Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ չէ՞
«Ճիշտ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Փոստանջյանին է նշանակելու խմբակցության ղեկավար»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով 168.am-ի այն հրապարակմանը, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է կուսակցության ղեկավարումը հանձնել Զարուհի Փոստանջյանին:
Ա. Մարտիրոսյանը նշեց նաև. «Տիկին Փոստանջյանի ղեկավարելու կամ չղեկավարելու խնդիր գոյություն չունի, պատգամավորներ են իրենց լիազորություններով, իրենց աշխատաոճով: Այստեղ բացարձակ ղեկավարելու խնդիր գոյություն չունի, որովհետև բոլոր պատգամավորները՝ անկախ նրանից՝ ով է եղել ֆրակցիայի ղեկավար, իրենց ազատությունից ամբողջովին օգտվել են, և ֆրակցիայի ղեկավարն ընդամենը մեզ մոտ համակարգող է եղել, և ոչ, այսպես ասեմ, հարյուրտոկոսանոց՝ վերջնական խոսք ասող անձնավորություն»:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի որոշմանը` դադարեցնել ֆրակցիայի ղեկավարումը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, «Չեմ կարող ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ամբողջին տեղյա՞կ է, թե՞ ոչ, համենայնդեպս, ես իր հետ այս պահին կապ չունեմ: Բայց կարծում եմ՝ տեղյակ կլինի, քանի որ ես ինքս մամուլից եմ տեղեկացել»:
Հարցին, թե հնարավո՞ր է ինքը կրկին դառնա պատգամավոր փոխարինելով խմբակցության անդամներից մեկին, նա պատասխանեց այսպես. «Չեմ կարծում»: