«Նախաքննական ցուցմունքները կորզվել են բռնության և սպառնալիքի գործադրմամբ»
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 28-ին շարունակվել է Երևանի Անդրանիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
2012-ի օգոստոսի 9-ին, ժամը 05:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել Աշոտ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2012-ի օգոստոսի 9-ին՝ ժամը 05:00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի 100 շենքի բակում նա, Հովիկ Ադամյանը, Գևորգ Աֆանեսյանը, ոմն Արթուրի հետ միասին` անհիմն վիճաբանել են Մուխաել Վարդանյանի, նրա կնոջ` Անահիտ Վարդանյանի, և որդու` Տիգրան Վարդանյանի հետ, ծեծի ենթարկել վերջիններիս, որի ընթացքում շուրջ 30 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մ. Վարդանյանի, Ա. Վարդանյանի, Տ. Վարդանյանի, Անդրանիկի 100 շենքի և հարակից բնակիչների նկատմամբ, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, սեռական բնույթի հայհոյանքներով, որի ընթացքում Աշոտ Պողոսյանի կողմից գործադրվել է որպես զենք օգտագործվող դանակ, որի արդյունքում` Մ. Վարդանյանի ձախ ազդրին պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածք: Գործը գտնվում է դատավոր Արտակ Զախարյանի վարույթում:
Գործով ամբաստանյալ Աշոտ Պողոսյանի պաշտպան Վահագն Մանուկյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ապօրինի է ու անհիմն. «Քրեական գործի նախաքննության և դատաքննության արդյունքներով պարզվել է, որ քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող և մեղադրանքը պաշտպանող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հ. Սարգսյանը և Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Նավոյանը գործի քննության ժամանակ թույլ են տվել բազմաթիվ կոպիտ դատավարական խախտումներ, իսկ իմ պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը լիովին ապօրինի է ու անհիմն, ինչը հաստատվում է ներքոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպես, դատաքննության ժամանակ տուժողներ Մուխաել և Անահիտ Վարդանյանները ցուցմունք են տվել ու պնդել են, որ իրենք դեպքի պահին Աշոտ Պողոսյանի ձեռքին դանակ չեն տեսել, ու իրենց հայտնի չէ, թե ով է դանակով հարվածել տուժողին: Գործով մյուս ամբաստանյալներ Հովիկ Ադամյանն ու Գևորգ Աֆանեսյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Աշոտ Պողոսյանն ընդհանրապես մասնակից չի եղել այդ դեպքին, և, որ խոսքը գնում է մեկ այլ Աշոտի մասին:
Ավելին, Գևորգ Աֆանեսյանը դատարանում հայտարարել է այն մասին, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է բռնություն, և, որ նախաքննական ցուցմունքները նրանից կորզվել են բռնության և սպառնալիքի գործադրմամբ: Գործով վկայակոչված վկաները ցուցմունք են տվել այն մասին, որ ընդամենը ներկա են եղել միջադեպին, թե ովքեր են եղել վիճաբանող անձինք` իրենց հայտնի չէ, և նրանցից ոչ մեկին չեն ճանաչում:
Բացի դա, վկաները հաստատել ու պնդել են, որ ներկա գտնվող անձանց ձեռքին դանակ կամ այլ սուր, կտրող-ծակող գործիք չեն տեսել, թե ով է տուժողին դանակահարել` իրենց հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է իմ պաշտպանյալ Աշոտ Պողոսյանին, ապա վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հարցաքննության ժամանակ կտրականապես հերքել է իր առնչությունն իրեն մեղսագրված հանցանքում, և, որ ինքը դանակով ոչ ոքի չի հարվածել»:
Փաստաբան Վահագն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դատարանը կամ ինքը համապատասխան գրությամբ իրավապահ մարմիններին հայտնե՞լ են ամբաստանյալի ցուցմունքների մասին, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել: Ի պատասխան` փաստաբանն ասաց. «Պաշտպանական կողմը միջնորդություն է հարուցել նյութեր նախապատրաստել, ուղարկել Հատուկ քննչական ծառայություն»:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ միջնորդության քննարկումը դատարանը հետաձգել է. դրան անդրադարձ կկատարվի նոյեմբերի 11-ին: Մեր դիտարկմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով` որպես ապացույց չթույլատրվող նյութերի շարքին են դասվում այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, Վահագն Մանուկյանն արձագանքեց. «Դրանք առոչինչ են և հիմք են քրեական գործ հարուցելու, քննություն կատարելու և հետագայում ապացուցվելու դեպքում` քրեական հետապնդում իրականացնելու համար»:
Վահագն Մանուկյանի խոսքով՝ գործի քննությամբ պարզվել է, որ ձերբակալման ժամանակ իր պաշտպանյալ Աշոտ Պողոսյանի դեմքի և մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ. «Դա հաստատվում է քրեական գործում առկա համապատասխան փաստաթղթերով: Թիվ 16123512 քրեական գործի նախաքննության ընթացքում դեռևս 15.09.2012թ. իմ կողմից միջնորդություն էր հարուցվել Աշոտ Պողոսյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ: 19.09.2013թ. որոշում է կայացվել Աշոտ Պողոսյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին:
15.10.2013թ. ԴԲՓ Ա.Ֆ. Դալլաքյանի կողմից տրվել է թիվ 1385/հ եզրակացությունը` համաձայն որի` քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ առանց քննիչի ուղեկցության չի թույլատրվում մուտք գործել հիմնարկության տարածք, և դատաբժիշկ փորձագետն իրավասու չի պահանջել կալանավորին, ուստի փորձաքննությունը լիարժեք լինելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի «Նուբարաշեն» ՔԿՀ այց կատարվի քննիչի ուղեկցությամբ, որից հետո հնարավոր կլինի տալ վերջնական եզրակացություն: Քրեական գործի նյութերում առկա է 26.10.2012թ. թիվ 7/9 3290 գրությունը, համաձայն որի` նախաքննական մարմինը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին խնդրել է դատաբժշկական փորձագետ Ա.Ֆ. Դալլաքյանին թույլատրել մուտք գործել քրեակատարողական հիմնարկի տարածք` Աշոտ Պողոսյանին բժշկական զննության ենթարկելու համար:
Միաժամանակ նախաքննական մարմինը նույն գրությամբ խնդրել է տրամադրել Աշոտ Պողոսյանի վերաբերյալ ամբուլատոր քարտի և զննության մատյանի պատճենները»: Վահագն Մանուկյանը նշեց, որ առ այսօր փորձաքննություն չի կատարվել, և նախաքննական մարմնի կողմից որևէ գրավոր պատասխան չի տրվել նշված միջնորդության և փորձաքննություննը անավարտ մնալու կապակցությամբ:
«Ավելին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի կողմից տրվել է գրավոր հանձնարարություն` նյութեր նախապատրաստել և քննություն կատարել Աշոտ Պողոսյանին պատճառված մարմնական վնասվածքների փաստի վերաբերյալ: Դատաքննության ժամանակ պարզվել է, որ այդ նյութերով Աշոտ Պողոսյանից բացատրություն չի վերցվել, և պաշտպանական կողմին, ընդհանրապես, հայտնի չէ այդ նյութերի ընթացքի մասին:
Եվ միայն դատարանում է պարզվել, որ նշված փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմին չի տրամադրվել` օրենքով սահմանված կարգով դրան ծանոթանալու և բողոքարկելու համար: Նշված հանգամանքը հաստատվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ գրությամբ:
Այսինքն` Աշոտ Պողոսյանին պատճառված մարմնական վնասվածքների փաստը, ըստ էության, քննության առարկա չի դարձել, իսկ եթե դարձել է, ապա այն կատարվել է առանց Աշոտ Պողոսյանի և իմ մասնակցության, ինչը սոսկ վկայում է այն մասին, որ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով` քննչական մարմինը և Դատախազությունը վերոհիշյալ հանգամանքների իրական պատճառները ցանկացել են թաքցնել, ինչը խիստ կասկածելի է դարձնում այս ողջ պատմությունը»,- հավելեց փաստաբանը:
Վահագն Մանուկյանի գնահատմամբ՝ քրեական գործի քննությունը կատարվել է թերի և մակերեսորեն. «Գործում բացակայում է հանցագործության գործիք դանակը, հեռախոսազանգերի ելքային և մուտքային վերծանումների շուրջ ընդհանրապես քննություն չի կատարվել, իսկ ինչ էլ որ արվել է, ապա արդյունքում միանշանակ հաստատվել է, որ Աշոտ Պողոսյանը բացակայել է դեպքի վայրից և որևէ առնչություն չունի ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղսագրված հանցանքի հետ: Միաժամանակ նաև Ձեր ուշադրությունը սևեռեմ այն հանգամանքի վրա, որ սույն քրեական գործից անջատվել է ոմն Արթուրի վերաբերյալ մասը, և ներկայումս կատարվում է նախաքննություն:
Նշված անձնավորության բացակայության պայմաններում իմ պաշտպանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով որակելը լիովին ապօրինի է, քանի որ նշված Արթուրին հայտնաբերելու և հարցաքննելու դեպքում` չի բացառվում, որ ի հայտ գան այնպիսի հանգամանքներ, որոնք ընդհանրապես չբխեն այս քրեական գործի փաստացի հանգամանքներից և Աշոտ Պողոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքերից, ընդհուպ` մինչև մեկ այլ անձի կողմից տուժողին սուր, կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով կարող է ամբողջությամբ փոփոխվել գործի ողջ բուն էությունը:
Այս բոլորի հետ մեկտեղ` խիստ արդիական եմ համարում նշել, որ պաշտպանական կողմը գործի քննության ընթացքում ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ` առերեսումներ, փորձաքննություններ կատարելու վերաբերյալ, որոնք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդպես էլ քննիչի կողմից քննարկման առարկա չեն դարձել, և այդ կոպիտ դատավարական խախտումները, չգիտես ինչու, վրիպել են դատախազի աչքից:
Բացի դա, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ և ստացվել են դրանց եզրակացությունները, որոնց իմ պաշտպանյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247 հոդվածով սահմանված կարգով չի ծանոթացել, պաշտպանական կողմին չի հայտնվել նախաքննության ավարտման մասին, ծանոթանալու համար չեն ներկայացվել քրեական գործի նյութերը, որի հետևանքով ես և Աշոտ Պողոսյանը զրկված ենք եղել առարկություններ ու միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքներից»:
«168 ԺԱՄ»