Սոցիալական ընդվզման սպասումով
Հայաստանի շուրջ 1750 տնտեսվարողներ պետք է պատրաստվեն նոր ծախսերի, որպեսզի մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը ձեռք բերեն և տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումները, որոնք իրենց «գերժամանակակից» ունակությունների պատճառով աստղաբաշխական գին ունեն՝ 369.600 ՀՀ դրամ: Մնացած գործող ընկերությունները սարքերը պետք է տեղադրեն 2014 թ. հուլիսի 1-ից: ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ դրանք մոտ 19.700 տնտեսվարող սուբյեկտներ են:
Նախկինում հայտարարվել էր, որ սարքավորումները կարժենան 180 հազար դրամ, հետո կառավարությունը փոխեց մտադրությունը և սահմանեց գրեթե կրկնակի գին: Գնի կրկնակի թանկացումը պաշտոնյաները բացատրում էին տեխնիկական այլևայլ առավելություններով, բայց, հիշեցնենք, այս սարքավորման առաջնային գործառույթը գործարքների տվյալներն առցանց ձևով ՊԵԿ-ին փոխանցելն է: Մենք համացանցում փոքրիկ շրջայց կատարեցինք ռուսական ու ուկրաինական էլեկտրոնային խանութներում, որտեղ համանման սարքավորումների գները տատանվում են 33 հազար դրամից մինչև 59 հազար դրամի սահմաններում: Տարբերությունն ահռելի է, և որքան էլ մեր սարքավորումները հագեցած լինեն զանազան այլ գերժամանակակից հնարավորություններով, համապատասխանեն ծրագրային ապահովվածության բարձր պահանջներին, տնտեսվարողների համար այս տարբերությունը չափազանց զգալի է ու կարելի է, թերևս, համեմատել փոխադրամիջոցի հետ՝ «պրակտիկ ու էժան» կամ «շքեղ ու թանկարժեք»: Այս դեպքում մեր կառավարությունն ընտրել է «շքեղ ու թանկարժեք» տարբերակը:
Ընդ որում՝ հուլիսի 1-ից 500 միլիոն դրամ և ավելի իրացում ունեցող կազմակերպությունների համար ՀԴՄ-ների այս առավելագույն գինը սահմանելով՝ կառավարությունը հայտարարել էր, թե դա թույլ կտա հետագայում ՓՄՁ-ների համար սարքերի գինը վերանայել ու ավելի ցածր գնով տրամադրել: Սակայն մեր հարցադրմանը՝ սարքավորման գինը փոփոխվելո՞ւ է, եթե՝ այո, ապա՝ ե՞րբ, ո՞ւմ համար և ինչպե՞ս, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ նոր սերնդի ՀԴՄ-ների՝ ավելի ցածր գնով օտարում նախատեսվում է միայն 2014 թվականի հուլիսի 1-ից, այդ ժամանակ էլ կսահմանվի ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին:
Այսինքն, մինչև նոյեմբերի 1-ը ՀԴՄ-ներն իրացվելու են արդեն սահմանված առավելագույն՝ 369.600 ՀՀ դրամ գնով, որը նախապես սահմանվել էր բացառապես խոշոր տնտեսվարողների համար: Նկատենք, որ նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ-ով պարտավոր են աշխատել բոլոր ԱԱՀ վճարող և ԱԱՀ չվճարող, կամ 10 մլն և ավելի դրամ մաքսային արժեքով ապրանքներ ներմուծած տնտեսվարողները: Այսինքն, այս կարգավիճակում են հայտնվում շատ տնտեսվարողներ, որոնք բավականին փոքր են:
Ըստ ՊԵԿ-ի՝ որպես կանոն, միևնույն վայրում (հասցեում) տարբեր տեսակի գործունեություն իրականացնելու դեպքերում կարող է կիրառվել մեկ ՀԴՄ: Քաղաքի տարբեր վայրերում գործունեություն իրականացնելու դեպքերում անհնարին է կիրառել 1 ՀԴՄ, քանի որ յուրաքանչյուր վայրում իրականացված գործարքի դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտով ցանկացած վճարման դեպքում վճարումը պետք է արձանագրվի ՀԴՄ-ով:
Քաղաքի տարբեր վայրերում առևտրի փոքր կետերը խոշոր բիզնես անվանել չի կարելի: Իսկ միջին ու փոքր բիզնեսի համար մի քանի ՀԴՄ սարքի համար վճարել այդ աստղաբաշխական գումարը՝ հավասարազոր է սնանկացման: Ու եթե, ասենք, տնտեսվարողը ձեռք բերի սարք, որոշ ժամանակ հետո ստիպված լինի դադարեցնել գործունեությունը, այդ ՀԴՄ սարքավորման գինը նա չի կարողանա վերադարձնել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հետ վերցնի այդ սարքը, կամ ինչպե՞ս կարող է ձեռնարկատերն իրացնել այն, ՊԵԿ-ից պատասխանեցին, թե «ձեռք բերված ՀԴՄ-ն տնտեսվարող սուբյեկտի սեփականությունն է և կարող է տնօրինվել նրա կողմից ցանկացած ձևով (իրացվել կամ այլ ձևով օտարվել, կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել այլ անձի): ՊՈԱԿ-ն իրականացնում, կազմակերպում է ՀՀ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող ՀԴՄ-ների ներդրումը և լիազորված չէ ՀՀ տարածքում ձեռք բերել օգտագործված ՀԴՄ-ներ ու կազմակերպել դրանց հետագա օտարումը»: Հասկանալի է, որ սահմանված ժամկետից հետո, երբ բոլոր տնտեսվարողները ձեռք բերեն սարքերը, «խաղից դուրս մնացած» տնտեսվարողն այլևս գնորդ չի գտնի՝ իր համար բեռ ու, հնարավոր է, սնանկացման պատճառ դարձած ՀԴՄ-ն վաճառելու համար: Պահանջարկ չի լինի: Կամ էլ կառավարությունը կարող է մի նոր որոշում ընդունել ու մի նոր սարքավորում սկսել ներդնել:
168.am-ը ՊԵԿ-ից նաև հետաքրքրվեց, թե վտանգ չեն տեսնո՞ւմ, որ ՓՄՁ-ները չեն կարողանա ձեռք բերել այդ սարքերը, և դիտարկվե՞լ է արդյոք ՓՄՁ-ներին սարքավորումը տրամադրելու լիզինգային կամ վարձակալության տարբերակ, ինչը կմեղմեր իրավիճակը: Մեզ պատասխանեցին, թե նախորդ տարվա տվյալներով՝ 500 միլիոն դրամ և ավելի գումարով իրացման շրջանառություն ունեցողներին և ԱԱՀ վճարողներին իրացվող ՀԴՄ-ների գինը սահմանվել է բարձր այն նպատակով, որ ՓՄՁ-ներին ՀԴՄ-ներն իրացվեն ցածր գնով, և ՓՄՁ-ի օժանդակության այլ ձևերը նույնպես կարող են քննարկման առարկա դառնալ:
Մեզ հետ զրույցում տնտեսվարողները պնդում էին, որ արդեն նոյեմբերի 1-ից այս պարտավորության տակ ընկնող, բայց 2-3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները չեն կարող միանգամից 369 հազար դրամ տրամադրել ՝ ՀԴՄ սարքեր ձեռք բերելու համար: «Դեռ թարմ է, աղմուկ չկա, բայց սա սոցիալական ընդվզում կառաջացնի»,- զգուշացնում են տնտեսվարողները: