«Մի սովորեցրեք մարդկանց ձուկ բռնել: Ձուկ չկա, որ մարդիկ բռնեն». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը, որը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, կարծես օրենք է «հոգեբանության փոփոխության մասին: «Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացինեը մուրացիկ են, նպաստ ստանալուն սովոր քաղաքացիներ են և մենք պետք է օրենք ընդունենք, որ իրենք հոգեբանությունը փոխեն, որ վերջապես դուրս գան ծուլության մշտնջենական թմբիրից, գնան աշխատեն այն լայնածավալ աշխատատեղերում, որ մեզ համար ստեղծել է այս իշխանությունը, այս կառավարությունը: Բայց քանի որ ՀՀ քաղաքացիները սովոր չեն աշխատելու, սովոր են նպաստ ստանալու, մենք հիմա այս օրենքով հոգեբանության մեջ բեկում ենք փորձում մտցնել և նրանց ուղղել դեպի աշխատատեղեր»,- մանրամասնեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե պետք չէ օրենքը հասցնել «աբսուրդի» և կոչ արեց. «Մտածելը որևէ մեկին դեռ վնաս չի բերել»: «Ես համաձայն եմ, որ ուղղակիորեն աբսուրդ է այս Կառավարությանը թողնել ինչ-որ խնդիրներ կանոնակարգել, որովհետև գիտենք, թե այս Կառավարությունը ինչ խոստումներ է տվել և որտեղ են հայտնվել այդ խոտումները: Ըստ այս Կառավարության խոստումների՝ մենք պետք է ունայինք յոթանասուն հազարով ավելի աշխատատեղեր և հիսուն հազար ՓՄՁ-ներ… բայց որտե՞ղ են դրանք՝ չկան: Չկան, որովհետև այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է, դատարկ օդ՝ կրակված պոպուլիստական դիվիդենտներ շահելու համար»,- նշեց նա՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ թե քաղաքացիների հոգեբանությունն է, այլ այն, որ ՀՀ-ում չկան աշխատատեղեր: Նա հիշեցրեց, թե մի անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, թե հարյուր հիսուն հազար աշխատավարձով վարորդ է աշխատում, ապա շեշտեց. «Երբ մարդիկ դիմեցին այդ աշխատատեղի համար, պարզվեց, որ կատակ է եղել և չհասկացանք՝ ով էր կատակի իրական հեղինակը»: Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ իր համար ԱԺ-ին ներկայացված նախագծի իրական բովանադակությունը հստակ է. «Փող չկա: Երկիրը հասցված է այն վիճակին, որ նպաստի համար հատկացված այդ տասնութ հազար դրամը քսան հազար մարդու համար ևս չկա: Ուստի հիմա փորձում են շատ գեղեցիկ ձևակերպումներով, շատ գլոբալ, իրենք սիրում են ասել ՏՏ ոլորտ, Այ-Թի ոլորտ, թե պետք է սովորեցնենք՝ ինչպես դառնալ որակյալ մասնագետներ: Եկեք հիմա հայտարարենք ՀՀ-ին անհրաժեշտ բոլոր աշխատատեղերի ցանկը ու տեսնենք, թե վաղը քանի մարդ կգա այստեղ ու կասի՝ ես սրա մասնագետն եմ, բայց ես չունեմ աշխատանք: Մեր երկրի հիմնական ողբերգությունն այն է, որ ձեր վարած քաղաքականության արդյունքում այսօր գոյություն չունի աշխատատեղ: Մարդիկ հեռանում են, գործազուրկ են ոչ թե այն պատճառով, որ որակավորված չեն, չեն համապատասխանում չափորոշիչներին, այլ որովհետև չկա աշխատատեղ»: ԲՀԿ-ական պատգամավորը հորդորեց Կառավարությանը «միֆոլոգիաներով» չշարունակել քաղաքականություն վարել. «Հիշո՞ւմ եք, Հազարամյակների մարտահրավերներ ծրագրի շրջանակներում 16 մլն տրամադրվեց՝ «ինչպես ցանել կարտոֆիլը» թեմայով մարզային բնակչության գլխին լոլոներ կադալու համար: Հիմա էլ պետք չէ դասընթացներ պատրաստել մարդկանց համար: Այս նախագիծը բերել եք, որ գործազրկության համար գումարն էլ չունեք, որ տաք քաղաքացիներին… Մի սովորեցրեք մարդկանց ձուկ բռնել: Ձուկ չկա, որ մարդիկ բռնեն: Կարթից օգտվելու ձևն էլ գիտեն, բայց ձուկ չկա, որ բռնեն»: