Բաժիններ՝

«Ավստրիայում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա»

Այս օրերին Հայաստանում էր գտնվում Ավստրիայից ժամանած գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը, ում հրավերով և Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեր երկիր էին ժամանել Ավստրիայի հայտնի ջազմեններ Քրիստոֆ Չեխը, Պիտեր Հերբերտը, Ֆաբիան Ռուկերը:

Ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը տասնյակ տարիներ ինքնուրույն, անաղմուկ իրականացնում է նախագծեր, որոնց միջոցով գերմանախոս երկրներում տարածում է հայկական մշակույթը, գրականությունը: Նա փայլուն տիրապետում է յոթ լեզուների, դասական, ինչպես նաև՝ ժամանակակից հայ բազմաթիվ գրողների ստեղծագործություններ է թարգմանել գերմաներեն: Ասում է՝ գերմանախոս ընթերցողը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայ հեղինակների գրքերի նկատմամբ՝ Գրիգոր Նարեկացի, Վահան Տերյան, Լևոն Խեչոյան, Արմեն Շեկոյան և շատ այլ գրողներ, որոնց թարգմանված ստեղծագործություններն այսօր կարելի է գտնել Ավստրիայի գրատպության ոլորտում:

Հերբերտ Մաուրերի հավաստմամբ՝ վերջին տարիներին Ավստրիայում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ընդ որում՝ Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության միջոցով նա ծրագրերն է՛լ ավելի բազմաշերտ է դարձրել: Վերջերս Հերբերտ Մաուրերն Ավստրիայի ԱԳՆ-ի հետ համատեղ` Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ավստրիական գրադարան է հիմնել, որը, կարծես, փոքրիկ մշակութային կենտրոն է՝ ավստրիական գրականության հետ ծանոթանալու համար:

«Ես ինքս թարգմանում եմ հայ հեղինակների ստեղծագործությունները, որպեսզի գերմանախոս ընթերցողը գրականության միջոցով ծանոթանա հայ մշակույթին: Հաշվի առնելով, որ ժամանակակից գրականության հիմքն ինչ-որ չափով Հրանտ Մաթևոսյանն է՝ իրենից սկսեցի, այնուհետև՝ արդեն ավելի երիտասարդ ժամանակակից գրողների եմ թարգմանում, և այդ պրոցեսը լինելու է շարունակական: Նպատակս գերմանախոս երկրներում հնարավորինս շատ ընթերցումներ ունենալն է, որպեսզի այդ երկրների հասարակությանը ներկայացնեմ հայ գրականությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Հերբերտ Մաուրերը՝ ավելացնելով, որ ի տարբերություն հայ ընթեցողների մեծամասնության այն կարծիքի, թե ժամանակակից գրական նյութը թույլ է՝ Ավստրիայի ընթերցողը սիրում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից հայ գրականությունը:

Կարդացեք նաև

Ընդ որում՝ նա նշում է, որ Ավստրիայում առաջին անգամ են հայ հեղինակներին կարդում: Ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հետագայում` հայ հեղինակների գրքերի պահանջարկ, այնուհետև` շուկա ստեղծել Ավստրիայում, Հերբերտ Մաուրերը վստահեցնում է, որ գերմանախոս երկրներում կան խոշոր հրատարակչություններ, որոնց միջոցով հնարավոր է ընդգրկվել այդ երկրների շուկա: Մինչդեռ, շուկա կարող են մուտք գործել անհատները՝ հրատարակիչները, թարգմանիչները, որոնք նախ և առաջ պետք է ուսումնասիրեն այդ շուկան և առաջարկեն լավ թարգմանված, որակյալ գրական նյութ ներկայացնող գրքեր:

«Ընթերցողի գրքից հեռանալու խնդիրն ամենուր է և չափազանց մտահոգիչ, բայց Ավստրիայում նույնպես կա մի շերտ, որը միշտ կարդում է և ձգտում է ունենալ հրատարակված նոր գրքերը:

Օրինակ, Դավիթ Մաթևոսյանն արդեն մի քանի տարի կազմակերպում է «Գրական տապան» կոչվող` գրականությանը նվիրված փառատոնը, որի ընթացքում տարբեր երկրներից Հայաստան են այցելում բանաստեղծներ, արձակագիրներ, որը հոյակապ, դրախտային մթնոլորտ է գրքի հետ մտերմանալու, տարբեր երկրներից ժամանած գրողների շփման համար: Հատկապես Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև օտար գրողներն առաջին անգամ ծանոթանում են հայ մշակույթի, գրականության հետ: Կարծում եմ՝ ոչ միայն լրագրողների, այլև՝ գրողների միջոցով կարելի է ժողովուրդների միջև շփում ստեղծել»,- ասում է Հ. Մաուրերը:

Այնուամենայնիվ, արդեն մի քանի տարի է, գրող-թարգմանիչը համագործակցում է նաև Ավստրիայի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Վերջինս հիշեցնում է, որ Սայաթ-Նովա միջազգային նշանակության հայ կոմպոզիտորը եղել է Մոցարտի ժամանակակիցը: Ավստրիայում Հ. Մաուրերը կազմակերպել է Սայաթ-Նովային նվիրված մի երաժշտական փառատոն, որի շնորհիվ այդ երկրում մեծ հետաքրքրություն է առաջացել հայ կոմպոզիտորի, ինչպես նաև՝ առհասարակ՝ հայ երաժշտության նկատմամբ:

Ավստրիայից ժամանած ջազ-բենդը նույնպես Սայաթ-Նովայի երաժշտության մոտիվներով ջազ է նվագում: «Մենք հասկացանք, որ ճիշտ է՝ դասականը չքնաղ է, բայց չենք ցանկանում թանգարանի մեջ ապրել»,- ասում է Հ. Մաուրերն` ընդգծելով, որ ամեն տարի Հայաստան այցելելով` նկատում է, որ մշակութային կյանքը շատ դանդաղ է առաջ շարժվում, փոփոխությունները` նույնպես: Ի դեպ, գրող-թարգմանիչը մի հարցում զարմանք է ապրում՝ ինչքան դիմացկուն են հայ մարդիկ, որ հաղթահարում են այս վատ պայմանները, ինչը մեծ ուժի նշան է:

«Ես զգում եմ, որ ձեր երաժշտությունը հայրենիք ունի»
Հոկտեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում Հ. Մաուրերը ներկայացրեց Հայաստան ժամանած ջազ բենդին՝ Քրիստոֆ Չեխ, Պիտեր Հերբերտ, Ֆաբիան Ռուկեր, որոնք իրենց երկրում համարվում են ջազի լավագույն մասնագետները: Երաժիշտները հայ երիտասարդների հետ վարպետության դասեր անցկացրին, հետաքրքիր քննարկումներ ունեցան, որից հետո կայացավ եռյակի համերգը:

Լրագրողների հետ զրույցում արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելած Քրիստոֆ Չեխն ընդգծեց, որ Հայաստանը մշակութային երկիր է, ընդ որում՝ իր համար միանգամայն նորություն: «Ես զգում եմ, որ ձեր երաժշտությունը հայրենիք ունի: Հայերի հետ մենք մի տեսակ հոգեբանական հարաբերություն ունենք, որովհետև ինչպես` հայկական, այնպես էլ՝ ավստրիական երաժշտության մեջ տխրություն կա, որն ինչ-որ իմաստով ընտանեկան զգացումներ է իմ մեջ առաջացնում»,- ընդգծում է երաժիշտն՝ ավելացնելով, որ Հայաստան այցելության շարժառիթներից մեկն էլ՝ հայ ջազմենների հետ շփումը, համագործակցության դաշտ ստեղծելն է: Ի դեպ, Ավստրիայում է գտնվում Անտոն Բրուքների անվան «Լինցու» համալսարանը, որտեղ դասավանդում են Հայաստան ժամանած երաժիշտներից՝ Քրիստոֆ Չեխը և Պիտեր Հերբերտը, ինչը նշանակում է, որ այդ համալսարանի պատվիրակության հետ հայ երիտասարդները, ուսանողները «երկխոսություն» ստեղծելու հնարավորություն ունեն:

«Սա լայն հնարավորություն է հայաստանյան ջազի միջավայրն ընկալելու համար և, բնականաբար, կաշխատենք հետագայում ամուր կապեր ստեղծել հայ և ավստրիական ջազի միջև: Մենք շատ քիչ տեղեկություն ունենք Հայաստանի ջազի մասին. Ավստրիայում ծագումով հայ երաժիշտներ կան, որոնց հետ շփվում ենք, բայց շատ ցանկանում ենք ձեր երկրի ջազ երաժիշտների հետ կապ հաստատել»,- ընդգծեց Ք. Չեխը: Ի դեպ, Պ. Հերբերտը տեղեկացրեց, որ ինքը Նյու Յորքում նվագել է Արտո Թունջբոյաջյանի հետ, իսկ Ֆաբիան Ռուկերը զարմանքով տեղեկացրեց, որ միայն օրերս է հայտնաբերել, որ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը հայ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս