Բաժիններ՝

Հայաստանում կիրառվում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ

Երևանի Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: «Այ-ստենտը» ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը նշեց, որ այն ծրագիրը, որն իրենք իրականացնում են կլինիկայում, արդեն շուրջ վեց տարի հանդիսանում  է հայ-ամերիկյան «Լույս հայի աչքերին» ծրագրի մի մասը: «Ցանկանում եմ հասարակության ուշադրությունը գրավել այն կարևոր փաստի վրա, որ մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպում, երբ անտեսվում է»,- ասաց Մալայանը:  Նա տեղեկացրեց, որ դիմել է Առողջապահության նախարարություն, որպեսզի համատեղ առավել արդյունավետ պայքար կազմակերպեն բնակչության շրջանում գլաուկամոյի վաղ հայտնաբերման ուղղությամբ:

«Այ-ստենտի» գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա բազմիցս այցելել է Հայաստան և բազմաթիվ վիրահատություններ իրականացրել:

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Կարդացեք նաև

«Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս, առաջին խոչնդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը»,-  հիվանդությունը ներկայացնելիս` նշեց Ոսկանյանը: Նրա գնահատմամբ` աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը: «Այս միջոցառումը կարծես մասնակիորեն ավարտական լինի, քանի որ ամփոփում է մեր վեց տարվա աշխատանքը դոկտոր Ռիչարդ Լինսդրոմի գալով: Նա համաշխարհային և ամերիկյան ակնաբուժության մեջ առաջնակարգ դեմքերից է, և մենք շատ հպարտ ենք, որ նա ընտրեց հենց մեր կլինիկան և մեր երկիրը»,- նշեց Ոսկանյանը: Նրա խոսքով` «Մալայան կլինիկա» դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ եկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով` զարգացում է ապրում:

«Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում, բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար»,- պարզաբանեց մասնագետը: Նրա հավաստիացմամբ` «Մալայան կլինիկան» և մեր երկիրն առհասարակ առաջիններից էին, որ մասնակցեցին շունտավորման գործընթացին, ինչն այսօր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

«Այսօր ժամանել եմ Հայաստան` խորհրդակցելու Լիլիթ Ոսկանյանի հետ «Այ-ստենտի» կիրառման վերաբերյալ: Հայաստան եկել եմ Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերներիս հետ, այցելել ենք ակնաբուժական կենտրոն, հիացած ենք հիմնարկության հարմարություններով և զինվածությամբ, վիրաբուժական մեթոդներով»,- նշեց ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը` հավելելով, որ իրենք անպայման կկիրառեն այն նոր մեթոդները, գաղափարները, որոնք արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են Հայաստանում:

Նա նաև շեշտեց, որ այս օրերին իրենք հնարավորություն են ունեցել ճանապարհորդել Հայաստանով` տեսնելով նրա հրաշալի և գեղեցիկ վայրերը:

Ավստրալիայից ժամանած գլաուկոմայի փորձագետ, վիրաբույժ Իլեշ Պատելը նշեց, որ իր վրա ևս մեծ տպավորություն են թողել Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի վերազինվածությունն ու սարքավորումները: «Ես հիացած եմ այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է դոկտոր Ոսկանյանը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Կարծում եմ, Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են այլ ոլորտների վրա»,- հավելեց վիրաբույժը:  

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի «Ջուլս Շտեյն աչքի ինստիտուտի» պրոֆեսոր Ջոն Հովհաննիսյանի խոսքով` վերջին երկու տասնամյակում իրենց հիմնական նպատակն եղել է աշխարհի լավագույն ակնաբույժներին, մասնագետներին Հայաստան բերելը, որպեսզի նրանք աչքի լույս պարգևեն հայ ժողովրդին:

«Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար  մասնագետների հետ, մեզ համար մեծ պատիվ է նաև Մալայանի ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանսագետների գնահատմամբ` «Այ-ստենտ»ի գործարկումն այնքան հեղափոխական է և կարևոր, որ սարքի աշխատանքներին ծանոթանալու համար հատուկ այցով Հայաստան է ժամանել Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը, ով ԱՄՆ-ում և աշխարհում եղջերաթաղանթի, կատարակտի, ռեֆրակտիվ և լազերային վիրաբուժության ոլորտներում առաջատար մասնագետներից է: Բժիշկ Լինսդրոմը ԱՄՆ և համաշխարհային  ակնաբուժության բնագավառում կարծիք ձևավորող փորձագետներից է, և այս պարագայում չափազանց կարևոր է, որ նա հետաքրքված է «Այ-ստենտի» օգտագործման վերաբերյալ խորհրդակցել հայաստանցի մասնագետի հետ:

2010 թվականի տվյալներով` համաշխարհային առողջապահության համար գլաուկոման ստեղծում է լուրջ կլինիկական խնդիրներ և առաջ է բերում նշանակալի ֆինանսական բեռ՝ անդրադառնալով ավելի քան 60.5 մլն մարդու տեսողության վրա: Կանխատեսվում է, որ 2020 թ. գլաուկոմայով հիվանդների թիվը կհասնի շուրջ 80 միլիոնի: Այս հիվանդությամբ տառապող մարդկանց 74 տոկոսը կունենա բաց անկյունով գլաուկոմա, որը կուրության հասցնող երկրորդ պատճառն է: Տվյալ իրավիճակը ֆինանսապես արդյունավետ լուծումներ գտնելու պահանջ է ստեղծել, լուծումներ, որոնք արդյունավետ կլինեն նաև ֆիզիոլոգիական, կլինիկական և հիվանդների սպասարկման առումով: «Այ-ստենտը» միտված է նշված խնդիրները կարգավորելուն, ինչպես նաև թերապևտիկ և վիրահատական որոշակի սահմանափակումներ վերացնելուն: «Այ-ստենտի» անվտանգությունը հաստատվել է բազմաթիվ երկրներում կատարված բազմակի փորձարկումների ժամանակ:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` աչքի ու դրա հավելյալ ապարատի հիվանդություններով գրանցված բնակչության թիվը Հայաստանում 2004-2011 թթ. ընթացքում աճել է 2.5 անգամ, 2011թ. կազմելով 3,272 մարդ` 100,000 բնակչի հաշվով (կամ ընդհանուր առմամբ` շուրջ 88 հազար մարդ): Նույն աղբյուրի համաձայն` 2011թ. դրությամբ 7,458 մարդ գրանցված է եղել գլաուկոմա հիվանդությամբ, ըստ որում՝ գլաուկոմայի գրանցված դեպքերի թիվը 2004-2011 թթ. աճել է շուրջ 2 անգամ: ՀԱՆ ակնաբույժները 2003-2011թթ. ՀՀ բնակչության շրջանում գրանցել են գլաուկոմայի 6 հազար 401 դեպք, որից  3 հազար 412-ը կամ շուրջ կեսը ՀԱՆ կողմից ախտորոշվել են առաջին անգամ:

«Այ-ստենտի» կիրառման կարևորությունն այն է, որ այն կարող է Հայաստանը որպես մոդել և գերազանցության կենտրոն դարձնել ամբողջ աշխարհում: Հայաստանում արդեն շուրջ 2,300 հիվանդի տեղադրվել է «Այ-ստենտը»՝ ընդհանուր առմամբ շուրջ 5000 սարք:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ցուցադրվեցին «Այ-ստենտի» գործարկման մասին տեսանյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս