«Ի՞նչ է, լափելու բյուջե՞ եք ուզում անվանեք». Պավել Սաֆարյանին հոգնեցրել է բյուջեի անվանման հարցը

«Եթե բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն, բա ի՞նչ ուղղվածության պետք է լինի բյուջեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է 2014թվականի պետական բյուջեի նախագիծը կրկին կոչվում սոցիալական: «Ես հասկանում եմ, որ շատ հարցեր չկան, էդ հարցը միշտ կարելի է տալ: Ես, անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այդ հարցից: Ասենք սոցիալական չլինի՝ ի՞նչ ուղղվածություն պետք է լինի»,- զարմացավ Պավել Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե նախորդ բյուջեն ևս սոցիալական էր, բայց ԱԺ նախագահի գնահատմամբ, այդ  բյուջեն «լափեցին», Ֆինանսների փոխնախարարն այսպես արձագանքեց. «Բայց լափելն ի՞նչ կապ ունի ուղղվածության հետ: Լափելը ուրիշ բան է: Այսինքն ոնց որ ասում ես՝ սա փլավ է, ասում եք՝ չէ, սա փլավ ա, լափում են: Լափելն ի՞նչ կապ ունի ուղղվածության հետ: Ի՞նչ է, լափելու բյուջե՞ եք ուզում անվանեք: Դուք այսպիսի՞ ուղղվածություն եք տենում: Ես ուզում եմ ձեր տրամաբանությունը հասկանամ»: Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության քարտուղարի որակմամբ՝ սա «լոմբարդային» բյուջե է, Պ. Սաֆրայնաը խնդրեց հստակեցնել. «Իսկ մեկնաբանե՞ց՝ ինչ է նշանակում լոմբարդային»: Երբ լրագրողները փոխանցեցին Նաիրա Զոհրաբյանի տեսակետը, նա այսպես արձագանքեց. «Այսինքն էս բյուջեի մեջ… 300 միլիարդը բյուջեի սոցիալական պատվերն է՝ աշխատավարձերը և այլն և այլն: Բանկին ո՞նց են տալիս էդ փողը: Եթե բյուջեի երեսուն տոկոսը սոցիալական ոլորտին է հատկացված, ո՞նց կարելի է ասել՝ լոմբարդային է: Դուք ի՞նչ է՝ հեռակա երկխոսություն եք ուզում ստեղծել իմ և այդ մարդու միջև: Ես պատրաստ եմ, եկեք իր հետ նստենք հասկանանք, տեսնենք ի՞նչ է նկատի ունեցել լոմբարդային ասելով: Բյուջեի հետ սա ինչ առնչություն ունի՞… բյուջեի ծախսերն այնքան թափանցիկ են, որ… Հիմա ձեր ասածը՝ ձեր օրինակը տեղին չէ, 2014թ.-ի բյուջեի հետ բարեկամական ոչ մի կապ չունի»:

Իսկ հարցին, թե 2014թ.-ի բյուջեն ի՞նչ կարող է տալ շարքային քաղաքացուն, փոխնախարարը պատասխանեց. «Շարքային քաղաքացուն կարող է տալ հետևյալը: Եթե շարքային քաղաքացի ասելով նկատի ունեք քաղծառայողին՝ իր աշխատավարձը կբարձրանա, թոշակառուին՝ թոշակը կբարձրանա 15 տոկոսով, եթե հանկարծ աստված չանի՝ շարքային քաղաքացին հիվանդանա, մեկ օրվա բուժման գինը 3000 դրամով կլինի, եթե շարքային քաղաքացին սովորող երեխա ունի դպրոցում, աշակերտի ֆինանսավորումը կավելանա և այլն: Այս ցուցանիշները բոլորը կան, կարող եմ տրամադրել՝ կնայեք, եթե դեմ չեք՝ կտամ ձեզ, եթե հանգիստ լինեք՝ կնայեք: Ես տասնհինգ տարի հոգնել եմ այս հարցից՝ ինչո՞ւ է սոցիալական: Սոցիալական բյուջեն հետևյալն է. հիմա եթե ձեր գրպանում փող կա, օրինակ, ասում են, էդ փողդ սոցիալաան նպատակով եք ծախսել, թե … հիմա մեր բյուջեի մեջ հիսուն տոկոսը սոցիալական ծախսեր են: Բա ի՞նչ ասենք՝ ասենք ոչ սոցիալական բյուջե՞»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս