Բաժիններ՝

ԱՄՆ-ն խուսափեց ճգնաժամից. Ինչի՞ կհանգեցներ դեֆոլտը

ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները մինչ օրս չէին կարողանում համաձայնության գալ, և ԱՄՆ Կոնգրեսը դեռ չէր ընդունել պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:

Քաղաքական ուժերի միջև հակասությունը չէր հարթվել նաև պետական պարտքի շեմը բարձրացնելու խնդրի հետ կապված: Ներկայումս պետպարտքի շեմը սահմանված է 16 տրլն 700 մլրդ ԱՄՆ դոլար: Այս հարցի լուծման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն էր, այլապես ԱՄՆ-ը ստիպված կլիներ տեխնիկական դեֆոլտ հայտարարել: Այս դեպքում ԱՄՆ-ը չէր կարողանա արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավել` եղած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

ԱՄՆ դեֆոլտը աղետալի հետևանքներ կունենար աշխարհի բոլոր երկրների համար, մասնավորապես, այն անկայունություն կառաջացներ արժութային և ֆոնդային շուկաներում և կդանդաղեցներ պետությունների տնտեսական աճը: Այս տեսակետին համակարծիք էր նաև Համաշխարհային բանկի նախագահը:
Մինչ ամբողջ աշխարհը սպասում էր, թե իրադարձություններն ինչպես կզարգանան ԱՄՆ-ում, շատ պետությունների ֆինանսների նախարարներ, փորձագետներ և վերլուծաբաններ, այնուամենայնիվ, միակարծիք էին, որ ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի, բայց միաժամանակ անհանգստությունը պահպանվում էր:

Մեկնաբանելով ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը` «168 Ժամի» հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ խնդիրն անլուծելի չէր և դեֆոլտի վտանգ չկար. «Անցած տարիներին նման իրավիճակները կրկնվում են: Ես հիշում եմ մի քանի նման դեպքեր, բայց ի վերջո կողմերը համաձայնության են գալիս: Կարծում եմ, առաջիկայում խնդիրը կկարգավորվի»: Ըստ նրա` սա ավելի շատ քաղաքական համակարգի, հանրապետականների ու դեմոկրատների տարաձայնությունների խնդիր էր, որը տնտեսության վրա չէր ազդի: «ԱՄՆ բյուջետային ճգնաժամը ոչ մի ազդեցություն չէր ունենա տնտեսական զարգացումների վրա»,- նշեց Բ.Ասատրյանը:
ՀՀ-ում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների և վերջին շրջանում դրամի դիրքերի որոշակի ամրապնդման առումով Բ.Ասատրյանը նշեց, որ 1-2%-ի սահմաններում փոխարժեքի տատանումներն էական չեն. «Տարեվերջին դրամը մի քիչ արժեզրկվում է, արտառոց բան չկա, կշտկվի»:

Կարդացեք նաև

Տնտեսագետ Հայկ Բալանյանի կարծիքով` ԱՄՆ-ում դեֆոլտ հնարավոր չէր: Ամեն դեպքում, եթե դրանից խուսափել չհաջողվեր, ըստ Հ. Բալանյանի, այն կազդեր ողջ աշխարհի վրա, այդ թվում և` Հայաստանի:

«Դեֆոլտը լուրջ հարված կլիներ ԱՄՆ տնտեսության բիզնես ակտիվությանը, ներդնողների պլանների, ԱՄՆ-ի տնտեսության ծավալների, ներկրման, սպառման մասով, ֆինանսական գործարքների վրա, և այլն: Եվ նկատի ունենալով ԱՄՆ-ի դերը համաշխարհային տնտեսության մեջ, անկասկած, այլ երկրները նույնպես կզգային ամերիկյան ճգնաժամի հետևանքները: Այս խոսակցությունները դեֆոլտի մասին և բյուջեի հաստատման հետ կապված քաշքշուկը ներամերիկյան քաղաքական և էլիտային պայքարի հետևանք են, սակայն ինչ-որ պահի, իհարկե, կողմերը գալիս են փոխզիջումների և չեն գնում հետագա առճակատման: Դա ուղղակի ժամանակի խնդիր էր»,- ասաց Հ. Բալանյանը:

«Եթե Միացյալ Նահանգները դեֆոլտի է ենթարկվում, նշանակում է` ամբողջ աշխարհն է դեֆոլտի առջև կանգնում, քանի որ ամբողջ աշխարհը դոլարի վրա է հիմնված և, ըստ էության, միաբևեռ աշխարհ է: Ցանկալի չէ, որ ԱՄՆ-ը դեֆոլտի ենթարկվեր: ԱՄՆ դեֆոլտի ենթարկվելը հղի է լուրջ հետևանքներով գլոբալ տնտեսության համար»,- մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախկին փոխնախարար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Գագիկ Վարդանյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ում պետբյուջեի և պետպարտքի խնդիրների հետ կապված հանրապետականների և դեմոկրատների փոխհամաձայնության ձգձգումը:

Նրա կարծիքով` ԱՄՆ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դեֆոլտ տեղի չունենա. «Ամեն դեպքում, ամբողջ աշխարհի գանձապետարանը ԱՄՆ-ի ձեռքին է»:
Գ. Վարդանյանը նշեց, որ 2008-ի ճգնաժամը Հայաստանը հաղթահարեց, քանի որ ՀՀ ֆինանսաբանկային համակարգը սերտորեն կապված չէ աշխարհի բանկային համակարգերի հետ, և այժմ էլ, եթե ճգնաժամ առաջանար, ՀՀ տնտեսության վրա այն կազդեր, բայց ոչ շատ մեծ չափով:

Ինչևէ: Երեկ օրվա վերջում ԱՄՆ Սենատում դեմոկրատները և հանրապետականները համաձայնության եկան և հայտարարեցին բյուջետային փոխզիջումների մասին: Բարձրացվում է նաև պետական պարտքի գրեթե 17 տրիլիոնանոց «առաստաղը», ինչը կանխում է տեխնիկական դեֆոլտի հնարավորությունը: Կոնգրեսում քվեարկությունից հետո օրինագիծը քննարկելու է ԱՄՆ Սենատը, իսկ ընդունումից հետո այն կստորագրի նախագահ Բարաք Օբաման:

Ենթադրվում է, որ հանրապետականների և դեմոկրատների այս փոխհամաձայնությունը ժամանակավոր բնույթ կկրի, և բյուջետային հակամարտությունը կվերսկսվի մի քանի ամիսների ընթացքում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս