Գնում եմ Վահե Ղազարյանից պատասխան ստանալու. Սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։ Նրա արձանագրմամբ, երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում, Սարդարապատ պարգևած եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բագրատ սրբազանի գլխավորությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տերունական աղոթքով մեկնարկել է հավաքը։ Նախօրեին սրբազանը հայտարարել էր, որ այսօր անելիք ունեն և քիչ առաջ պարզ դարձավ, որ այդ անելիքը քայլերթով ՆԳՆ գնալն է։
«Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պահանջեմ ու բացատրություն ստանամ ամբողջ գործածի համար, ինչպես նաև հարցադրում անեմ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն են հրաման տալիս։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամից պատասխան ստանալու։… Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը։
Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է։ Բագրատ սրբազանը հավելեց, որ այժմ ինքը շարժվելու է դեպի ՆԳՆ, իսկ ցանկացողները կարող են իր հետ գնալ։ Նրա կոչին միանալ այսօրվա անելիքին կրկին արձագանքել են հազարավոր քաղաքացիներ, որոնք քայլերթը դեպի ՆԳՆ արդեն մեկնարկել է։