Արդարադատության նախարարությունը՝ ընդդեմ ՀԱՕԿ-ի
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վեճին այսօր իշխանություններն անուղղակիորեն պատասխան են տվել՝ արդարադատության նախարարության միջոցով։
Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, վեճի պատճառը եղել էր այն, որ Արթուր Բաղդասարյանը դարձել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Դա դուր չէր եկել Գագիկ Ծառուկյանին։ Ավելին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ՀԱՕԿ-ն իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը:
Վկայակոչելով Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածը՝ ՀԱՕԿ-ը նշել էր, որ հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձևի ազգային ֆեդերացիա և ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից, որևէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի և ՀԱՕԿ-ի կանոնադրության, ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը:
«Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև հանդիսանում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը և համակարգում է նրանց գործունեությունը»,- նշված էր ՀԱՕԿ հաղորդագրության մեջ։
Այսպիսով, ՀԱՕԿ-ը վեճը փողոցի մակարդակից փորձել էր տեղափոխվել իրավական հարթություն։ Հիշեցնենք, որ օդանավայանում տեղի ունեցած միջադեպը այս հարթության մեջ գրեթե չէր քննարկվում։
Նշենք սակայն, այդ հակամարտությանը դրանից առաջ իրավական գնահատական տվել էր թերևս միայն ԱԺ պատգամավոր, նախկին բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը։
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ ՀԱՕԿ-ը իրավասություններ չունի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցում, ավելին` ֆեդերացիային հավասարազոր կառույց է: «Երկուսն էլ հավասարազոր հասարական կառույցներ են, երկուսն էլ ընտրովի են: Որքանո՞վ է ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ենթակա ՀԱՕԿ-ին: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասել էր պատգամավորը: Նկատենք, որ ՀԱՕԿ-ը իր վերոնշյալ հաղորդագրությունը տարածել էր՝ հենց «Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները»։
Եվ ահա, այս բանավեճին իրավական հարթության մեջ միջամտեց նաև արդարադատության նախարարությունը։
Այսպես, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ թե արդյո՞ք «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (այսուհետև՝ ՀԱՕԿ) իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա» ՀԿ-ին (այսուհետ՝ ՀՎՖ), թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար, ԱՆ-ը պարզաբանում է հրապարակել։
Այն մենք առանձին արդեն ներկայացրել ենք, այդուհանդերձ, դրա մեջ առանձնացանում է երկու կետ՝ այսպես ասած, երկու «մեսիջ»։
1. Միության մասնակիցները (այդ թվում միության անդամ մարզական ֆեդերացիաները) պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:
2. Այսպիսով, անկախ նրանից, որ «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիան» (այսուհետ՝ ՀՎՖ) մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց:
Սա նշանակում է, որ Արթուր Բաղդասարյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիան։ Իսկ դրա իրավական հիմնավորումն արդեն ներկայացված է։