Բաժիններ՝

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ ԱՄՆ բյուջետային ճգնաժամը ոչ մի ազդեցություն չի ունենա տնտեսական զարգացումների վրա

Սպիտակ տունը մերժել է հանրապետականների նախաձեռնությունը՝ ճգնաժամից դուրս գալու հետ կապված: Հանրապետականների մշակած օրինագիծը, ենթադրաբար, թույլ կտար մինչև հունվարի 15-ը վերսկսել պետհիմնարկների ֆինանսավորումը և պետպարտքի առաստաղի խնդիրը լուծել մինչև փետրվարի 7-ը, բայց առաջարկում կետեր կային նաև բուժոլորտում հարկային որոշ խնդիրների հետ կապված, ինչն անընդունելի է համարվել:

Մեկնաբանելով ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը՝ 168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ խնդիրն անլուծելի չէ և դեֆոլտի վտանգ չկա. «Անցած տարիներին նման իրավիճակները կրկնվում են: Ես հիշում եմ մի քանի նման դեպքեր, բայց ի վերջո կողմերը համաձայնության են գալիս: Կարծում եմ, առաջիկայում խնդիրը կկարգավորվի»:

Ըստ նրա՝ սա ավելի շատ քաղաքական համակարգի, հանրապետականների ու դեմոկրատների տարաձայնությունների խնդիր է, որ տնտեսության վրա չի ազդի:

«ԱՄՆ բյուջետային ճգնաժամը ոչ մի ազդեցություն չի ունենա տնտեսական զարգացումների վրա»,- նշեց Բ.Ասատրյանը:

Կարդացեք նաև

ՀՀ-ում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների և վերջին շրջանում դրամի դիրքերի որոշակի ամրապնդման առումով Բ.Ասատրյանը նշեց, որ 1-2%-ի սահմաններում փոխարժեքի տատանումները էական չեն. «Տարեվերջին դրամը մի քիչ արժեզրկվում է, արտառոց բան չկա, կշտկվի»:

Հիշեցնենք, որ հանրապետականների և դեմոկրատների միջև հակասության պատճառով ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի ընդունել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից: Կոնգրեսում համաձայնության չեն գալիս նաև պետական պարտքի շեմը բարձրացնելու հարցի շուրջ, որը սահմանված է 16 տրլն 700 մլրդ ԱՄՆ դոլար: Այս հարցի լուծման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, այլապես ԱՄՆ-ը ստիպված կլինի տեխնիկական դեֆոլտ հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս