ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարող է մեղադրանք առաջադրել Ռաուլ Կաստրոյի դեմ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարող է չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, մեղադրանք առաջադրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ՝ 1996 թվականին երկու ամերիկյան ինքնաթիռների կործանման համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հաղորդել է New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Կաստրոյի գերեվարման հնարավորությունը վենեսուելական սցենարով։
«Նախագահ Դոնալդ Թրամփի Արդարադատության նախարարությունը, ինչպես սպասվում է, չորեքշաբթի օրը մեղադրանք կառաջադրի Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին դեմ»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դա կարող է տեղի ունենալ Մայամիում 1996 թվականի միջադեպի զոհերի հիշատակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
1996 թվականի փետրվարին կուբայական կործանիչները ոչնչացրին Մայամիում կուբացի աքսորյալների կողմից հիմնադրված «Փրկության եղբայրներ» իրավապաշտպան կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ։ Կուբայի զինված ուժերը այդ ժամանակ գլխավորում էր Ռաուլ Կաստրոն։ Միջադեպի արդյունքում զոհվել են անձնակազմի չորս անդամներ։

