
Հայ բանագնացներն անգամ չեն կարդացել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը. Գլազև

Ռուսական Комсомольская правда թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի խորհրդական, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախագծի հայկական տեքստում պարունակվում են զարմանալի մարգարիտներ.
«Օրինակ, խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը պարտավորվում է կատարել ԵՄ-ի հրահանգները ծովային ձկնորսության ոլորտում, ԵՄ-ի հետ սահմանային առևտրում` թեև Հայաստանը չունի ելք դեպի ծով, ԵՄ-ի հետ սահմաններ նույնպես չունի, և այլն: Այսինքն, այն մարդիկ, որոնք հայկական կողմից պատասխանատու են եղել բանակցությունների համար, անգամ չեն կարդացել տեքստը:
Եթե Հայաստանը ստորագրեր փաստաթուղթը, ապա կզրկվեր իր ինքնիշխանությունից այն նույն ոլորտներում, ինչպես որ Ուկրաինայի պարագայում է, և փաստացիորեն կզրկվեր Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցելու հնարավորությունից, հարկադրված կլիներ դուրս գալ արտոնյալ տնտեսական փոխգործակցության մեր կառույցներից»: