Պտղունքի միջնակարգ դպրոցի քարերը թափվում են. 60 աշակերտ արդեն դպրոցը փոխել է

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի ամենահրատապ խնդիրը գյուղի միակ միջնակարգ դպրոցն է: Այն վթարային է, քարերը թափվում են, տանիքը` կաթում, պատուհանները ջարդված են, ու դպրոց մտնողը մտածում է ոչ թե դասերի, այլ անվտանգության մասին: Գյուղի միջնակարգ դպրոցում այսօր սովորում է 140 երեխա: «Եթե պայմանները լավը լինեն, առաջադիմությունն ավելի բարձր կլինի»,- ասում են ուսուցիչները` հավելելով, որ այս պայմաններում էլ կարողանում են երեխաներին կրթել, ու շատերը դպրոցն ավարտելուց հետո Երևանում են ուսումը շարունակում:

Դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը սարսափով է սպասում անձրևների մեկնարկին ու ձմռան գալուն: «Ձյունն ու անձրևը տանիքներից կաթում է, պատերին ջրի հետքերն անգամ ամռանը չեն չորանում: Դպրոցում խոնավության հոտից նստել չի լինում: Պատուհաններն էլ սարսափելի վիճակում են` կեսը ջարդված են, կեսին էլ ցելոֆան ենք կպցնում, բայց դե ցելոֆանն ի՞նչ օգուտ պետք է տա»,- ասում են ուսուցիչներն ու ավելացնում, որ այդ պայմաններում էլ չեն ցանկանում դպրոցը լքել, ու իրենց մասնագիտական և մարդկային պարտքն են կատարում:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո դպրոցում սոլյարկա են վառում: Յուրաքանչյուր դասարանին` 2 լիտր: Աշակերտները երազում են կենտրոնական ջեռուցման մասին, որ դասերը վերարկու հագած չանցկացնեն ու փայտացած մատներով գրավոր աշխատանք չգրեն:

Ptxunq (3)

Կարդացեք նաև

Ptxunq (1)

«Երկու լիտրը բավականացնում է առաջին երկու ժամերին, որ սենյակը գոնե մի թեթև գոլ ընկնի, մնացած 4-5 ժամերը երեխաները դողացելով են դասն անցկացնում: Նոյեմբերից սկսած դպրոցում առողջ երեխա չեք գտնի, բոլորը հիվանդ են ու մինչև մարտ ամիս չեն լավանում»,- դժգոհում են ծնողները: Ծնողներին մտահոգում է նաև այն փաստը, որ դպրոցի քարերը թափվում են, ու նրանք չեն բացառում, որ ուժեղ քամիների կամ թեթև երկրաշարժի ժամանակ դպրոցն ավերածություններից չի ազատվի: Պտղունքի գյուղապետ Հարթենյան Կարապետի խոսքերով՝ դպրոցի վիճակի մասին տեղյակ են թե՛ մարզպետարանում, թե՛ կառավարությունում: Եկել են, տեսել են ու խոստացել, որ միջոցներ կգտնեն դպրոցի նորոգման համար: Հարցի կարգավորումը խոստման մակարդակից դեռ իրական գործողության չի վերածվել, ու գյուղապետը խորհուրդ է տալիս այդ հարցով շտապել: Խոսքը վերաբերում է 140 աշակերտի և մի քանի տասնյակ ուսուցչի կյանքին ու առողջությանը:

«Այս ընթացքում արդեն 60 երեխա դուրս է եկել դպրոցից և Մուսալեռի, Զվարթնոցի կամ Էջմիածնի դպրոցն է ընդունվել: Պատճառը բոլորի համար էլ պարզ է, դպրոցի վիճակն է, եթե էս վիճակը շարունակվի, ապա դպրոցից դուրս եկող աշակերտների թիվն ավելի մեծ կլինի: Շտապել է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պտղունքի գյուղապետը:

Տեսանյութեր

Լրահոս