Չեն ցանկացել ավելորդ տեղը անհանգստացնել Սուրիկ Խաչատրյանին
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցի քննությունը, որը ներկայացվել էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ: Պատասխանողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի և դատարանի մի քանի հարցերից հետո միայն հստակեցվեց հայցի առարկան և հիմքը:
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանի խոսքով՝ Սամվել Հարությունյանը «Առավոտ» օրաթերթի համարներից մեկում Սուրիկ Խաչատրյանին մեղադրել է մի քանի հանցագործություններ կատարելու մեջ: Մուշեղ Շուշանյանի մի խումբ հարցերից հետո միայն Մարտին Զիլֆուղարյանը հստակեցրեց, որ հայցադիմումով պահանջում են հերքել Ս. Հարությունյանի կողմից հայտնված չորս փաստական հանգամանքեր. Սամվել Հարությունյանը հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանը կրարկել է Արևիկ Միրզոյանի վրա, որ Արևիկ Միրզոյանը Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է, որ Սուրիկ Խաչատրյանը հրազենային վիրավորում է հասցրել Անուշավան Առուշանյանին, որ Սուրիկ Խաչատրյանի բանդան կրակոցներ է արձակել ռենտգեն կաբինետում:
Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ երկու դեպքերի առիթով էլ հարուցվել են քրեական գործեր, և իրենց չի հետաքրքրում՝ նման դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ, իրենց հետաքրքրում է՝ արդյոք դրանց հետ կապ ունի՞ հայցվոր Սուրիկ Խաչատրյանը: Մ. Զիլֆուղարյանի խոսքով՝ իրենք չեն տիրապետում տվյալների՝ հարուցված քրեական գործերն ինչ ընթացք են ստացել:
Դատարանն առաջարկեց կողմերին գրավոր ներկայացնել ապացուցման ենթակա հանգամանքները: Դատարանի հարցին՝ ե՞րբ է հայցվոր կողմը տեղեկացել «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածի բովանդակության մասին: Նշենք, որ հոդվածը հրապարակվել է 2013-ի հունիսի 12-ին:
«Մեզ հոդվածի բովանդակությունը հայտնի է եղել մի փոքր ուշ, քանի որ մենք տեղյակ չենք եղել դրան: Ու ես այստեղ հայցադիմումի մեջ նշել եմ՝ իմ հարազատները, իմանալով դրա մասին, չեն հայտնել ինձ, ավելի ճիշտ՝ Սուրիկ Խաչատրյանին, քանի որ նա տարել է սրտի վիրահատություն, հետևաբար՝ չեն ուզեցել ավելորդ տեղը անհանգստացնել: Այդ իսկ պատճառով մենք պահպանել ենք տեղեկանալուց հետո մեկամսյա ժամկետի սահամանը»,- ասաց Մարտին Զիլֆուղարյանը:
Դատավոր Անի Մխիթարյանի ճշտող հարցին՝ կոնկրետ ե՞րբ է հայտնի եղել հրապարակման բովանդակությունը, Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց. «Հայտնի է եղել հայցադիմումը ներկայացնելուց 5 օր առաջ»:
Պատասխանողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն էլ Մ. Զիլֆուղարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ նա կհիմնավորի իր հայտնած տեղեկությունը: «Բնականաբար վկաների ցուցմունքով»,- ի պատասխան ասաց Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: