Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը Մոսկվայի առաջին հաջողությունն էր. European Policy Centre
«Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ետհաշվարկը գնում է ամբողջ ուժով: Եվրամիությունն իր հարևանության քաղաքականությունը սկսելուց 10 տարի անց և Արևելյան գործընկերության ստեղծումից 4 տարի անց դեռ լիովին վստահ չէ դրա հաջողության մեջ»,- նշված է Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքականության կենտրոնի՝ European Policy Centre-ի հրապարակած վերլուծության մեջ , որում, որպես դրական լուծում՝ դիտարկվում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին փաստաթղթի ստորագրումը, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրի նախաստորագրումը:
«Ամեն դեպքում, իրական խնդիրները կծագեն դրանից հետո: Ուկրաինան պետք է սկսի ծրագրի իրականացումը, որը թանկարժեք և դժվարին գործընթաց է, իսկ Մոլդովան և Վրաստանը, որոնց հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի ոչ շուտ, քան 2014 թ. աշնանը, իսկ մինչ այդ նրանց սպասվում են դժվարին 10 ամիսներ, երբ Ռուսաստանը կփորձի նրանց ստիպել անդամակցել Մաքսային միությանը: Միաժամանակ, ԵՄ-ն զբաղված կլինի ներքին խնդիրներով. եվրոգոտու շարունակվող ճգնաժամը, 2014-ի մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրությունները և ԵՄ նոր ղեկավարության պաշտոնակալությունը: Այդպիսով, գործընկերների հաստատակամությունը դժվարին ճանապարհին, որի նպատակակետը դեռ վերջնականապես սահմանված չէ, և ԵՄ ունակությունը՝ այդ ընթացքում նրանց բավարար չափով աջակցելու՝ թե´ քաղաքականապես, թե´ տնտեսապես, փորձության կենթարկվեն»,- նշում են կենտրոնի վերլուծաբանները:
Եվրոպական փորձագետների կարծիքով՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Բալթյան երկրների անդամության նախապատրաստական շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում էին՝ որպես լակմուսի թուղթ, թե որքանով է Մոսկվան պատրաստ հրաժարվել իր կայսերական նկրտումներից իր մերձավոր սահմանակիցների հանդեպ: Ռուսաստանը տապալեց այդ փորձությունը:
Այժմ էլ, ըստ եվրոպական փորձագետների, Ռուսաստանը վտանգ է տեսնում Արևելյան գործընկերության մեջ՝ ԵՄ-ին մեղադրելով Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող ժողովուրդների հարաբերությունները խափանելու փորձի մեջ: Մոսկվան, վերլուծաբանների կարծիքով, հավանաբար, վտանգ է տեսնում նաև հարևան երկրներում ժողովրդավարության զարգացման առումով, ինչը կարող է փոփոխությունների պահանջ առաջացնել սեփական երկրում: ԵՄ-ին հակադրվելու համար Մոսկվան փորձում է սեփական ինտեգրացիոն նախագիծն առաջ տանել՝ կիրառելով թեթև ուժ և հորդորներ: «Ռուսաստանի մեթոդաբանությունն այս առումով նոր չէ՝ այն կիրառվել է Մերձբալթյան երկրներում և Վրաստանում: Այն կենտրոնացած է առևտրի, անվտանգության, էներգետիկայի և աշխատանքային միգրացիայի վրա»,- գտնում են փորձագետները: «Վերջերս Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումը Մոսկվայի առաջին հաջողությունն էր: Երևանի կախվածությունը Ռուսաստանից՝ անվտանգության և էներգետիկայի հարցերում, Հայաստանին ընտրության քիչ հնարավորություն է թողել»,- նշվում է վերլուծության մեջ:
Կենտրոնի փորձագետները գտնում են, որ Մոսկվայի կողմից հետագա անակնկալներից խուսափելու համար՝ անհրաժեշտ է արագացնել Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որպես եվրաինտեգրման համար դրական գործոն՝ դիտարկվում է մուտքի թույլտվությունների տրամադրման դյուրինացումը: Պետք է ավելացվի նաև գործընկեր երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը:
Սկզբնաղբյուրը՝ European Policy Centre
Թարգմանությունը՝ Գայանե Խաչատրյանի