի գեղեցիկ է»,- մտազբաղ արտաբերեց նա:
Երեկոյան անկողնում միտքն այն մասին, թե ով է ավելի գեղեցիկ, հանգիստ չէր տալիս Ցզոու Ցզիին: Եվ այդժամ նա վերջապես հասկացավ, թե ինչու էին բոլորն ասում, թե ինքը Սյուից ավելի գեղեցիկ է: Չէ՞ որ կինը քծնում է իրեն, հարճը` վախենում է, իսկ հյուրին իրենից օգնություն է պետք:
Այս առակը խոսում է այն մասին, որ մարդն ինքը պիտի իմանա իր հնարավորությունները: Հարկ չկա կուրորեն հավատալու քծնահաճ խոսքերին նրա, ով շահ է փնտրում հարաբերոււթյուններում, և այդ պատճառով գովաբանում է քեզ:
Պատմություն գորտի մասին, որ ապրում էր ջրհորում
Մի ջրհորում կար-չկար մի գորտ: Եվ նա ամենայն ինչով ուրախ կյանք էր վարում: Մի անգամ նա սկսեց պատմել կրիային, որ իր մոտ էր եկել Արևելաչինական ծովից, իր վարքուբարքի մասին. «Այստեղ` ջրհորում, ես ինչ ուզում, այն էլ անում եմ` կարող եմ ջրհորի մակերեսի վրա փայտիկներով խաղալ, կարող եմ հանգստանալ ծակուռում, որ փորված է ջրհորի պատին: Երբ ես տիղմի մեջ եմ ընկնում, կեղտը միայն իմ տոտիկներն է պատում: Տե՛ս խեցգետիններին ու շերեփուկներին, նրանք բոլորովին այլ կյանք են վարում, նրանց համար դժվար է տիղմի մեջ ապրելը: Այդ ամենից զատ, ջրհորում ես մենակ եմ ապրում, և ինքս իմ գլխի տերն եմ, կարող եմ անել` ինչ ուզում եմ: Սա պարզապես դրախտ է: Իսկ դու ինչո՞ւ չես ուզում զննել իմ տունը:
Կրիան, այն է ուզում էր իջնել ջրհոր, բայց ջրհորի մուտքը չափազանց նեղ էր նրա պատյանի համար:
Այդ պատճառով, այդպես էլ ջրհոր չմտնելով` կրիան սկսեց պատմել գորտին աշխարհի մասին. «Դե, տես, դու, օրինակ, հազար լին վիթխարի տարածություն ես համարում: Բայց չէ՞ որ ծովն ավելի մեծ է: Դու հազար մղոնանոց բարձունքը մեծագույնն ես համարում, չէ՞: Բայց չէ՞ որ ծովը շատ ավելի խորն է: Յույի տիրակալության ժամանակ ինը ջրհեղեղ է եղել, որոնք ձգվել են մի ողջ տասնամյակ, ծովը դրանից ավելի մեծը չդարձավ: Թանի տիրակալության ժամանակ յոթ երաշտ է եղել ողջ ութ տարվա ընթացքում, իսկ ծովը չնվազեց: Ծովը, այն հավերժականն է: Այն ո՛չ վարարում է, ո՛չ նվազում: Ահա թե ինչն է ուրախությունը ծովում»:
Լսելով գորտի այդ խոսքերը, գորտը տագնապեց: Նրա մեծ կանաչ աչքերը կորցրեցին ողջ աշխուժությունը, և նա իրեն փոքր, շատ փոքր զգաց:
Այս առակը խոսում է այն մասին, որ մարդ չպիտի ինքնագոհ լինի և աշխարհը չճանաչելով` համառորեն հաստատի իր դիրքորոշումը:
Առակ աղվեսի մասին, որ պարծենում էր վագրի մեջքի ետևում
Մի անգամ վագրը շատ քաղցած էր, թափառում էր ողջ անտառով մեկ սնունդ հայթայթելու: Հենց այդ ժամանակ էլ ճանապարհին նրան պատահեց աղվեսը: Վագրն այն է` պատրաստվում էր արդեն լավ ճաշակելու, և մեկ էլ աղվեսը նրան ասում է. «Դու չես համարձակվի ինձ ուտել: Ինձ երկիր է առաքել ինքը` Երկնային Կայսրը: Հենց նա է ինձ կենդանիների աշխարհի ղեկավար նշանակել: Եթե դու ինձ ուտես, ապա դրանով կբարկացնես հենց Երկնային Կայսրին»:
Լսելով այս խոսքերը` վագրը սկսեց տատանվել: Սակայն նրա փորը չէր դադարում վեց-վեց անել: «Դե, ուրեմն, ինչպե՞ս ես վարվեմ»,- մտածեց վագրը: Տեսնելով վագրի շվարածությունը` աղվեսը շարունակեց. «Դու, երևի, կարծում ես, թե ես քեզ խաբում եմ: Դե, ուրեմն, հետևիր ինձ, և դու կտեսնես, թե ինչպես բոլոր կենդանիներն ինձ տեսնելիս` ահից կսկսեն փախչել: Շատ տարօրինակ կլինի, եթե այլ կերպ պատահի»:
Այս խոսքերը վագրին ողջամիտ թվացին, և նա գնաց աղվեսի ետքից: Եվ, իսկապես, կենդանիները նրանց տեսնելիս այս ու այն կողմ էին փախչում: Վագրը գլխի չէր ընկնում, որ կենդանիները վախենում էին իրենից` վագրից, այլ ոչ թե խորամանկ աղվեսից: Ո՞վ է նրանից վախենում:
Այս առակը մեզ ուսուցանում է, որ կյանքում հարկ է տարբերել ճշմարիտը կեղծից: Պետք է կարողանալ չհրապուրվել արտաքին բաներից, այլ տեսնել իրերի էությունը: Եթե չկարողանաս տարբերել ճիշտը ստից, ապա շատ հնարավոր է, որ խաբվես:
Այս առակը նախազգուշացնում է մարդկանց` հիմար չլինել և թեթև հաղթանակ տանելիս` չպարծենալ:
Յույ Գունը շարժում է լեռները
«Յույ Գունը շարժում է լեռները»` դա պատմություն է, որ իր տակ ոչ մի իրական պատմություն չունի: Այն «Լե Ցզի» գրքում է, և դրա հեղինակն է փիլիսոփա Լե Յույկոուն, որ ապրում էր մ.թ.ա. 4-ից 5-րդ դարերում: «Յույ Գունը շարժում է լեռները» պատմության մեջ ասվում է, որ հին ժամանակներում ապրում էր Յույ Գուն անունով (բառացի թարգմանությամբ` «հիմար ծերունի») մի ծերուկ: Նրա տան առաջ երկու վիթխարի լեռներ էին կեցած` Տայխանն ու Վանունը, որոնք փակում էին նրա տան ճամփաները: Դա շատ անհարմար էր: Եվ ահա մի անգամ Յույ Գունը հավաքեց իր ողջ ընտանիքն ու ասաց, որ Տայխանն ու Վանունը խոչընդոտում են դեպի տուն անցումները: «Ի՞նչ եք դուք մտածում, մենք կարո՞ղ ենք փորել-վերացնել այս լեռները»,- հարցրեց ծերունին: Յույ Գունի որդիներն ու թոռները մեկեն համաձայնվեցին ու ասացին. «Եկեք սկսենք աշխատանքը հենց վաղվանից»: Սակայն Յույ Գունի կինը կասկած հայտնեց:
Նա ասաց. «Մենք արդեն քանի տարի այստեղ ապրում ենք, այդ պատճառով մենք կարող ենք շարունակել այստեղ ապրել` անտեսելով այս լեռները: Առավել ևս, լեռները շատ բարձր են, և ո՞ւր պիտի մենք շարենք քարերը, որ փրցնելու ենք լեռներից»: Ո՞ւր դնել քարերը հողի մեջ: Ընտանիքի անդամներով այս հարցը քննարկելով` որոշեցին դրանք ծովը նետել: Հաջորդ օրը Յույ Գունի ողջ ընտանիքը սկսեց քլունգներով մանրատել լեռնաբեկորները:
Յույ Գունի հարևանի տղան եկավ օգնելու լեռները փրցնելու, թեպետ հազիվ ութ տարեկան էր: Նրանց աշխատելու գործիքները շատ պարզ էին` միայն քլունգներ ու կողովներ: Լեռներից մինչև ծովը մեծ տարածություն կար: Այդ պատճառով, մի քանի ամսվա աշխատանքներից հետո, լեռները դեռ նախկին տեսքն ունեին:
Կար Չժի Սոու անունով մի ծերուկ (բառացի թարգմանությամբ նշանակում է` «խելոք ծերունի»): Իմանալով այդ պատմության մասին, նա սկսեց ծանակել Յույ Գունին և նրան հիմար անվանեց: Չժի Սոուն ասաց, որ լեռները շատ բարձր են, իսկ մարդու ուժերը չնչին են, այդ պատճառով անհնար է տեղաշարժել այդ երկու վիթխարի լեռները, և, որ Յույ Գունի գործողությունները շատ ծիծաղելի ու անհեթեթ են: Յույ Գունն այսպես պատասխանեց. «Թեպետ լեռները բարձր են, բայց նրանք չեն աճում, այնպես որ, եթե ես ու իմ որդիներն ամեն օր լեռներից ինչ-որ բան փրցնենք, իսկ հետո` նաև իմ թոռները, իսկ այնուհետև` նաև ծոռները շարունակեն մեր գործը, ապա, ի վերջո, մենք կտեղաշարժենք այս լեռները»: Այս խոսքերն ապշեցրին Չժի Սոուին, և նա լռեց:
Իսկ Յույ Գունի ընտանիքը շարունակում էր ամեն օր իր աշխատանքը: Նրանց համառությունը շարժեց երկնային տիրակալի սիրտը, և նա երկիր երկու փերի ուղարկեց, որոնք այդ երկու լեռները Յույ Գունի տնից հեռու տարան: Այս հինավուրց ավանդապատումն ասում է այն մասին, որ, եթե մարդիկ ուժեղ կամք ունեն, ապա նրանք կկարողանան հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հասնել հաջողության:
Լաոշանի դաոսի պատմությունը
Կար-չկար մի ժամանակ Վան Ցի անունով մի ծույլ մարդ: Թեև Վան Ցին ոչինչ չէր կարողանում անել, սակայն նա կաթոգին կամենում էր տիրապետել որևէ կախարդանքի: Իմանալով, որ ծովեզերքին, Լաոշան լեռան վրա ապրում է մի դաոս, ոմ մարդիկ կոչում են «Լաոշան լեռան դաոսը», և, որ նա կարողանում է հրաշքներ գործել, Վան Ցին որոշեց նրա մոտ աշակերտության գնալ և խնդրել այդ դաոսից, որ իրեն կախարդանք ուսուցանի: Այդ պատճառով Վան Ցին լքեց ընտանիքը և գնաց Լաոշանի դաոսի մոտ: Գալով Լաոշան լեռը, Վան Ցին գտավ Լաոշանի դաոսին և նրան ասաց իր խնդրանքը: Դաոսը հասկացավ, որ Վան Ցին շատ ծույլ է, և մերժեց նրան: Սակայն Վան Ցին համառորեն խնդրում էր, և ի վերջո, դաոսը համաձայնվեց Վան Ցիին աշակերտ վերցնել:
Վան Ցին մտածում էր, որ նա շատ շուտով կարողանա կախարդանքի տիրապետել, և ուրախացավ: Հաջորդ օրը Վան Ցին բերկրալի փութաց դաոսի մոտ: Անսպասելիորեն դաոսը նրան տվեց կացինն ու կարգադրեց ցախ կոտրել: Թեպետ Վան Ցին չէր ուզում ցախ կոտրել, բայց նա ստիպված էր անելու այնպես, ինչպես կարգադրել էր դաոսը, որպեսզի նա հանկարծ չհրաժարվի իրեն կախարդանք ուսուցանելուց: Վան Ցին ամբողջ օրը ցախ էր ջարդում և շատ հոգնեց: Նա շատ դժգոհ էր:
Անցավ մեկ ամիս, իսկ Վան Ցին դեռ ցախ էր ջարդում: Ամեն օր փայտահատ աշխատել և չսովորել կախարդություն` այդպիսի կյանքի հետ նա չէր կարողանում հաշտվել և մտադրվել էր տուն վերադառնալ: Եվ հենց այդ պահին իր աչքերով տեսավ, թե ինչպես իր ուսուցիչը` Լաոշանի դաոսը, ցուցաբերեց կախարդություններ անելու իր վարպետությունը: Մի երեկո Լաոշանի դաոսն իր երկու ընկերների հետ գինի էր խմում: Դաոսը մեկը մյուսի ետևից բաժակների մեջ գինի էր լցնում, իսկ շիշն առաջվա պես լիքն էր մնում: Իսկ հետո նա իր ուտելու համար փայտիկները վերածեց գեղեցկուհու, որը սկսեց երգել ու պարել հյուրերի համար, իսկ խնջույքից հետո նորից փայտիկի վերածվեց: Այս ամենը շատ զարմացրեց Վան Ցիին, և նա, համենայնդեպս, որոշեց մնալ լեռան վրա, որպեսզի կախարդություն սովորի:
Անցավ ևս մեկ ամիս, իսկ Լաոշանի դաոսն առաջվա պես Վան Ցիին ոչինչ չէր սովորեցնում: Այս անգամ ծույլ Վան Ցին տագնապեց: Նա գնաց դաոսի մոտ ու ասաց. «Ես արդեն հոգնել եմ ցախ ջարդելուց: Չէ՞ որ ես եկել եմ այստեղ, որպեսզի մոգություն և կախարդություն սովորեմ, և խնդրում եմ ձեզ այդ մասին, այլապես ես զուր եմ այստեղ եկել»: Դաոսը ծիծաղեց և նրան հարցրեց, թե ինչպիսի կախարդանք է նա ուզում սովորել: Վան Ցին պատասխանեց. «Ես հաճախ տեսել եմ, թե ինչպես եք դուք անցնում պատերի միջով, ա՛յ հենց այդպիսի կախարդանք էլ ես ուզում եմ սովորել»: Դաոսը դարձյալ ծիծաղեց և համաձայնվեց: Նա Վան Ցիին հայտնեց հմայիլը, որի օգնությամբ կարելի է անցնել պատերի միջով, և կարգադրեց Վան Ցիին փորձել: Վան Ցին փորձեց և հեշտությամբ անցավ պատի միջով: Նա տեղնուտեղն ուրախացավ ու կամեցավ տուն վերադառնալ: Մինչև նրա տուն մեկնելը Լաոշանի դաոսը նրան ասաց, որ հարկ է լինել ազնիվ և համեստ մարդ, այլապես կախարդանքն իր ուժը կկորցնի:
Վան Ցին վերադարձավ տուն և կնոջ մոտ պարծեցավ, թե ինքը կարողանում է անցնել պատերի միջով: Սակայն կինը չհավատաց նրան: Վան Ցին սկսեց արտաբերել հմայիլը և գնաց պատի մոտ: Պարզվեց, որ նա ունակ չէ դրա միջով անցնելու: Նա գլուխը պատին խփեց ու ընկավ: Կինը ծիծաղեց նրա վրա ու ասաց. «Եթե աշխարհում գոյություն ունեն կախարդանքներ, ապա անհնար է դրանց հասու լինել երկու-երեք ամսվա ընթացքում»: Իսկ Վան Ցին մտածեց, թե Լաոշանի դաոսն իրեն խաբել է, և սկսեց այպանել սուրբ ճգնակյացին: Այնպես ստացվեց, որ Վան Ցին առաջվա պես ոչինչ չգիտի:
Վիշապաքաղը
Վաղուց, շատ վաղուց մի ռազմիկ սովորեց սպանել վիշապներին: Վիշապները վատ կենդանիներ էին համարվում: Եվ ռազմիկը գնաց նրանց սպանելու: Նա ոտնատակ տվեց ողջ Չինաստանը և բոլոր վիշապներին սպանեց: Եվ եկավ նա չինացի կայսրի մոտ այս հարցով. Որտե՞ղ դեռ վիշապներ կան: Նրանք վատն են, նրանց բոլորին պետք է սպանել:
Իսկ չինացի կայսրը պատասխանեց. «Այժմ վիշապներն ապրում են միայն քո մեջ: Սպանի՛ր դրանց»:
Վիշապը
Մի չինական գավառում ապրում էր Վիշապը: Մարդիկ ամեն ամիս պետք է նրան անասելի ծանր հարկ վճարեին և տային ամենագեղեցիկ աղջկան: Բայց գավառում ապրում էին նաև արժանավոր սխրագործներ, ովքեր ներխուժում էին վիշապի պալատն ու մարտնչում էին նրա դեմ: Շատ պատանիներ ջանում էին մարտի մեջ մտնել վիշապի դեմ իր պալատում, բայց ամեն անգամ պալատի պատշգամբ էր ելնում գուժկանն ու ազդարարում. «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Շատ ժամանակ անցավգ Հայտնվեց հերթական սխրագործը: Երբ նրա սիրած աղջկան տարան վիշապի մոտ, նա վերցրեց սուրն ու գնաց պալատ:
Դարպասները բացելով` նա մտավ վիթխարի դահլիճը: Կենտրոնում կեցած էր գահը, դրա վրա պառկած էր զառամ վիշապը: Պատանին մի երկու անգամ սրով բոթեց նրան` վիշապը սատկեց: Պատանին քայլեց պալատի երկար միջանցքներով` որոնելով իր հարսնացուինգ Պատերի տակ ոսկով և թանկարժեք իրերով լեցուն անթիվ սնդուկներ էինգ Այն միջոցին, երբ պատանին ընթանում էր պալատի միջանցքներով և զարմանում էր հարստությունից, որն, ըստ օրինաց կարգի` այժմ իրեն էր պատկանում, սկսեց հիանալ ալմաստների փայլից ու գեղեցկությունից, նրա մոտ պոչ աճեց, հետո` ճանկեր, ժանիքներ, թեփուկներգ Պատանին ձեռքերը խրում էր ոսկու սարերի մեջ և չէր կարողանում կտրվել: Միջանցքի վերջում բացվեց դեպի պատշգամբ տանող դուռը, ներքևում կանգնած էր ամբոխըգ Գուժկանը հայտարարեց (ինչպես սովորաբար)` «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Պատանին զարմացավ և սկսեց առարկել գուժկանին, թե, իբր, վիշապը պարտվել է և սրով խոցված պառկած է հատակին: Գուժկանը միայն մատնացույց արեց հայելին: Պատանին թեքվեց դեպի հայելին և տեսավ, թե ինչպես իր` թանկարժեք քարերի ու ոսկու փայլից հիացած աչքերն արյունով են լցվել, դեմքը վայրենացել է, իսկ աչքերն անճանաչելի են դարձել: Պատշգամբում կանգնած էր երիտասարդ, քաղցած և կատաղած վիշապը:
Ամեն ինչ քո ձեռքում է
Վաղուց, շատ վաղուց մի հինավուրց քաղաքում ապրում էր աշակերտներով շրջապատված մի Վարպետ: Նրանցից ամենաընդունակը մի անգամ մտածմունքի մեջ ընկավ. «Իսկ արդյո՞ք կա մի հարց, որին մեր Վարպետը չի կարող պատասխանել»: Նա գնաց ծաղկած մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռն ու պահեց այն իր ափերի միջև: Թիթեռը կառչում էր իր տոտիկներով նրա ձեռքերից, և աշակերտի ձեռքը խուտուտ էր գալիս: Ժպտալով նա մոտեցավ Վարպետին ու հարցրեց.
– Ասացեք, ի՞նչ թիթեռ է իմ ձեռքերում` ո՞ղջ, թե՞ մեռած:
Նա պինդ բռնել էր թիթեռին ծածկված ափերի արանքում, և ամեն պահի պատրաստ էր սեղմել դրանք` հանուն իր ճշմարտության:
Չնայելով աշակերտի ձեռքերին` Վարպետն ասաց.
– Ամեն ինչ քո ձեռքերում է:
Իմաստուն որոշումը
Մի անգամ Խինգ Շիի մոտ եկավ մի երիտասարդ, որ պատրաստվում էր ամուսնանալ, և հարցրեց.
– Ուսուցիչ, ես ուզում եմ ամուսնանալ, բայց, անպայման, միայն կույսի հետ: Ասա, ես իմաստո՞ւն եմ վարվում:
Ուսուցիչը հարցրեց.
– Իսկ ինչո՞ւ հատկապես կույսի հետ:
– Այդպես ես վստահ կլինեմ, որ իմ կինն առաքինի է:
Այդժամ ուսուցիչը ելավ և երկու խնձոր բերեց. մեկը` լրիվ, իսկ երկրորդը` կծած: Եվ առաջարկեց պատանուն դրանք համտեսել: Նա վերցրեց լրիվը, կծեց այն` խնձորը փտած դուրս եկավ: Այդ ժամանակ նա վերցրեց կծածը, բայց այն էլ էր փտած: Շվարած պատանին հարցրեց.
– Դե ուրեմն, ես ինչպե՞ս պետք է կին ընտրեմ:
– Սրտով,- պատասխանեց Ուսուցիչը:
Ներդաշնակությունը
Մի անգամ Խինգ Շին իր աշակերտներից մեկի հետ նստած էր ոչ մեծ, բայց շատ գեղատեսիլ լճի ափին: Օդը լեցուն էր բնության նրբին բույրերով, քամին դադարել էր, լճի հայելային հարթությունն իր մեջ արտացոլում էր ողջ շրջակայքն անհավանական ճշգրտությամբ: Բնության կատարելությունը, նրա հավասարակշռվածությունն ու մաքրությունն ակամա ներդաշնակության մասին մտքեր էին ծնում: Այդ պատճառով, որոշ ժամանակ անց, Խինգ Շին դիմեց իր աշակերտին հետևյալ հարցով.
– Յանգ Լի, ասա, ըստ քեզ` ե՞րբ վրա կհասնի լիակատար ներդաշնակությունը մարդկային հարաբերություններում:
Պատանի և հետաքրքրասեր Յանգ Լին, որ հաճախ էր ուղեկցում Ուսուցչին իր զբոսանքների ժամանակ, մտքերի մեջ ընկավ: Որոշ ժամանակ անց, նայելով բնության և նրա արտացոլանքի նույնականությանը լճում` ասաց.
– Ինձ թվում է, ներդաշնակությունը մարդկանց հարաբերություններում կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ գան միասնական կարծիքի, միակերպ մտածեն, դառնան կարծես թե մեկմեկու արտացոլանքը: Այդ ժամանակ չի լինի ո՛չ տարաձայնություն, ո՛չ էլ վեճ,- երազկոտ ասաց աշակերտը և տրտում հավելեց,- բայց մի՞թե դա հնարավոր է:
– Ոչ,- մտազբաղ պատասխանեց Խինգ Շին,- դա անհնար է, դե և պետք էլ չէ: Չէ՞ որ տվյալ դեպքում վրա կհասներ ոչ թե ներդաշնակությունը, այլ մարդու լիակատար անդեմությունը, նրա ներքին «եսի», անհատականության կորուստը: Մարդիկ կդառնային ոչ այնքան արտացոլանք, այլ` մեկմեկու ստվերը:
Փոքր-ինչ լռելուց հետո իմաստունը հավելեց.
– Ներդաշնակությունը մարդկային հարաբերություններում հնարավոր կդառնա լոկ այնժամ, երբ յուրաքանչյուր մարդ ձգտի ոչ թե` միասնական կարծիքի կամ այլոց ընդօրինակելու, այլ` իր անհատականությունն արտահայտելիս մյուսի իրավունքը հարգելու:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ