
Ռուբեն Հակոբյանը անակնկալի է բերել «Ժառանգությանը»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում որևէ մեկը տեղյակ չէ, որ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը որոշել է խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել: Ռուբեն Հակոբյանը հաստատել է որոշման մասին լուրերը՝ չնշելով որևէ պատճառ և, ըստ էության, որոշման մասին տեղյակ չպահելով նաև կուսակից ընկերներին, որովհետև Ազգային ժողով է եկել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, թե եկել է պարզելու՝ ի՞նչ է կատարվում խմբակցությունում, ինչո՞ւ է խմբակցության ղեկավարը հրաժարվում պաշտոնից: Խմբակցության աշխատասենյակ եկավ նաև Զարուհի Փոստանջյանը: Բայց երբ լրագրողները նրան հարցրին՝ ի՞նչ է կատարվում իրենց խմբակցությունում, նա պատասխանեց. «Ոչինչ էլ չի կատարվում»:
Իսկ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նախընտրեց չպատասխանել հարցին: Կուսակցության անդամները մի փոքր սպասեցին Ռուբեն Հակոբյանի աշխատասենյակ դիմաց, սակայն նա այդպես էլ չեկավ: Ի դեպ, խմբակցություն էր եկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով նշեց, որ Ռ. Հակոբյանն իր դասընկերն է եղել և ինքը եկել է տեսնելու, թե ինչպես է նա: Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, թե իր համար Ռ. Հակոբյանի որոշումն անակնկալ էր: