Պետք է խաղանք ավելի կարգապահ, անենք մեր աշխատանքը, անմնացորդ նվիրվենք և այդ դեպքում կարող ենք հասնել դրական արդյունքի. Կարեն Մուրադյան
Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը։
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Բոլորս էլ գիտենք, որ Հունգարիան ուժեղ մրցակից է։ Իմ կարծիքով՝ արտագնա հանդիպման ժամանակ մենք լավ խաղ ցուցադրեցինք և այդ խաղը կարող էր այլ կերպ դասավորվել։
Պետք է խաղանք ավելի կարգապահ, անենք մեր աշխատանքը, անմնացորդ նվիրվենք և այդ դեպքում կարող ենք հասնել դրական արդյունքի։
Ես միշտ եմ փորձում լավ հանդես գալ ակումբում, որ կարողանամ հավաքականին օգուտ տալ։ Ուրախալի է, որ երիտասարդ ֆուտբոլիստներ են հայտնվում և համալրում են հավաքականը։ Ես միայն ուրախ եմ, որ հավաքականն ունենա լավ երիտասարդներ, որոնք կկարողանան ուժեղացնել մեր ընտրանին»,- նշել է Մուրադյանը։

