Բաժիններ՝

Շիզոֆրենիա. Ինչպես և սպասվում էր

«Զորակոչիկի լավագույն ընկերը հարթաթաթությունն է»՝ հումորն արդեն ծիծաղելի չէ: Բանակում չծառայելու համար հարթաթաթությունն արդեն չի փրկում: Չեն փրկում անգամ մտավոր հետամնացությունը, մենինգիտը, երիկամների հիվանդությունը: Բավական է համացանցում գրեք բանալի բառերը` «հիվանդ զինվոր», ու ձեր առաջ կբացվի անվերջանալի մի ցանկ` փաստերով, անուն-ազգանուններով, կոնկրետ հիվանդություններով: Բոլոր նման դեպքերում ծնողների վկայությունները կրկնում են իրար` զորակոչիկներն անցնում են արտաքին զննում, անգամ հիվանդությունների մասին վկայող փաստաթղթերին արժեք չեն տալիս, նպատակային ստուգումների երիտասարդներին չեն ուղարկում:

Բանակում կամ զորակոչիկների հետ տեղի ունեցող ցանկացած միջադեպի հասարակությունը շատ զգայուն է արձագանքում: Այդպես եղավ նաև նոյեմբերի 2-ին: Ֆեյսբուքում լուրեր տարածվեցին, թե «Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից զինվորներ են փախել և պատահական անցորդներին խնդրում են իրենց փրկել:

Պաշտոնական արձագանքը ոչ միայն ժլատ էր, այլև ուշացած` միջադեպից մեկ օր անց. «Կայազորային կլինիկական հոսպիտալից նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից փախուստի դիմած չորս զինծառայողներն էլ այս պահին գտնվում են հոսպիտալում, առանձին սենյակներում: (գ) Առայժմ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»:

Սա ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումն է` նոյեմբերի 2-ին հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի մասին:

Ենթադրաբար` այս տեղեկատվությունը նպատակ է ունեցել պարզաբանել եղածը և հասարակությանը ներկայացնել` ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Այն, որ հոսպիտալից փախած զինվորներին անմիջապես մեկուսացրել են, նրանց անունները չեն հրապարակվում և, ըստ էության, չի նշվում նրանց փախուստի պատճառը, ստիպում է Պաշտպանության նախարարության արձագանքն ընդունել` ինչպես սովորաբար` կասկածանքով:

Այս միջադեպը, սակայն, ստիպեց հիշել, որ զինվորական հոսպիտալում կա հոգեբուժական բաժանմունք: Այսինքն` եթե զորակոչիկը բանակ է ուղարկվում առողջ, հոգեբուժական բաժանմունքում հայտնվելու հեռանկարը ծագում է ծառայության ընթացքում: ՊՆ մամուլի խոսնակն «Ա1+»-ի լրագրողի հարցին` «Արդյո՞ք զինծառայողները (այս.- Լ.Ա.) բանակ են մեկնել` ունենալով հոգեբանական խնդիրներ», պատասխանել է. «Բանակ չեն մեկնել հոգեբանական խնդիրներով. մարդը ցանկացած պահի կարող է հոգեբանական սթրեսի մեջ հայտնվել: Զինվորներից ամեն մեկի մոտ տարբեր բնույթի է»:

Հոգեբուժական բաժանմունքի կամ հոգեբուժարանների գոյությունը, կվկայեն շատերը, շատ դեպքերում ծնողների համար ուղղակի փրկություն է. նորակոչիկներին իրական խելագարությունից փրկելու նպատակով, ծնողները, չխնայելով ոչինչ, նրանց տեղավորում են հոգեբուժարանում: Սա փորձված և իրեն արդարացնող միջոց է` զերծ պահել զավակներին հոգեկան հնարավոր շեղումներից:

Բայց ոչ բոլոր դեպքերում են զինվորները հոգեբուժական բաժանմունքում հայտնվում ծնողների ջանքերի շնորհիվ:

Շատերը չեն կարողացել մոռանալ դեռևս 2011թ. «Չենք լռելու» խմբի կողմից համացանցում հայտնված տեսանյութը: Առողջ երիտասարդին ԼՂՀ ՊԲ Մարտակերտի զորամասում խելագարության էին հասցրել (երիտասարդի անուն-ազգանունը չենք նշում, քանի որ նա այժմ բուժման կուրս է անցնում): Նման դեպքերում կրկնվում է «Գիքորի» ֆինալը` Համբոյին կարճ ասում են` արի՛: Այս դեպքում էլ զանգահարել են տղայի հորն ու ասել, թե` որդիդ Երևանի հոգեբուժական կլինիկաներից մեկում է, արի՛: Երիտասարդին խելագարության էին հասցրել, քանի որ հրաժարվել էր կատարել սպայի պահանջը` զինվորի խոսքով` «մասաժ անել» վերջինիս: Տարածված տեսանյութում երիտասարդն այլ սարսափելի մանրամասներ ևս հաղորդում էր:

Կայազորային կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի մասին ցանկացած վկայություն ստիպում է վերհիշել այն երիտասարդներին, որոնց զինվորական ծառայության վերջին հանգրվանը եղել է հոգեբուժական այս բաժանմունքը: Ինչպես ԼՂ «Եղնիկներ» զորամասից` Ժորա Մկրտչյանը:

19-ամյա զինծառայողին 2010թ. սեպտեմբերի 27-ին նվաստացրել էին, սարսափելի ծեծի ենթարկել, ապա տեղափոխել նույն այդ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի` արդեն ծանոթ հոգեբուժական բաժանմունք: 2012թ. նոյեմբերին երիտասարդը մահացավ:

Նման դեպքերում բարձրաստիճան զինվորական չինովնիկները վկայակոչում են աշխարհի մյուս բանակները` ոչ կանոնադրական հարաբերություններ կան ամենուր. տաքարյուն տղաներ են, երկար ժամանակով կտրվում են հարազատ միջավայրից, չեն դիմանում ծանրաբեռնվածությանն ու, խնդրեմգ

Իսկ հանցագործությունները բացահայտելու կոչված պաշտոնյաները, որպես կանոն, ծանրաբեռնված են միայն ոչ կանոնադրային հարաբերությունների աճող վիճակագրությամբ, որի մասին այնքան համառորեն հիշեցնում են խաղաղ պայմաններում իրենց որդիներին կորցրած մայրերը: Մայրերը միայն իրե՛նց հասկանալի հետևողականությամբ ցանկանում են պարզել իրենց որդիների սպանության, խելագարության իրական պատճառները:

Իսկ նրանց այնքան պարզ հասկացնում են` ձանձրացրել եք, աղավնյակներ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս