Կողմերը բողոքարկում են Հայրիկյանի դեմ մահափորձի վճիռը
Սեպտեմբերի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը:
Դատավորը վճռում նշել էր, որ ապացույցներն ամբողջությամբ հաստատվում են. ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը կազմակերպել է քաղաքական գործչի սպանություն, որը կատարվել է նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներով: Դատարանն ապացուցված էր համարել նաև գործով մյուս ամբաստանյալներ Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի մեղքը:
Գագիկ Պողոսյանն ապացուցված էր համարել, որ Վարդան Սեդրակյանը կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը կատարել է հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով, իսկ ամբաստանյալ Սամվել Հարությունյանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով: Այսպիսով, դատարանը վճռել էր Վ. Սեդրակյանին դատապարտել` 14, Ս. Հարությունյանին՝ 12, Խ. Պողոսյանին՝ 14 տարվա ազատազրկման: Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն արդեն Վերաքննիչ քրեական դատարանին է բողոքարկել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը:
Իր վերաքննիչ բողոքում Ալ. Սիրունյանը նշել է. «Ըստ էության, ընթերցելով դատավճիռը, ստացվում է, որ դատավարության մասնակիցներից ինչ-որ մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ, որովհետև ստացվում է, որ առանց դրդապատճառի, առանց նպատակի, առանց պատշաճ դրդելու (ստիպելու, վարձատրելու…), առանց կազմակերպչական աշխատանքի, առանց գին պայմանավորվելու և վճարելու («դիլխոր չեք մնա» ասելով)` Վ.Սեդրակյանը հանձնարարում է սպանել, ոչ ավել, ոչ պակաս, Պարույր Հայրիկյանին, հեռու չգնալու համար դա հանձնարարում է իր դիմացի հարևանին (որ բացահայտելը հեշտ լինի), կատարողներին հանձնարարում է Պ.Հայրիկյանին հետևյալ հենց իր՝ Վ.Սեդրակյանի մեքենայով (03-333 պետհամարանիշներով), որ կասկած չլինի, որ դա իր մեքենան է, չհաջողված սպանության իր «հանցակիցներին» չի հեռացնում հանրապետությունից (առնվազն՝ չի պարտակում), որպեսզի իրավապահների աշխատանքը չդժվարացնի, Խ.Պողոսյանին էլ խորհուրդ է տալիս «ՆԱԳԱՆ»-ը և փամփուշտները տանել տուն, ապահով պահել, որ գործը հեշտ բացահայտվի…»:
«168 Ժամի» հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ դատարանից պահանջել է արդարացնել Վարդան Սեդրակյանին:
Գործով տուժող Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Տուժողը բողոքարկել է իր ներկայացրած քաղաքացիական հայցը քննության չառնելու դատարանի որոշումը:
«Օրենքն ասում է, որ հանցագործը, եթե ճանաչված է հանցագործ, պետք է փոխհատուցի իր պատճառած նյութական վնասը: Ինձ պատճառված նյութական վնասն ահռելի է՝ հաշվի առնելով բարեկամների ժամանումը, հիվանդանոցները, վիրահատությունը: Հիմա ի՞նչ ստացվեց: Այդ ծախսերի մի մասը հոգաց պետությունը՝ հարկատուների հաշվին, բայց պետական մեղադրողգ փոխանակ պետության ծախսած գումարը ետ պահանջեր, հետո էլ իրեն միացավ դատարանը, նրանք այդ հարցին չանդրադարձան:
Այսինքն՝ օրենքի այդ պահանջը կյանքի չկոչվեց: Ես դա համարում եմ լուրջ բացթողում: Եթե իմ հանդեպ կարող էին անտարբեր լինել, պետական միջոցների նկատմամբ ինչպե՞ս էին անտարբեր: Չէ՞ որ պետությունն ինչ-որ ծախս արել է ինձ համար, ամբողջական չէ, բայց ծախս է արել, բայց այդ ծախսը պետությունը ստիպված է եղել անել հանցագործության պատճառով: Վճարողներն էլ հարկատուներն են: Ամեն քաղաքացուց, կարգին մարդկանցից 10-ական դրամ է հավաքված, որ Հայրիկյանին առաջին բուժօգնություն ցույց տրվի: Չեմ խոսում մյուս բազմաթիվ տրավմաների մասին. ես ահագին գործեր կորցրի, որ պիտի անեի, որ չեմ կարող անել հիմա և չեմ կարողանում անել:
Ինչո՞ւ պիտի հարկատուն հանցագործության հովանավոր դառնա անուղղակի: Դա անթույլատրելի բան է»: ԱԻՄ առաջնորդի խոսքով` պետության տրամադրած գումարները պետք է փոխհատուցվեն հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձանց կողմից: «Նշանակում է՝ ամեն հանցագործ կարող է հանցանք կատարել և վստահ լինել, որ պետությունը, այսինքն` հարկատուները, ազնիվ, արդար մարդիկ, իրենց փոխարեն պիտի վճարե՞ն։ Դա ես անթույլատրելի եմ համարում, ինչպես անթույլատրելի էի համարում սկզբնական փուլում դատախազի՝ պետական մեղադրողի պահանջն այն մասին, որ պատվիրատուն ավելի քիչ ստանար, քան գործը կատարողը:
Այդ մեկը դատարանն ուղղեց, բայց դատարանն առաջ չգնաց: Հիմա այս ատյանում պիտի ուղղենք: Գործը բոլորին է վերաբերում: Ձեզանից ամեն մեկից տասական դրամ են վերցրել, բայց ինչու դուք պիտի հանցագործին տասական դրամ օգնեք: Թող հանցագործն ինքն իր ունեցած-չունեցածը ծախի: Դեռ ես շատ մեղմ եմ ասում: Իմ պահանջն այդքանով չի բավարարվում:
Ընդհանրապես, եթե եվրոպական չափորոշիչներով մոտենանք, շատ-շատ ավելի մեծ… ինչ ունեին-չունեին, պետք է տրամադրեին: Այդպես է ընդունված աշխարհում: Հանցագործը չպետք է հնարավորություն ունենա վայելելու իր հանցանքի պտուղները»,- մեզ հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը:
Ըստ Պ. Հայրիկյանի, գործն ամբողջությամբ բացված չէ. «Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի դատաքննության ընթացքում Պ. Հայրիկյանը հայտարարել էր, որ գործով ամբաստանյալ, առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր ճանաչված Վարդան Սեդրակյանին 1-2 տարվա ծանոթ, Ռուսաստանի քաղաքացին 100 հազար դոլար է փոխանցել: Դատարանում Պ. Հայրիկյանը միջնորդել էր այդ անձին հարցաքննության կանչել. դատարանը մերժել էր Հայրիկյանի միջնորդությունը: Հայրիկյանի խոսքով՝ այս հանգամանքը, Ռուսաստանի իրավապահների հետ մեկտեղ, պետք է հանգամանորեն քննվի դատարանում:
ԱԻՄ առաջնորդի խոսքով` իրենց վերաքննիչ բողոքում չեն անդրադարձել դատարանի` ամբաստանյալների նկատմամբ նշանակված ազատազրկման ժամկետին: Պ. Հայրիկյանից հետաքրքրվեցինք` ազատազրկման ժամկետին չանդրադառնալը կապվա՞ծ է նրա հետ, որ դատարանի վճիռն արդարացի է, թե՞ ինքը չի ցանկանում անդրադառնալ դրան: «Ես դրան հենց սկզբից չեմ անդրադարձել: Հիշո՞ւմ եք, նույնիսկ ես խափանման միջոցի մասին էլ ասում էի՝ սրանց բաց թողեք, սրանց նմաններ, ցավոք սրտի, շատ կան: Մեկը՝ նստած, մեկը՝ ազատ, տարբերությունը մեծ չէ: Այդ իմաստով: Ներողամիտ նույնպես կարող ես լինել, բայց տվյալ դեպքում իրենք թող միջնորդեն: Մենք խոսք անգամ չենք ասի, եթե ասեն՝ ուզում ենք` 14 չլինի, լինի 12, կամ այլ բաներ: Դա ինձ, իսկապես, չի հուզում»,- ի պատասխան հարցին` ասաց Պ. Հայրիկյանը:
Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ինքը ևս պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել. պահանջելու է կամ գործը վերադարձնել նոր քննություն, կամ վերաորակել իր պաշտպանյալի արարքները և սահմանել ավելի մեղմ պատիժ: Դատարանը փաստաբանի պաշտպանյալին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-305-րդ հոդվածով։
Լյուդվիգ Ավետիսյանի խոսքով` իր պաշտպանյալի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերին` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` շահադիտական դրդումներով:
Գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը. պահանջելու է բեկանել կայացված վճիռն ու փոփոխել այն:
«168 Ժամ»