Բաժիններ՝

Ինչո՞ւ չհաջողվեց հուզել արքայազն Չարլզին

«Ձեր մտերիմները կփորձեն Ձեզ համոզել, որ բրիտանական ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են, աշխատատեղեր են ստեղծում, և այլն: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են` այլ ոլորտների զարգացման պարագայում ստեղծվելիք տնտեսական շղթաների ու դրանց բազմապատկիչ էֆեկտի հետ համեմատած: Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի, ընդամենը 3 տոկոսը»:

Սա մի հատված էր` Ուելսի իշխան, արքայազն Չարլզին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ուղղված բաց նամակից։ Նամակը գրվել էր այս տարվա մայիսի վերջին, երբ արքայազն Չարլզը Հայաստան էր այցելել։ Իսկ նամակի բուն նպատակը բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնել» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կանխելն էր։ «Ձերդ մեծություն, խնդրում ենք Ձեզ, որպես բնության պահպանության ջատագով, զերծ մնալ Ամուլսարի հանքի հետ կապված որևէ գործողությունից, որը պիտի հաստատի առկա նախագիծը և իրականություն դարձնի վերը նշված վտանգները: Միևնույն ժամանակ, խնդրում ենք, ազդեցության Ձեր սահմաններում` միջամտել բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագրի հարցում և կանխել այն` միևնույն ժամանակ խթանելով բրիտանական ներդրումները Հայաստանում կանաչ տնտեսության մեջ»,- ասվում էր նամակի վերջում:

Ինչո՞ւ հիշեցինք այս նամակը։ Որովհետև Թեղուտի համար պայքարող բնապահպան ակտիվիստներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի դիմաց և երթ կազմակերպել։ «Այսպես շարունակել այլևս չի կարելի: Եթե հանքը շահագործվի, ապա Թեղուտում գոյացած պոչամբարի հետևանքով, այդ տարածքում 10.000 տարի այլևս ոչինչ չի աճի, և մի քանի տարի անց Թեղուտ գյուղը, որպես այդպիսին, գոյություն չի ունենա: Օր առաջ անհրաժեշտ է դուրս գալ պայքարի գիշատիչ հանքարդյունաբերողների դեմ»,- շեշտում են բնապահպաններն իրենց հայտարարության մեջ և կոչ անում` միանալ իրենց: Ըստ որոշ լուրերի՝ ակտիվիստները ցանկանում են նաև «ձեռքի հետ» բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի հարևանությամբ գտնվող Բրիտանական դեսպանատան դիմաց՝ Ամուլսարի խնդրով։ Ընդհանրապես, Փակ շուկայի ակտուալությունը կարծես կամաց-կամաց թուլանում է, և ակտիվիստների հիմնական ուշադրությունը սկսում է կենտրոնանալ հին ու բարի հանքերի թեմայի վրա։ Թեղուտի դեպքում ակտիվության վերածնունդը փոքր-ինչ անհասկանալի է, որովհետև Թեղուտի անտառն արդեն հատված է, ծառերը փրկել չի հաջողվել, արդյունահանումն էլ մտնում է ընթացքի մեջ։ Ամուլսարի դեպքում՝ դեռ ամեն ինչ առջևում է։ Այստեղ ծառեր չկան, սակայն բնապահպանների կարծիքով` կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, և հանքի շահագործումը վտանգի տակ կդնի վայրի բնությունը։ Բացի այդ, ըստ բնապահպանների, հանքավայրը նաև գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում, որը պաշտպանված է օրենքով, և որևէ տնտեսական գործունեություն լճի ավազանում չի թույլատրվում: Ամենամեծ վտանգը Սևանա լճին կարող է տեղի ունենալ երկրաշարժի կամ մարդածին վթարի դեպքում, եթե թունավոր նյութերն արտահոսեն դեպի լիճ: Այս բոլոր վտանգների մասին բնապահանները տեղեկացրել էին արքայազնին՝ իրենց նամակով։ Վտանգներն էլ իսկական հոլիվուդյան սարսափ ֆիլմ են հիշեցնում։

Սակայն պարզվում է, այդ վտանգներն արքայազն Չարլզին ամենևին չեն հուզել կամ անհանգստացրել։ Ավելին՝ հակառակ ազդեցություն են ունեցել։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գովերգեց Ամուլսարի նախագիծը` ասելով. «Կարծում ենք, որ այդ նախագիծը մեծ օգուտներ կապահովի Հայաստանի համար»։ Նա նաև ավելացրեց, որ Ամուլսարի նախագիծը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի և լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի Հայաստանի համար, այլև արևմտյան այլ ընկերություններին ցույց կտա, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ միջազգային չափանիշներով գործող ընկերությունները կարող են հաջողությամբ աշխատել։

Ինչպես երևում է, մայիսին արքայազն Չարլզին ուղղված բաց նամակը ցանկալի արդյունք չի տվել, չի հաջողվել արթնացնել նրա խիղճն ու ստիպվել խոր անհանգստությամբ համակվել հայ ժողովրդի անվտանգության ու առողջության մասին և մյուսներին էլ համակել այդ զգացումներով։

Իսկ ինչո՞ւ։ Ճշգրիտ պատասխանելն, իհարկե, անհնար է, սակայն կարելի է ենթադրել։ Հաշվի առնելով, որ արքայազն Չարլզն ուսյալ մարդ է՝ չի կարելի բացառել, որ նա ծանոթանում է նաև այլ հրապարակումների (ի տարբերություն Հայաստանի` աշխարհի շատ երկրներում արվում են նաև հակառակ բնույթի վերլուծություններ)։ Ու չի կարելի մտածել, որ արքայազնն առաջնորդվում է միայն իր «մտերիմների խոսքերով» (ինչպես նշվում էր նամակի մեջ)։ Միգուցե նա կարդում է, օրինակ, Mining Weekly, ծանոթանում դրանում տեղ գտած՝ AngloGold Ashanti ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Քուֆիանիի բերած փաստարկներին: Վերջինս ասում է, որ հանքարդյունաբերությունն ու դրան փոխկապակցված ճյուղերն ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 45%-ը: Միևնույն ժամանակ` հանքարդյունաբերության նպատակով օգտագործվում է երկրագնդի մակերևույթի 1%-ը և ջրային պաշարների 1%-ը: Իսկ կարբոնային գազերի ընդամենը 3%-ն է բաժին ընկնում այս ոլորտին: «Հանքարդյունաբերությունն ամենակարևոր ճյուղն է, որը շատ մարդիկ չեն գնահատում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ իրենք ոչ թե վնասաբեր ճյուղ են, այլ զարգացմանը նպաստող։ Իհարկե, կարելի է այս մարդու դիրքորոշումը համարել կողմնակալ։ Սակայն կա մի կետ, որը շեշտում է ոչ միայն նա, այլև շատերը։ Դա այն է, որ հանքարդյունաբերության ճիշտ կազմակերպման և դրա արդյունքում ապահովվող զարգացման շնորհիվ` բնությանը ոչ թե վնաս է հասցվում, այլ հակառակը՝ օգուտ։ Այդ թեմայով ամենաթարմ վերլուծություններից մեկը (վերնագրված` «Մեծ ու փոքր բոլոր արարածները») օրերս հրապարակվել էր «The Economist»-ում (չի բացառվում, որ արքայազն Չարլզն ու մյուսները ծանոթ լինեն «The Economist»-ին)։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ բնապահպանության և տնտեսական զարգացման համատեղումը կարող է դրական արդյունք տալ։ Ապացուցվում է, որ տնտեսական աճի, տեխնոլոգիական զարգացման պայմաններում կառավարությունները կարող են շատ ավելի արդյունավետ գործել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում՝ ոչ միայն նվազագույնի հասցնելով բնությանը պատճառված վնասը, այլև շտկել նաև նախկինում մարդու կողմից բնության հանդեպ թույլ տրված սխալները։

Այսինքն՝ կեսկատակ հնչող այն արտահայտությունը, թե բնապահպանությունը «հարուստի զբաղմունք» է, իրականությունից հեռու չէ։ Պարզապես պետք է դրան նայել հակառակ կողմից՝ այն իմաստով, որ աղքատության պայմաններում բնապահպանության մասին մտածելը միամտություն է։ Ահա այսպիսի կարծիքներ էլ են հնչում, ընդ որում, բավականին հիմնավորված։ Իսկ մենք խոսում ենք «արնահոսող վերքերից» և «գիշատիչ հանքարդյունաբերողներից»։ Ինչ խոսք, դա միգուցե ազդեցիկ է հնչում լսարանի համար։ Սակայն, եթե այդ վերքային հատվածն անդամահատվի, աշխատանքից զրկված մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդկանց համար դա կլինի ամենագիշատիչ քայլը։ Կոնկրետ Հայաստանի համար, նշենք, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, առանց որի ապահովված եկամուտների` այսօր զարգացման մասին խոսելը միամտություն կլինի։ Նախ, հանքարդյունաբերությունն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի ոչ թե 3%-ը, ինչպես նշվում է հոդվածի սկզբում մեջբերված հատվածում, այլ շուրջ 10%-ը։ Երկրորդ՝ գրեթե նույն համամասնությամբ հանքարդյունաբերության ոլորտի և դրա հետ փոխկապակցված ընկերությունները ապահովում են ՀՀ հարկային մուտքերը։ Օրինակ՝ 2012 թվականի տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 31.6 միլիարդ դրամի հարկեր, «Դինո Գոլդը»` 7.1 միլիարդ, «Գեո Պրո Մայնինգը»՝ 5 միլիարդ, և այլն։ Երրորդ՝ ոլորտում աշխատում են 10.000-ից ավելի գրանցված աշխատողներ։ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2012 թվականին Զանգեզուրն ունեցել է 3294 աշխատող, «Դինո Գոլդն» ու Թեղուտը՝ ավելի քան 1000, և այլն։ Սրանք փաստեր են, որոնց հետ հաշվի չնստել չի կարելի։ Բարդ հաշվարկներ անել պետք չէ, ուղղակի պետք է թեկուզ մտովի մի պահ պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի ՀՀ տնտեսությունը` առանց այս ոլորտի` Այն, որ հանքարդյունաբերությունն ամենացանկալի ճյուղը չէ, որը պետք է զարգացնել, նորություն չէ։ Իհարկե, շատ ավելի ցանկալի է ունենալ տուրիզմի կամ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։ Սակայն՝ քարոզել հանքարդյունաբերության ոլորտի ամբողջական և անմիջական «արգելափակում», այն դեպքում, երբ երկրիդ տնտեսությունը մեկ ոտքով հենված է այս ոլորտի վրա, սխալ է։ Թերևս, ավելի ճիշտ կլիներ, եթե մեր բնապահպանները հանքերի դեմ «չորով» պայքարելու կամ դրանց տերերին գաղութարարներ ու թալանչիներ անվանելու փոխարեն` փորձեին այլ ուղիներ փնտրել։ Ճնշում բանեցնեին կառավարության վրա, որ բնապահպանական պահանջների կատարման հարցում ավելի հետևողական լինի, կամ «պարտադրել» ընկերություններին` կտրված մեկ ծառի փոխարեն` հարյուրը տնկել… Մի խոսքով՝ փորձեին ոչ թե ոչնչացնել հանքարդյունաբերությունը, այլ այն ծառայեցնեին բնապահպանության շահերին։ Դա անհնար չէ, պարզապես ցանկություն է պետք։

«168 Ժամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս