Ի՞նչ են արժենում վարկերը գյուղացիների համար
Ինչպես ասում են` աշնանը ճտերը հաշվելու ժամանակն է, առավել ևս՝ գյուղատնտեսական ոլորտի համար: Տարվա ընթացքում բերքն ու բարիքը հավաքելուց հետո ժամանակն է մտածել, թե ինչ միջոցներով են գյուղացիները փակելու ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկերը: Եթե տարին առատ է լինում, դեռ ոչինչ: Բայց հաճախ գյուղացիները հայտնվում են կոտրած տաշտակի առաջ:
«Սարսափելի ձևով են փակում վարկերը:
Ռուսաստան են գնում-աշխատում, որ կարողանան գյուղատնտեսական նպատակով վերցրած վարկը փակել: Ուրիշ տարբերակ չունեն մարդիկ: Կամ էլ վաճառում են հողը, անասուններին, անգամ` տունը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ նշելով, որ բանկերն ու մյուս ֆինանսավորող կազմակերպություններն, ամեն դեպքում, դատական կարգով պահանջում են իրենց հասանելիքը և զիջումների գրեթե չեն գնում:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքում աճուրդի հանված գյուղնպատակային հողերի, կամ մարզերում անշարժ գույքի պակաս չի նկատվում: Ըստ ԴԱՀԿ տվյալների՝ 2013թ. 8 ամիսների ընթացքում առավել շատ կատարողական վարույթներ հարուցվել են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի օգտին՝ 2058 վարույթ, և բռնագանձվել է 464 մլն 454 հազար դրամ: Վարույթների քանակով երկրորդ տեղում «ՎՏԲ-Հայաստան բանկն» է՝ 1445 կատարողական վարույթ, թեև բռնագանձված գումարը գերազանցում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» ծավալը՝ 528 մլն 165 հազար դրամ: Այնուհետև «Յունիբանկ» ՓԲԸ-ն է, որի օգտին հարուցվել է 1132 կատարողական վարույթ և բռնագանձվել 332 մլն 369 հազար դրամ:
Գյուղացիներից «պահանջատեր» են նաև ունիվերսալ վարկային կազմակերպությունները. 2013թ. 8 ամիսների ընթացքում առավել շատ կատարողական վարույթներ հարուցվել են «Արեգակ» ՈՒՎԿ-ի օգտին՝ 944 վարույթ, բռնագանձվել է 56.6 մլն դրամ, «Ֆինքա» ՈՒՎԿ-ի օգտին՝ 991 վարույթ, բռնագանձվել է 40.8 մլն դրամ, և «Նորվիկ» ՈՒՎԿ-ի օգտին՝ 259 վարույթ, բռնագանձվել է 26.2 մլն դրամ: Ի դեպ, ՈՒՎԿ-ները նույնիսկ խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ աշխատակիցներ ունեն:
Որքան էլ բանկերը փորձեն «բարի» երևալ, թվերը բավականին խոսուն են. ԴԱՀԿ բռնագանձած միլիոնավոր դրամները գյուղացիների վրա շատ ծանր են նստում:
Գյուղատնտեսական վարկերի տրամադրման առումով ՀՀ ոչ բոլոր բանկերն են ակտիվ: Այս ոլորտում մասնագիտացել է հատկապես «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը»:
Բանկի փոխտնօրեն Արսեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղվարկերի դեմ ինչ-որ բան բռնագրավելը բնավ որևէ բանկի նպատակը չէ, կարևորը տրամադրված վարկերի անկորուստ վերադարձն է ցանկացած բանկի համար:
Ըստ նրա՝ գրավի առարկաները ԿԲ-ի պահանջն են, որպեսզի վարկն ապահովված լինի որևէ գույքով:
«Գյուղացին երբեք չի կարող առաջարկել այնպիսի գրավի առարկա, որ շուկայական իրացվելի արժեք ունենա: Այդ պրոցեսը դյուրին չի, այդ իսկ պատճառով ցանկացած բանկ խուսափել է գյուղաբնակներին վարկեր տրամադրելուց նաև այդ պատճառներով: Գործնականում գրավի առարկա ընդունում էինք այն ամենը, ինչ գյուղացին կարողանում էր առաջարկել՝ շենք-շինություն, անասուններ, հող, կառույց, երաշխավորություններ և այլն:
Այս տարի բացարձակ անգրավ ենք տրամադրել վարկեր, առանց երաշխավորությունների, որովհետև այս տարիների ընթացքում ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որ ամեն ինչ գիտենք այդ մարդկանց մասին, ձևավորվել է վստահություն: Չունենալով շուկայական արժեհամակարգ, փորձեցինք ձևավորել այլ արժեհամակարգ՝ վստահություն: Եվ դրա արդյունքում` գյուղվարկերի մոտ 70% բացարձակ անգրավ ենք տրամադրել»,- նշեց Ա. Պետրոսյանը:
Վերջինիս համոզմամբ՝ գյուղացիական տնտեսությունների դժվարությունները ժամանակավոր բնույթ են ունենում, իսկ բանկն աշխատել և աշխատելու է այդ մարդկանց հետ, դրա համար ժամանակացույց է կազմվում վարկը մարելու համար. «Եզակի է, որ հարկադիրի վարույթով տներ անցնեն մեզ, բայց հետո դրանք հետ են գնում գյուղացուն: Վարկերի 1%-ից քիչն է խնդրահարույց լինում, այն էլ՝ ժամանակավոր: Մենք այդ ճանապարհն անցելու ենք տասնամյակներ, և մարդ չպետք է կորցնենք: Ու գտնում ենք լուծումներ, այդպիսի հազարավոր դեպքեր կան: Ոլորտը շատ ռիսկային է, չկա ապահովագրական համակարգ, բնակլիմայական ռիսկերն ահռելի են: Բայց ես չեմ հիշում մի դեպք, որ վտարած լինենք գյուղացուն, մարդիկ ապրում են իրենց տներում և ընթացքում լուծում խնդիրը»:
Բանկի փոխտնօրենը նկատեց, որ գյուղացին այսօր անհրաժեշտության դեպքում ինքն իր տունը չի կարողանում վաճառել. «Շատ գյուղերում կարող եք տեսնել տներ, որոնք ենթակա են վաճառքի սեփականատերերի կողմից, և բարոյական խոչընդոտ չկա այդ տունն իրացնելու: Մեկ բան է, երբ մարդն է իրացնում իր տունը գյուղում, մեկ այլ բան է, երբ այդ տունը փորձում է իրացնել վարկատու կազմակերպությունը, որը դիտարկվում է` որպես ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցող: Այսինքն, գործնականում որևէ բան իրացնելու հնարավորությունը գյուղում շատ փոքր է, գրեթե զրոյական»:
Այս տարվա սկզբին Արմավիրի մարզի Արազափ գյուղի 182 գյուղացիներ խնդիր էին ունեցել հենց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» հետ և, վարկերը չմարելու պատճառով` գույքն ու հողերը ԴԱՀԿ-ն պետք է աճուրդի հաներ:
Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև խնդիրը հեշտ լուծվող չէ, բայց տնից վտարված գյուղացի չի եղել, նոր ահազանգեր էլ չի ստացել.
«Մի մասը հարթել են խնդիրը, մի մասը դեռ բանակցությունների մեջ են բանկի հետ, մի մասն էլ հողերն են վաճառել»:
Ինչո՞ւ են գյուղացիները մտնում վարկային բեռի տակ՝ աչքի առաջ ունենալով հողերն ու տունը կորցնելու վտանգը, կամ չե՞ն կարողանում լավ հաշվարկել, թե ինչ է իրենց սպասվելու վարկը մարելու ժամանակ:
Ի պատասխան այս հարցի` Սարգիս Սեդրակյանը նշեց, որ գյուղացիները ճարահատյալ են վերցնում այդ գումարը. «Եթե գյուղացու ձեռքը փող չկա, իրեն չի հետաքրքրում, թե ինչ է լինելու հետո: Վարկը վերցնում են ճգնաժամից դուրս գալու համար, հաճախ էլ գումարի մի մասը ծախսում են առօրյա հոգսերը հոգալու համար՝ ալյուր են գնում, երեխաների համար դպրոցական պարագաներ են գնում և այլն, փոխանակ սերմացու ու պարարտանյութ գնեն: Բայց իրենց մեղադրել էլ չի կարելի»: