INET 2013. Հայաստանում ինտերնետի թափանցումը 56.9% է (տեսանյութ)
Այսօր Երևանում մեկնարկեց «ԻՆԵՏ Հայաստան» երկօրյա կոնֆերանսը, որի ժամանակ քննարկվում էին անվտանգ ինտերնետի, էլեկտրոնային բովանդակության ավելացման, մեսրոպատառ դոմեն ունենալու անհրաժեշտության մասին հարցեր: Կոնֆերասի ժամանակ առաջին անգամ ներկայացվեցին նաև «Ինտերնետ ներթափանցումը Հայաստանում» սոցհարցման արդյունքները:
Հարցումը կատարվել է «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի պատվերով և ներկայացնում է Հայաստանում ինտերնետի թափանցումն ու կիրառումը, ինտերնետ օգտագործողների բաշխումն ըստ մարզերի, տարիքի, սեռի, նախասիրությունների և այլն: Հետազոտություններն իրականացվել են հարցաթերթիկի լրացման միջոցով 2012թ. դեկտեմբերից 2013թ. մարտ ընկած ժամանակահատվածում:
Hետազոտության միջոցով բացահայտել և փաստել են ՀՀ-ում ինտերնետի թափանցման և կիրառման չափերն ու ծավալը. Երևան քաղաքի 12 վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն) 1065 բնակիչներ և 10-ը մարզերի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ)` 455 բնակիչներ:
Ըստ ուսումնասիրության՝ ինտերնետի թափանցումը Հայաստանի հանրապետությունում 56.9% է: Երևանում այդ թիվը 60.5% է, իսկ մարզերում` 48.0 %: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում հարցվել է 1474 մարդ, որից` 1055-ը`Երևանում, իսկ 419-ը մարզերում:
Ինետրնետի թափանցումը, ըստ տարիքային խմբերի, հետևյալն է`մինչև 18 տարեկան 43.8%, 18-22 տարեկան` 52.2%, 23-30 տարեկան` 60%, ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 31-45 տարեկանների շրջանում,այն կազմում է 67.1%, 46-60 տարեկաններինը` 53.5%, 61-ից բարձրը` 41.2%:
Ինտերնետի թափանցումն, ըստ սեռի՝ հետևյալ պատկերն ունի. արական` 59.8%, իգական` 53.5%:
168.am-ի հետ զրույցում «Ինտերնետ հանրություն» հ/կ նախագահ Իգոր Մկրտումյանն ասաց, որ իրենք փորձում ենք գտնել, թե որոնք են պատճառները, որ Հայաստանում ինտերնետ թափանցումը չի հասնում 100%-ի:
«Իհարկե, շատ գործ կա կատարելու, սակայն բավականին բարձր է տոկոսը, այս համահայկական հարցման արդյունքները մի քիչ անսպասելի էին մեզ համար, բայց շատ հաճելի է տեսնել, որ Հայաստանում ինտերնետը զարգացած է»,- ասաց Ի. Մկրտումյանը` նշելով, որ ստացվում է, որ մայրաքաղաքի և մարզերի միջև ինտերնետի թափանցման առումով ճեղքվածք չկա:
«Իհարկե, տարբերությունը բավական մեծ է, սակայն դա չի կարող նշանակել թվային ճեղքվածք»,- ասաց Ի.Մկրտումյանը:
Տեղեկացնենք, որ միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այն կշարունակվի նաև վաղը` Անի պլազա հյուրանոցում:
«Ինտերնետ ներթափանցումը Հայաստանում» սոցհարցման արդյունքներն ամբողջական տեսքով կարող եք ծանոթանալ www.isoc.am կայքում:
Մանրամասները` տեսանյութում: