Վլադիմիր Նաբոկով-Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխությունը»

Մաս երրորդ
Սկիզբը` այստեղ.

Տեսարան առաջին: «Ծանր վերքը, որից Գրեգորը ամսից ավելի տանջվում էր (խնձորը ոչ մեկը չէր խիզախել հանել, և այն այդպես էլ մնացել էր մարմնի մեջ` որպես ակնառու հիշեցում), այդ ծանր վերքը հիշեցրեց, կարծես թե, նույնիսկ հորը, որ չնայած իր այժմյան խղճալի ու եղկելի կերպարին, Գրեգորն այդուհանդերձ ընտանիքի անդամ է, որ նրա հետ չի կարելի վարվել` ինչպես թշնամու հետ, այլ հարկ է, հանուն ընտանեկան պարտքի` ճնշել նողկանքը և դիմանալ, միայն դիմանալ»: Դարձյալ հայտնվում է դռների թեման` երեկոները Գրեգորի մթին սենյակից դեպի լուսավորված հյուրասենյակ դուռը բաց են թողնում:

Այդ իրավիճակի մեջ մի նրբություն կա: Նախորդ տեսարանում հայրն ու մայրը հնարավորինս աշխույժ էին. հայրը շքեղ համազգեստով նետում է փոքրիկ կարմիր բոմբերը` բեղմնավորության և առնականության սիմվոլները, իսկ մայրը, չնայած բրոնխների նվազությանը, իսկապես կահույք է տեղափոխում: Բայց վերելքին հաջորդում է վայրէջքը, թուլությունը: Թվում է, որ հայրն ինքը համարյա թե քայքայման և փխրուն բզեզ դառնալու շեմին է: Կարծես թե ինչ-որ տարօրինակ հոսանքներ են գալիս այդ բաց դռնից:

Բզեզի վերածվելու հիվանդությունը վարակիչ է, այն կարծես թե Գրեգորից անցել է հորը` թուլությամբ, փնթիությամբ, կեղտով: «Հայրն ընթրիքից հետո ննջում էր իր բազկաթոռի վրա, մայրն ու քույրն աշխատում էին լռություն պահպանել, մայրը, ուժգին առաջ հակված, լույսին մոտ, պատրաստի հագուստի խանութի համար նրբին սպիտակեղեն էր կարում, քույրը, որ խանութ էր ընդունվել` որպես վաճառողուհի, երեկոները զբաղվում էր սղագրությամբ և ֆրանսերենով, որպեսզի, գուցե թե, ավելի ուշ ինչ-որ ժամանակ ավելի լավ տեղի հասնի: Երբեմն հայրն արթնանում էր և, ասես չնկատելով, որ քնած է, ասում էր մորը. «Նորից որքան երկար ես դու այսօր կարում»,- որից հետո դարձյալ տեղնուտեղը քնում էր, իսկ մայրն ու քույրը հոգնած ժպտում էին մեկմեկու:

Ինչ-որ համառությամբ հայրը տանն էլ հրաժարվում էր հանել առաքիչի իր համազգեստը, և այնժամ, երբ նրա խալաթն անօգուտ կախված էր կեռիկից, հայրը ննջում էր իր տեղում` լիովին հագնված, ասես միշտ պատրաստ էր ծառայության և նույնիսկ այստեղ սպասում էր իր ղեկավարի ձայնին: Եվ այդ պատճառով նրա և սկզբից ևեթ ոչ նոր համազգեստը, չնայած մոր և քրոջ հոգածությանը, կորցրել էր իր հարդարուն տեսքը, և Գրեգորը, պատահում էր, երեկոները նայում էր թեկուզ և լիովին կեղտաբծերով պատված, բայց անընդհատ մաքրած կոճակներով փայլփլող հագուստին, որում ծերուկը բավական անհարմար և, այդուհանդերձ, հանգիստ քնում էր»:

Երբ գալիս էր քնելու ժամը, հայրն անընդհատ հրաժարվում էր անկողին մտնել, չնայած կնոջ և քրոջ հորդորներին, և, ի վերջո, կանայք բռնում էին նրա թևատակերից և բազկաթոռից բարձրացնում էին: «Եվ հենվելով երկու կանանց, դանդաղ, ասես չէր կարողանում գլուխ հանել սեփական մարմնի քաշից, (նա) ելնում էր, նրանց թույլ էր տալիս իրեն հասցնել մինչև դուռը, իսկ դրան հասնելով` նրանց գլխով էր անում, որպեսզի հեռանան, և արդեն ինքնուրույն շարունակում էր գնալ, սակայն մայրը փութով կարը մի կողմ էր նետում, իսկ քույրը` գրիչը, որպեսզի վազեին հոր ետքից և օգնեին, որ անկողին մտնի»: Հոր համազգեստը սկսում է հիշեցնել մեծ, բայց փոքր-ինչ քրքրված կոշտաբզեզի: Ուժասպառ կինն ու աղջիկը պետք է նրան մի սենյակից մյուսը տեղափոխեն և այնտեղ` անկողին:

Տեսարան երկրորդ: Զամզաների ընտանիքի քայքայումը շարունակվում է: Սպասուհուն ազատում են, և վարձում են ավելի էժան օրավարձու մի ծառայի` վիթխարի ոսկրոտ մի կնոջ` ամենածանր աշխատանքների համար: Նկատեմ, որ մաքրելն ու ուտելիք ապսպրելը Պրահայում 1912 թվականին շատ ավելի բարդ էր, քան Իթակեում 1954 թվականին: Զամզաները ստիպված են լինում վաճառել ընտանեկան զարդերը: «Ամենից շատ, սակայն, գանգատվում էին այն բանից, որ այս չափազանց մեծ, այժմյան հանգամանքների համար, բնակարանը, չի կարելի լքել, որովհետև պարզ չէ, թե ինչպես տեղափոխեն Գրեգորին:

Բայց Գրեգորը հասկանում էր, որ փոխադրմանը խանգարում է ոչ միայն հոգածությունն իր մասին, չէ՞ որ իրեն կարելի էր հեշտությամբ տեղափոխել ինչ-որ ծակոտկեն արկղով, փոփոխությունից ընտանիքին պահում էր հիմնականում լրիվ անհուսությունը և միտքն այն մասին, որ իրենց հետ այնպիսի դժբախտություն է պատահել, որն իրենց ծանոթներից և բարեկամներից ոչ մեկի հետ երբեք չի պատահել»: Ընտանիքի անդամները լիովին կենտրոնացած են իրենց վրա, նրանց ուժը բավում է միայն այն բանին, որպեսզի կատարեն իրենց ամենօրյա աշխատանքը:

Տեսարան երրորդ: Վերջին մարդկային հիշողություններն են պեծկլտում Գրեգորի գիտակցության մեջ, և դրանք հարուցվում են ընտանիքի մասին հոգածության կենդանի պահանջով: Նա նույնիսկ աղոտ հիշում է աղջիկներին, որոնցով հրապուրվել է, «բայց, այն բանի փոխարեն, որ օգնեն իրեն և իր ընտանիքին, նրանք բոլորը, մեկի պես, անմատույց էին դուրս գալիս, և նա ուրախ էր լինում, երբ նրանք անհետանում էին»: Այդ տեսարանը տրված է Գրետային, ով ողջ ակնհայտությամբ հանդես է գալիս` որպես հիմնական բացասական կերպարը: «Արդեն չմտորելով, թե ինչով Գրեգորին առանձնահատուկ հաճույք պատճառի, քույրն արդեն առավոտյան և կեսօրին, մինչև իր խանութը վազելը, ոտքով Գրեգորի սենյակն ինչ-որ ուտելիք էր նետում, որպեսզի երեկոյան, անկախ այն բանից, թե նա կդիպչի՞ դրան, թե՞, ինչպես ամենից հաճախ էր լինում, դրան չի էլ դիպչի, ավելի մի հարվածով մաքրի այդ ուտելիքը: Սենյակի հավաքումը, որով քույրը զբաղվում էր հիմա միշտ երեկոները, անցնում էր անհավանական արագ: Պատերի վրա կեղտահետքերի ժապավեններն էին, ամենուր փոշու և կեղտի կույտեր էին: Սկզբում քրոջ հայտնվելիս` Գրեգորը խցկվում էր հատկապես բարձիթողի անկյունները, ասես կշտամբելով նրան տեղի այդպիսի ընտրությամբ: Բայց եթե նա շաբաթներով էլ այդտեղ մնար, քույրը, միևնույն է, չէր փոխվելու, նա այդ կեղտը նրանից վատ չէր տեսնում, նա պարզապես որոշել էր թողնել այն:

Ընդ որում, նա ընդհանրապես նախկինում իրեն ոչ բնորոշ նեղացկոտությամբ, որ համակել էր ողջ ընտանիքին, հետևում էր այն բանին, որպեսզի Գրեգորի սենյակի հավաքումը մնա միայն իր` քրոջ գործը»: Մի անգամ, երբ մայրը մեծ մաքրություն էր սկսել` դրա համար օգտագործելով մի քանի դույլ ջուր, իսկ Գրեգորի համար խոնավությունը բավական տհաճ է, տեղի է ունենում գրոտեսկային ընտանեկան վեճ: Քույրը սկսում է հեկեկալ, ծնողներն անօգ զարմանքով նայում են նրան, «հետո նրանք ևս իրար անցան. հայրը` աջից, սկսեց կշտամբել մորն այն բանի համար, որ նա այդ մաքրությունը չի տրամադրել քրոջը, իսկ քույրը, ընդհակառակը, որ իրեն այլևս երբեք չեն թույլատրի մաքրել Գրեգորի սենյակը, այդ ընթացքում մայրը ջանում էր հորը քարշ տալ ննջարան, ով հուզմունքից լրիվ իրեն կորցրել էր, ցնցվելով հեծկլտոցներից` քույրն իր փոքրիկ բռունցքներով ծեծում էր սեղանը, իսկ Գրեգորը չարությունից բարձր ֆշշացնում էր, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցնում փակել դուռը և իրեն ազատել այդ տեսարանից և այդ աղմուկից»:

Տեսարան չորրորդ: Հետաքրքրական հարաբերություններ են հաստատվում օրավարձով աշխատող ոսկրոտ կնոջ հետ, ում Գրեգորն ամենևին չի վախեցնում, այլ ավելի շուտ զվարճացնում է: Նա նույնիսկ դուր է գալիս նրան. «Դե արի այստեղ, կեղտաբզեզ»,- ասում է նա: Իսկ դրսում անձրև է, գուցե թե, մոտալուտ գարնան նշանը:

Տեսարան հինգերորդ: Հայտնվում են կենվորներ` երեք մորուքավոր բնակիչ, որ շեղված են կարգուկանոնի վրա:

Դրանք մեխանիկական արարածներ են, դրանց տպավորիչ մորուքները` դիմակավորում է, իրականում այդ խիստ պարոնները սրիկաներ և ստահակներ են: Կենվորները մնում են ծնողների ննջարանում, հյուրասենյակի ձախ կողմում: Ծնողները տեղափոխվում են քրոջ սենյակը, Գրեգորի սենյակի աջ կողմում, իսկ Գրետան ստիպված է քնել հյուրասենյակում, և իր սենյակը նա այժմ չունի, քանզի կենվորները հյուրասենյակում են ընթրում և անցկացնում երեկոները:

Բացի այդ, երեք մորուքավորները կահավորված բնակարան են բերել իրենց սեփական կահույքը: Նրանց մեջ սատանայական մոլուցք կա առ արտաքին բարեկարգությունը, և նրանց համար անպիտան բոլոր իրերն ուղարկվում են Գրեգորի սենյակ:

Այսինքն` տեղի է ունենում հակառակն այն բանի, ինչը որ կատարվում էր կահույքի հետ երկրորդ մասի յոթերորդ տեսարանում, երբ ողջ կահույքը ջանում էին Գրեգորի սենյակից դուրս բերել: Այն ժամանակ մեզ մոտ տեղի էր ունենում տեղատվություն, այժմ` մակընթացություն է, հնոտին ետ է լողում, սենյակն ինչով ասես չի լցվում:

Հետաքրքիր է, որ Գրեգորը, ծանր հիվանդ բզեզը` խնձորով վերքը թարախակալում է, և նա համարյա դադարել է ուտել, հաճույք է ստանում` սողալով փոշոտ հնոտու միջով: Այդ երրորդ մասի հինգերորդ տեսարանում, ուր տեղի են ունենում բոլոր փոփոխությունները, ցույց է տրվում, թե ինչպես է փոխվել ընտանեկան ճաշկերույթների բնույթը: Մորուքավոր բերանների մեխանիկական շարժմանը համապատասխանում են Զամզաների ընտանիքի մեխանիկական հակազդեցությունները: Կենվորները. նստում են սեղանի այն ծայրից, ուր նախկինում ուտում էին հայրը, մայրը և Գրեգորը, բացում են անձեռոցիկները և ձեռքերը վերցնում դանակներն ու պատառաքաղները: Տեղնուտեղը դռան արանքում հայտնվում է մայրը` մսով ճաշատեսակով, և անմիջապես նրա ետքից` քույրը` կարտոֆիլի լիքը ափսեով:

Կերակրից առատ գոլորշի է բարձրանում: Կենվորները կռանում են իրենց առջև դրված ճաշատեսակների վրա` ասես կամենալով ստուգել դրանք, մինչև ուտելուն անցնելը, և նա, որ նստած էր մեջտեղում և, հավանաբար, առանձնակի հարգանք էր վայելում, իրոք որ մսի մի կտոր կտրում է հենց ափսեի վրա` ակնհայտորեն կամենալով ստուգել, արդյո՞ք այն բավականաչափ փափուկ է, և արդյո՞ք պետք չէ այն ետ ուղարկել: Նա գոհ է մնում, իսկ մայրն ու քույրը, որ լարված հետևում էին նրան, թեթևացած ժպտում են: Հիշենք Գրեգորի նախանձոտ հետաքրքրությունը մեծ ոտքերի հանդեպ, այժմ անատամ Գրեգորին հետաքրքրում են և ատամները: «Գրեգորին տարօրինակ թվաց, որ ճաշի բոլոր տարակերպ աղմուկներից մեկ էլ առանձնանում էր ծամող ատամների ձայնը, ասես դա պիտի Գրեգորին ցույց տար, որ ուտելու համար ատամներ են պետք, և, որ ամենահիասքանչ ծնոտներն էլ, եթե դրանք անատամ են, բանի պետք չեն: «Չէ՞ որ ես էլ ինչ-որ բան կուտեի,- մտահոգված ասում էր ինքն իրեն Գրեգորը,- բայց միայն թե` ոչ այն, ինչ նրանք: Ինչ շատ են այս մարդիկ ուտում, իս ես կործանվում եմ»:

Տեսարան վեցերորդ: Այս հիասքանչ երաժշտական տեսարանում կենվորները, լսելով խոհանոցում նվագող Գրետայի ջութակի ձայնը և ավտոմատորեն արձագանքելով երաԺշտությանը` որպես յուրահատուկ դեսերտի, նրան առաջարկում են իրենց առաջ նվագել: Երեք կենվորներն ու երեք տանտերերը տեղավորվում են հյուրասենյակում:

Չկամենալով նեղացնել երաժշտության սիրահարներին, այդուհանդերձ նկատեմ, որ, ընդհանուր առմամբ, սպառողական տեսանկյունից` երաժշտությունն արվեստի ավելի պրիմիտիվ, ավելի կենդանական տեսակ է, քան գրականությունն ու գեղանկարչությունը: Ես նկատի ունեմ երաժշտությունն` իր ամբողջության մեջ, ոչ թե անհատական ստեղծագործության, երևակայության, հորինման առումով, այլ շարքային ունկնդրի վրա նրա թողած ազդեցության առումով:

Մեծ կոմպոզիտորը, մեծ գրողը, մեծ նկարիչը եղբայրներ են: Բայց ես կարծում եմ, որ ազդեցությունը, որ թողնում է ունկնդրի վրա երաժշտությունը համահասանելի ու պրիմիտիվ ձևում` դա շատ ավելի ցածրակարգ ազդեցություն է, քան այն, որը թողնում է միջին մակարդակի գիրքը կամ նկարը: Ամենից առաջ ես նկատի ունեմ որոշ մարդկանց վրա երաժշտության հանգստացնող, քնեցնող, բթացնող ազդեցությունը` երաժշտությունը ձայնագրությամբ կամ ռադիոյով:
Կաֆկայի պատմվածքում պարզապես ջութակ է ծլնգացնում մի աղջիկ` դա համապատասխանում է այսօրվա երաժշտությանը, կոնսերվացված կամ եթերի: Կաֆկան երաժշտությանը վերաբերվում էր այնպես, ինչպես ես հենց նոր նկարագրեցի` նա դրա մեջ ինչ-որ կենդանական, թմրեցնող բան էր զգում: Այդ վերաբերմունքը հարկ է նկատի ունենալ այն նախադասությունը մեկնելիս, որը շատ մեկնաբաններ սխալ են հասկացել:

Այդտեղ ասված է տառացիորեն հետևյալը. «Արդյո՞ք Գրեգորը կենդանի էր, եթե երաժշտությունն այդպես հուզում էր նրան»: Այսինքն` դեռևս մարդ եղած ժամանակ նա այնքան էլ չէր սիրում այն, իսկ հիմա, բզեզ դառնալով, չի կարողանում դրա հմայքին դիմակայել` «Նրան թվում էր, որ իր առջև բացվում է ճանապարհն առ ցանկալի անհայտ սնունդը»:

Տեսարանը զարգանում է հետևյալ կերպ: Գրեգորի քույրը սկսում է նվագել կենվորների համար: Նվագը գրավում է Գրեգորին, և նա գլուխը խցկում է հյուրասենյակ: «Նա համարյա չէր զարմանում այն բանի համար, որ վերջին ժամանակներս սկսել է այլոց վերաբերվել ոչ այնքան նրբանկատ, նախկինում այդ նրբանկատությունն իր հպարտությունն էր: Այնինչ հենց հիմա նա, ավելի շատ, քան երբևէ, հիմքեր ուներ թաքնվելու, քանի որ փոշու պատճառով, որ նստած էր ամենուր իր սենյակում և նվազագույն իսկ շարժման դեպքում բարձրանում էր, նա ինքը ևս ամբողջովին փոշով էր պատված, մեջքի և կողքերի վրա նա իր հետ քարշ էր տալիս թելեր, մազեր, կերակրի մնացուկներ, չափազանց մեծ էր նրա անտարբերությունն ամեն ինչի հանդեպ, որպեսզի պառկի, առաջվա պես, օրվա մեջ մի քանի անգամ մեջքի վրա և մաքրվի գորգի վրա: Բայց, չնայած իր անխնամ տեսքին, նա չվախեցավ առաջ ընթանալ հյուրասենյակի շողշողուն հատակի վրայով»:

Սկզբում ոչ մեկը նրան չի նկատում: Կենվորները, «խաբված ջութակով լավ երաժշտություն լսելու իրենց ցանկության մեջ»` հեռացան պատուհանի մոտ և կիսաձայն բանակցում էին` բացահայտ սպասելով երաժշտության ավարտին: Բայց Գրեգորին թվում էր, թե քույրը հրասքանչ է նվագում:

Նա «ևս փոքր-ինչ առաջ սողաց և գլուխը կպցրեց հատակին, որպեսզի աչքերով նրան հանդիպելու հնարավորություն ստանա: Արդյո՞ք նա կենդանի էր, եթե երաժշտությունն այդպես հուզում էր նրան: Նրան թվում էր, որ իր առջև բացվում է ճանապարհն առ ցանկալի, անհայտ սնունդը:

Նա լեցուն էր քրոջը մոտենալու պատրաստակամությամբ և, նրա շրջազգեստը քաշելով, ուզում էր հասկացնել, որպեսզի նա իր ջութակով իր սենյակն անցնի, քանզի այստեղ ոչ մեկը նրա նվագն այնպես չի գնահատի, ինչպես կգնահատի այն նա: Նա որոշեց քրոջն իր սենյակից այլևս բաց չթողնել, համենայնդեպս, մինչև այն պահը, քանի դեռ նա ողջ է, թող որ իր սարսափելի արտաքինը վերջապես իրեն ծառայութուն մատուցի, նա ցանկանում էր, հայտնվելով միաժամանակ իր սենյակի բոլոր դռների մոտ, ֆշշոցով վախեցնել բոլոր նրանց, ովքեր կմոտենան իրենց, բայց քույրը պիտի մնա իր մոտ ոչ թե ստիպողաբար, այլ կամովին, թող նա նստի թախտին, իր կողքին և ականջը հակի նրան, և այնժամ նա կպատմի նրան, որ հաստատակամ մտադրված էր նրան Կոնսերվատորիա տեղավորել, և, որ այդ մասին, եթե այսպիսի դժբախտություն չպատահեր, նա դեռ նախորդ Ծնունդին, չէ՞ որ Ծնունդը, երևի, արդեն անցել է, բոլորին կհայտներ` չվախենալով որևէ և ոչ մեկի առարկություններից: Այդ բառերից հետո քույրը, հուզված, կարտասվեր, իսկ Գրեգորը կբարձրանար դեպի նրա ուսը և կհամբուրեր նրա վիզը, որը նա, ինչ ծառայության էր ընդունվել, չէր ծածկում ոչ օձիքով, ոչ էլ ժապավեններով»:

nabokovՄիջին կենվորը հանկարծ նկատում է Գրեգորին, իսկ հայրը, բզեզին քշելու փոխարեն, ինչպես նախկինում, հակառակն է վարվում` նետվում է դեպի եռյակը, «ջանալով իր լայն բաց արած ձեռքերով քշել կենվորներին իրենց սենյակը և միաժամանակ ծածկել Գրեգորին նրանց աչքերից իր մարմնով: Այժմ նրանք իսկապես սկսեցին զայրանալ, ոչ այն է` հոր վարմունքից, ոչ այն է` հայտնաբերելով, որ ապրում էին` չկասկածելով այն բանի մասին, որ այսպիսի հարևանի հետ են, ինչպիսին Գրեգորն է: Նրանք հորից բացատրություններ էին պահանջում, իրենց հերթին ձեռքերը տնկելով, քորքրում էի մորուքները և միայն դանդաղ ընկրկում էին դեպի իրենց սենյակը»: Քույրը նետվում է կենվորների սենյակը և արագ նրանց տեղաշորն է փռում: Բայց հորը «հավանաբար դարձյալ այնքան էր կալել իր համառությունը, որ նա մոռացավ ամենայն պատշաճության մասին, որով ուզած-չուզած պարտ էր վարվելու իր կենվորների հետ: Նա անընդհատ քշում ու քշում էր նրանց, մինչև որ արդեն սենյակի դռների արանքում միջին կենվորը ոտքը բարձր գետին զարկեց և դրանով կանգնեցրեց հորը:

– Թույլ տվեք ազդարարելու,- ասաց նա` ձեռքը տնկելով և աչքերով փնտրելով նաև մորն ու քրոջը,- որ նկատի ունենալով այս տանն ու այս ընտանիքում տիրող եղկելի կարգը,- այդ պահին նա հաստատակամ թքեց հատակին,- ես կտրականապես հրաժարվում եմ սենյակից: Անշուշտ, ես ոչ մի գրոշ չեմ վճարի և այն օրերի համար, որ ես այստեղ ապրել եմ, ընդհակառակը, ես դեռ կմտածեմ` արդյո՞ք ձեզ ինչ-որ պահանջներ չներկայացնեմ, համարձակվում եմ ձեզ հավաստիացնելու, լիովին հիմնավորված:
Նա լռեց և շեշտակի նայեց առաջ, կարծես ինչ-որ մեկին սպասում էր: Եվ իսկապես, նրա երկու ընկերը տեղնուտեղը ձայնակցեցին.

– Մենք էլ ենք կտրականապես հրաժարվում:
Դրանից հետո նա ձեռքը տարավ դեպի դռան բռնակը և աղմուկով դուռը շրխկացրեց»:
Տեսարան յոթերորդ: Քույրը լիովին մերկացրեց իրեն, նրա վերջնական դավաճանությունը ճակատագրական է Գրեգորի համար:
«- Ես այս հրեշի ներկայությամբ եղբորս անունը չեմ տա և կասեմ միայն` մենք պիտի փորձենք ազատվել նրանից (գ):

– Մենք պիտի փորձենք ազատվել նրանից,- ասաց քույրը` դիմելով միայն հորը, քանզի մայրն իր հազի ետևում ոչինչ չէր լսում,- նա ձեզ երկուսիդ էլ կկործանի, այ կտեսնեք: Եթե այսպես ծանր աշխատում ենք մենք բոլորս, անտանելի է տանը ևս տանել այս հավերժական տանջանքը: Ես նույնպես այլևս չեմ կարողանում:
Եվ նա այնպես հեծկլտաց,որ նրա արցունքները ցայտեցին մոր դեմքի վրա, որոնք քույրը սկսեց մաքրել ձեռքերի մեքենայական շարժմամբ»: Հայրն ու քույրը համաձայն են այն բանում, որ Գրեգորն իրենց չի հասկանում, և այդ պատճառով նրա հետ պայմանավորվել անհնար է:
«- Թող կորչի այստեղից,- գոչեց քույրը: -Դա միակ ելքն է, հայրիկ: Դու պիտի միայն ազատվես այն մտքից, որ դա Գրեգորն է: Հենց դա է մեր դժբախտությունը, որ մենք երկար հավատում էինք դրան: Բայց ի՞նչ Գրեգոր է նա: Եթե սա Գրեգորը լիներ, նա վաղուց կհասկանար, որ մարդիկ չեն կարող ապրել այսպիսի կենդանու հետ, և հենց ինքը կգնար:

Այդ ժամանակ մեզ մոտ եղբայր չէր լինի, բայց փոխարենը` մենք կարող էինք առաջվա պես ապրել և հարգել նրա հիշատակը: Իսկ ինչպե՞ս է այս կենդանին հետապնդում մեզ, քշում է կենվորներին, բացահայտ ուզում է գրավել ողջ բնակարանը և մեզ փողոց նետել»:
Այն, որ նա անհետացել է` որպես մարդկային էակ և որպես եղբայր, իսկ այժմ պիտի անհետանա որպես բզեզ, մահացու հարված եղավ Գրեգորի համար: Թույլ և խեղված, նա մեծ ջանքով սողում է իր սենյակը: «Դռների արանքում նա շրջվում է, և վերջին անգամ նրա հայացքն ընկնում է քնած մոր վրա»: Հենց որ նա հայտնվեց իր սենյակում, դռան սողնակը քաշեցին, իսկ հետո նաև բանալիով փակեցին: Հետևից եկող հանկարծակի աղմուկից Գրեգորն այնպես վախեցավ, որ նրա տոտիկները ծալվեցին: Դա քույրն էր այդպես շտապում: Նա արդեն պատրաստ կանգնած էր, հետո թեթև առաջ նետվեց, Գրեգորը նույնիսկ չէր լսել, թե ինչպես է նա մոտեցել, և ծնողներին գոռալով` «Վերջապես», բանալին պտտեց կողպեքի մեջ»: Հայտնվելով մթության մեջ, Գրեգորը հայտնաբերում է, որ այլևս չի կարողանում շարժվել և, թեպետ նա ցավ է զգում, ցավը կարծես թե արդեն անցնում է:

«Փտած խնձորը` մեջքի մեջ, և դրա շուրջ գոյացած բորբոքումը, որը հասցրել էր փոշով ծածկվել, նա արդեն համարյա չէր զգում: Իր ընտանիքի մասին նա մտածում էր քնքշությամբ և սիրով: Նա նույնպես համարում էր, որ պիտի անհետանա, համարում էր, թերևս, ավելի հաստատակամ, քան քույրը: Մաքուր և խաղաղ խորհրդածության այդ վիճակում նա մնաց մինչև այն պահը, երբ աշտարակի ժամացույցը խփեց գիշերվա ժամը երեքը: Երբ պատուհանի ետևում ամեն ինչ լուսավորվեց, նա դեռ ապրում էր: Հետո նրա գլուխն, իրենից անկախ, լրիվ կախ ընկավ, և նա վերջին անգամ թույլ հոգոց հանեց»:

Տեսարան ութերորդ: Գրեգորը մահացած է, առավոտյան սպասուհին գտնում է չորացած մարմինը, և միջատների ընտանիքին համակում է թեթևության հուժկու, ջերմ զգացողությունը: Պատմության այդ աստիճանը պետք է դիտարկել ուշադիր և սիրով: Գրեգորը մարդ է` միջատի կերպարանքով, նրա բարեկամները միջատներ են` մարդկային կերպարանքով: Գրեգորը մահացավ, և նրանց միջատ հոգիները մեկեն զգում են, որ հիմա կարելի է բերկրել կյանքից:
«- Մի րոպե մեզ մոտ անցիր, Գրետա,- ասաց տիկին Զամզան տրտում ժպիտով, և Գրետան, չդադարելով նայել դիակին, գնաց ծնողների ննջարան»:

Սպասուհին պատուհանը լայն բացում է, փողոցային օդում արդեն տաքություն է զգացվում` մարտն ավարտին է մոտենում, և միջատները քնից արթնանում են:
Տեսարան իններորդ: Հիանալի պատկեր` կենվորները մռայլ նախաճաշ են պահանջում, իսկ դրա փոխարեն` նրանց ցույց են տալիս Գրեգորի դիակը: «Նրանք մտան այնտեղ և արդեն լիովին լուսավոր սենյակում շրջապատեցին Գրեգորի դիակը, ձեռքերը իրենց մաշած բաճկոնների գրպաններում պահած»: Ո՞ր բառն է այստեղ առանցքայինը:

Մաշվածը` արևի լույսի ներքո: Ինչպես հեքիաթում, ինչպես հեքիաթի երջանիկ ավարտում` չար դյութանքները ցրվում են կախարդի մահվան հետ: Պարզ է դառնում կենվորների խեղճուկրակությունը, նրանց մեջ արդեն ոչ մի ահեղ բան չկա, իսկ Զամզաների ընտանիքը, ընդհակառակը, թև է առել, համակվել է կյանքի մոլեգին ուժով, պայմաններ է թելադրում: Տեսարանն ավարտվում է աստիճանների թեմայի կրկնությամբ: Նախկինում աստիճաններով դանդաղեցված շարժումով ընկրկում էր գործավարը` ճաղաշարից բռնվելով: Այժմ պարոն Զամզան կարգադրում է հեզացած կենվորներին լքել բնակարանը: «Նախասրահում բոլոր երեք կենվորները կախիչից հանեցին գլխարկները, հանեցին ձեռնափայտերի հենակից ձեռնափայտերը, լուռ խոնարհվեցին և լքեցին բնակարանը»:

Իջնում են երեք մորուքավոր կենվորներ, ավտոմատներ, տիկնիկներ, իսկ Զամզաների ընտանիքը` հենվելով ճաղաշարին, զննում է նրանց լքումը: Ներքև իջնող աստիճանների մարշերը, այսպես ասած, մոդելավորում են հատվածոտանիների տոտիկները, իսկ կենվորները, մեկ` անհետելով, մեկ` դարձյալ հայտնվելով, իջնում են ավելի ու ավելի ներքև, հարթակից հարթակ, հոդից հոդ: Ինչ-որ կետում նրանց է հանդիպում մսագործի օգնականը, սկզբում նա երևում է ներքևում և բարձրանում է նրանց հանդիման, իսկ հետո հայտնվում է նրանց վերևում, հպարտորեն ձգված, կարմիր բիֆշտեքսներով և հյութեղ փորոտիքներով կողովը գլխին` փայլփլուն յուղոտ ճանճերին ծնունդ տվող հում կարմիր մսով:
Տասներորդ տեսարան: Վերջին տեսարանը հիասքանչ է` իր հեգնական պարզությամբ: Գարնանային արևը շողշողում է քրոջ և ծնողների վրա` գրոտողների` գեղագրություն, հատվածոտանիները, բերկրուն տոտիկները, երեք միջատ երեք նամակ են գրում` բացատրական գրություններ իրենց ղեկավարներին: «Նրանք որոշեցին այսօրվա օրը նվիրել հանգստին և զբոսանքին, նրանք ոչ միայն արժանի էին այդ ընդմիջմանն աշխատանքում, այն պարզապես անհրաժեշտ էր նրանց»: Սպասուհին` ավարտելով առավոտյան աշխատանքները, գնում է և բարեհամբույր ժպիտով նրանց ասում. «Այն հաշվով, թե ինչպես հավաքել սա, կարող եք չանհանգստանալ: Արդեն ամեն ինչ կարգին է»: Տիկին Զամզան և Գրետան կենտրոնացած տեսքով դարձյալ հակվել են իրենց նամակների վրա, իսկ պարոն Զամզան, տեսնելով, որ սպասուհին պատրաստվում է ամեն ինչ մանրամասն պատմել, ձեռքի շեշտակի շարժումով կանգնեցնում է նրանգ

«- Երեկոյան նա ազատված կլինի,- ասաց պարոն Զամզան, բայց պատասխան չստացավ ոչ կնոջից, ոչ էլ աղջկանից, քանզի սպասուհին խախտել էր նրանց հազիվ ձեռք բերած հանգիստը: Նրանք ելան, մոտեցան պատուհանին և գրկված կանգնեցին այնտեղ: Պարոն Զամզան շրջվեց աթոռի վրա նրանց կողմը և մի քանի ակնթարթ լուռ նայում էր նրանց: Այնուհետև նա բացականչեց.- Դե եկեք այստեղ: Վերջապես մոռացեք հին բաները: Եվ թեկուզ փոքր-ինչ մտածեք իմ մասին:

Կանայք տեղնուտեղը ենթարկվեցին, փութացին նրա մոտ, շոյեցին նրան և արագ ավարտեցին իրենց նամակները: Այնուհետև բոլորը միասին լքեցին բնակարանը, ինչը որ արդեն մի քանի ամիս չէին արել, և տրամվայով քաղաքից դուրս ելան: Վագոնը, որում միայն նրանք էին նստած, լի էր տաք արևով: Հարմար թիկն տված իրենց նստարաններին` նրանք քննարկում էին գալիք ծրագրերը, որոնք ի մոտո զննելիս` ամենևին էլ վատը դուրս չեկան, քանզի ծառայությունը, որի մասին նրանք միմյանց մինչև այժմ ամենևին չէին էլ հարցրել, նրանց բոլորի համար էլ բացառիկ հարմար էր, իսկ կարևորը` այն շատ բան էր խոստանում ապագայում: Ամենաէական կերպով, իհարկե, հեշտորեն կարող էր վիճակը փոխել բնակարանի փոփոխությունը, նրանք որոշեցին վերցնել ավելի փոքրն ու ավելի էժանը, բայց փոխարենը` ավելի հարմարավետ և ընդհանրապես ավելի համապատասխանող բնակարան, քան այժմյանը, որն ընտրել էր դեռ Գրեգորը:

Երբ նրանք այդպես զրուցում էին, պարոն և տիկին Զամզաներն իրենց ավելի ու ավելի աշխուժացող աղջան տեսնելով` համարյա միաժամանակ մտածեցին, որ, չնայած բոլոր դժբախտություններին, որ դժգունությամբ էին պատել նրա այտերը, նա վերջին ժամանակներս ծաղկել է և փարթամ գեղեցկուհի է դարձել:

Լռելով և հայացքների լեզվին անցնելով` նրանք մտածում էին այն մասին, որ ահա և նրան լավ ամուսին ճարելու ժամանակն է: Եվ ասես ի հաստատումն իրենց նոր երազանքների և հիասքանչ մտադրությունների` աղջիկն առաջինը ելավ և շտկեց իր երիտասարդ մարմինը»:

Եզրափակենք պատմվածքի հիմնական թեմաները:

1. Պատմվածքի մեջ նշանակալի դեր է խաղում երեք թիվը: Պատմվածքը բաժանված է երեք մասի: Գրեգորի սենյակում երեք դուռ է: Նրա ընտանիքը բաղկացած է երեք հոգուց: Պատմվածքի ընթացքում երեք սպասուհի են հայտնվում: Երեք կենվորները երեք մորուք ունեն: Երեք Զամզաները երեք նամակ են գրում: Ես զգուշանում եմ սիմվոլների նշանակությունը շեշտելուց, քանզի հենց որ դուք սիմվոլը պոկում եք գրքի գեղարվեստական առանցքից, այն դադարում է ձեզ ուրախացնել:

Պատճառն այն է, որ կան գեղարվեստական սիմվոլներ, և կան տափակ, հորինածին և նույնիսկ տխմար սիմվոլներ: Դուք քիչ չեք հանդիպի այդպիսի տխմար սիմվոլների Կաֆկայի ստեղծագործությունների հոգեվերլուծաբանական և առասպելաբանական մեկնություններում` սեքսի ու առասպելաբանության մոդայիկ խառնուրդում, որ այնքան գրավում է միջակ ուղեղներին:

Այլ կերպ ասած` սիմվոլները կարող են լինել ճշմարիտ, իսկ կարող են լինել և տափակ ու տխմար: Ճշմարիտ գեղարվեստական ստեղծագործության աբստրակտ սիմվոլիկ նշանակությունը երբեք չպիտի գերակշռի հիասքանչ հուրհրատող կյանքին: Այնպես որ, շեշտը երեք թվի վրա «Կերպարանափոխությունում» ունի ավելի շուտ էմբլեմատիկ կամ հերալդիկ բնույթ, քան սիմվոլիկ: Ըստ էության, նրա դերը տեխնիկական է:

Երրորդությունը, տրիպլետը, տրիադան, տրիպտիխը` արվեստի ակնհայտ ձևերն են, ինչպես, օրինակ, երեք նկարը` պատանությունը, հասունությունը, ծերությունը, կամ ցանկացած այլ եռակի, եռամաս սյուժե: Տրիպտիխը նշանակում է` եռաբաժին նկար կամ քանդակ, իրար կողքի, և հենց այդ էֆեկտին է հասնում Կաֆկան, տալով, օրինակ, երեք սենյակ պատմվածքի սկզբում` հյուրասենյակը, Գրեգորի սենյակը և քրոջ սենյակը, Գրեգորի սենյակով` կենտրոնում: Բացի այդ, երեքմասանի կառուցվածքը զուգորդվում է պիեսի երեք արարին: Եվ վերջապես, հարկ է նշել, որ Կաֆկայի ֆանտազիան շեշտված տրամաբանական է` ի՞նչը կարող է ավելի հարազատ լինել տրամաբանությանը, քան թեզիս-հակաթեզիս-սինթեզ տրիադան: Այնպես որ, եկեք կաֆկայական «երեք» սիմվոլին միայն տանք գեղագիտական և տրամաբանական նշանակությունները և լիովին մոռանանք այն ամենի մասին, ինչ որ ներընթերցում են դրա մեջ սեքսուալ առասպելաբանները` վիեննացի շամանի ղեկավարությամբ:

2. Մյուս թեմատիկ գիծը` դա դռների գիծն է, բացվող և փակվող, այն ներթափանցված է ողջ պատմվածքում:

3. Երրորդ թեմատիկ գիծը` Զամզաների ընտանիքի վերելքներն ու վայրէջքներն են, նրբին հավասարակշռությունը նրանց ծաղկունքի և Գրեգորի հուսահատորեն խղճուկ վիճակի միջև: Կան և այլ, երկրորդական թեմաներ, բայց պատվածքի ընկալման համար էական են միայն սրանք:

Ուշադրություն դարձրեք Կաֆկայի ոճի վրա: Նրա խոսքի պարզությունը, ճշգրիտ և խիստ ձայներանգը կտրուկ հակադրված են պատմվածքի մղձավանջային բովանդակությանը: Նրա հատու, սև-սպիտակ գիրը` չզարդարված որևէ բանաստեղծական փոխաբերությամբ: Նրա լեզվի թափանցիկությունը շեշտում է նրա ֆանտազիայի մռայլամած հարստությունը: Հակադրությունն ու միասնությունը, գրելաեղանակն ու նյութը ձուլված են անխախտելի ամբողջության մեջ:

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս