
Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան

Երևանի Աջափյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցի քննոթյունը, որը ներկայացվել էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ: Սյունիքի նախկին մարզպետը ներկայացավ և հայտարարեց, որ ինքն է ներկայացրել հայցը: Իսկ դատավորի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայցադիմումի և անձնագրի համարները չեն համապատասխանում միմյանց, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց, որ անձնագիրը վերջերս փոխվել է:
Գործով պատասխանողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ. հայցադիմումում նշված չէ հայցվորի հայրանունը: «Միայն այն հանգամանքը, որ հայցադիմումում գրված չէ հայցվորի հայրանունը, արդեն իսկ հիմք էր, որ հայցադիմումը դատարանի կողմից վերադարձվեր»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց, որ այսուհետ գործում գրվի Սուրիկ Խաչատրյան: Դատարանը որոշեց ոչ պատշաճ հայցվորին փոխրինել պատշաճ հայցվորով: Սրանից հետո Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ նա այլևս չի ցանկանում մասնակցել դատական նիստին: Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը հեռացավ դատարանից: