
Իսրայելի կառավարությունը հաստատել է պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խմբի ազատ արձակումը

BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը հաստատել է պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խմբի ազատ արձակումը: Դա տեղի է ունեցել Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում:
Ընդունված պլանի համաձայն, ազատության մեջ է հայտնվելու պաղեստինցի 26 բանտարկյալ, որոնք դատապարտվել են նախքան 1993 թվականին Օսլոյի համաձայնագրի կնքումը: Այդ բանտարկյալներից յուրաքանչյուրը ներկա դրությամբ բանտում անցկացրել է 19-28 տարի:
Նրանց ազատ արձակման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն տեղական մամուլի հաղորդմամբ՝ դա կարող է տեղի ունենալ արդեն երեքշաբթի: Ընդհանուր առմամբ, Իսրայելը պլանավորել է ազատ արձակել պաղեստինցի 104 բանտարկյալի: Բանտարկյալների առաջին խումբը, որում դարձյալ եղել է 26 մարդ, ազատ է արձակվել օգոստոսի 14-ի գիշերը:
Պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններն ԱՄՆ-ի միջնորդությամբ վերսկսվել են 2013 թվականի հուլիսի վերջին: Մինչ այդ տվյալ գործընթացում տրվել է եռամյա ընդմիջում: